Տավուշի զինկոմ Լեռնիկ Օհանյանի նկատմամբ ավտոգազալցակայանում ծեծի ենթարկելու դեպքը կապ չունի նրա ծառայողական գործունեության հետ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։
Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Տավուշ բնակավայրի 1-ին փողոցի 71 հասցեում գործող ավտոգազալցակայանում գազ լիցքավորելու հերթի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Լ․ Օհանյանի և Տավուշի մարզի բնակիչներ 43-ամյա Գոռ Աթոյանի ու 33-ամյա Վարդան Եսայանի միջև, որի ժամանակ էլ վերջիններս ծեծի են ենթարկել Լ․ Օհանյանին։
ՀՀ քննչական կոմիտեից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեցին, որ Լ․ Օհանյանի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքի առթիվ նախաձեռնված է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերի և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը և մի խումբ անձանց կողմից խուլիգանությունը, Լեռնիկ Օհանյանը վարույթով ճանաչվել է տուժող։
«Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ տեղի ունեցածը պայմանավորված չէ նրա ծառայողական գործունեությամբ։ Բերդ համայնքի Տավուշ բնակավայրում գործող գազալցակայանում հերթի պահպանման հարցի շուրջ առաջացած վեճի արդյունքում Լ․ Օհանյանը երկու անձի կողմից ենթարկվել է բռնության»,- նշեցին ՔԿ-ից՝ հավելելով, որ տվյալ անձինք ձերբակալվել են հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով։ Նրանց մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և 12-րդ կետերով և 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։ Դատարանի որոշմամբ նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը՝ երկու ամիս ժամկետով, մյուսի նկատմամբ՝ տնային կալանքը։ ՔԿ փոխանցմամբ՝ նախաքննությունը շարունակվում է, վարութային և ապացուցողական գործողություններ են կատարվում դեպքի ամբողջական հանգամանքները պարզելու նպատակով։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։