Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդանիշների եւ միֆերի կարեւորությունը

Ապրիլ 26,2023 17:00

Ինչո՞ւ է իշխանությունը պայքարում դրանց դեմ

1945 թվականի հունիսի 24-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում ռազմական շքերթ էր: Այդ միջոցառման կուլմինացիոն կետը հետեւյալն էր՝ պարտված եւ, ըստ էության, գոյություն չունեցող պետության՝ Երրորդ ռայխի դրոշները խորհրդային զինվորները նետում էին Լենինի դամբարանի պատի տակ: Իսկ դամբարանի հարթակում կանգնած էր, ըստ խորհրդային դիցաբանության՝ հաղթանակ կերտած Ստալինը: Դրոշները շպրտվում էին «մեծ առաջնորդի» ոտքերի տակ:

1975 թվականին, երբ նշվում էր ֆաշիզմի դեմ հաղթանակի 30-ամյակը, համագումարների պալատում նույն շքերթի թատերականացված ներկայացումն էր, եւ դրոշները դարձյալ շպրտում էին, այս անգամ՝ 1-ին կարգում նստած Բրեժնեւի ոտքերի տակ: Չնայած՝ ԽՍՀՄ այդ ժամանակվա ղեկավարը «մեծ առաջնորդի» կոչմանը «չէր ձգում», խորհրդային քարոզչությունը հսկայական ջանքեր էր գործադրում պատերազմում 18-րդ բանակի քաղբաժնի պետի դերը տիեզերական մասշտաբների ուռճացնելու համար:

Մեզ այդ ամենը կարող է դուր չգալ: Կարող է անգամ զավեշտալի թվալ: Բայց ԽՍՀՄ-ում գործում էր խորհրդանիշների, ծեսերի որոշակի համակարգ, որը կազմում էր գաղափարախոսության հիմքը: Նույնը կարելի է ասել ցանկացած կայացած երկրի մասին: Ժողովրդավարությունն այստեղ առանձնապես նշանակություն չունի: Միացյալ Նահանգներում, օրինակ, խորհրդանիշների նկատմամբ վերաբերմունքը ոչ պակաս «պաթոսային» է: Վերցնենք թեկուզ որեւէ պատերազմում զոհված զինվորի թաղման արարողությունը:

Հասարակական կյանքի, եթե այդպես կարելի է ասել, «միֆականացումն» անխուսափելի է, բայց վճռորոշ նշանակություն ունի, թե կոնկրետ ո՛ր միֆերը, ո՛ր խորհրդանիշներն են բնորոշում այդ կյանքը: Հայաստանի ներկա իշխանության պայքարը խորհրդանիշների դեմ միայն առաջին հայացքից է թվում ինչ-որ խելահեղության դրսեւորում: Երբ ՔՊ-ականն ասում է, որ հայկական բանակ գոյություն չուներ, նա խոսում է այն բանակի մասին, որն ազատագրել է Արցախը, եւ որը մինչեւ իրենց՝ ՔՊ-ականների, իշխանության գալը, լավ թե վատ ապահովում էր Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը: Երբ Մասիս սարը ներկայացվում է որպես «վիրտուալ հայրենիք», որը հակադրվում է «իրական հայրենիքին», մակերեսային մոտեցման դեպքում թվում է, թե դա տրամաբանական եւ իրատեսական է: Իրականում՝ սլաքն ուղղված է ազգային խորհրդանիշի, 1960-70 թվականների ազգային վերելքի, 88 թվականի շարժման դեմ: Այն շարժման, որի ծնունդն է Հայաստանի երրորդ հանրապետությունը:

Երբ հարձակման է ենթարկվում Հայ առաքելական եկեղեցին, փորձ է արվում իրական կրոնը փոխարինել «հեղափոխական կրոնով»՝ իր առաջնորդով հանդերձ: Այդպիսով՝ այն ավանդական արժեքները, որոնց դավանում է եկեղեցին, իրենց տեղը զիջում են հեղափոխական կարգախոսներին: Մարդկության պատմության մեջ նման փորձեր արդեն արվել են, եւ, ինչպես հայտնի է, «փորձադաշտ» հանդիսացած ազգերը մի քանի տարի գնացել են այդ կեղծ խորհրդանիշների հետեւից: Այնուհետեւ մերժված ավանդական կրոնը վերականգնել է իր դիրքերը:

Եթե ավանդական խորհրդանիշներն ու միֆերը մերժվում են, ի՞նչ է բերվում դրանց տեղը: Հավանաբար՝ շուկայական հարաբերությունները, ժողովրդավարությունը, ազատականությունը, մարդու իրավունքները, խաղաղությունը: Դրանք, անշուշտ, անառարկելի արժեքներ են, բայց դրանցով հնարավոր չէ կառուցել ազգային պետություն եւ ազգային բանակ: Իսկ մեր վիճակում դրանք են մեր գոյատեւման գրավականները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.04.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Չափազանց անհաճոյ, այլանդակ, զզուելի արարած մըն է, այդ խօսքերը արտայայտողը:

    Սակայն արդեօք իր այդ ըսածը պարզապէս այն չէ՞ր, որ՝ Հայաստանի/Արցախի բանակը, հիմնական եւ էական մակարդակի վրայ, Ռուսաստանի կամքին ենթարկուած բանակ մըն էր, Ռուսաստանի զինամթերքից կախեալ բանակ մըն էր, ՌԴի ազգային շահերին ծառայող բանակ մըն էր, եւայլն.

    Այսինքն՝ «հայկական» բանակ չէր, այն առումով իմաստով որ Հայաստանն ալ՝ բաւարար չափով ինքնիշխան չէր:

    Բացարձակապէս առարկայական գետնի վրայ, անընդունելի՞ է այդ մօտեցումը… Այդ տեսանկիւնը…

    Նամանաւանդ երբ որ տեսանք ու դեռ կը տեսնենք թէ ինչպէս, Ռուսաստանի տկարացման պատճառով, մենք ալ մատնուած ենք այժմու վիճակին:

    Այլընտրանք չկար: Չկայ: Չի լինելու: Տեսականօրէն իսկ, այլընտրանքը՝ աւելի վատ էր – եւ է – : Քանզի նախընտրելի է Ռուսաստանին ենթակայ լինել, քան թէ Թուրքիային:

    Սակայն… այդպէս չէ՞ր: Այդ անտանելի արարածին ըսածին պէս…

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930