Ադրբեջանական հերթական անցակետն է տեղադրվել Լաչինի միջանցքում և, ըստ էության, իշխանությունները քայլեր չեն ձեռնարկում. այսօր լրագրողների այս դիտարկմանն ի պատասխան՝ ԱԺ առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանն ասաց. «Համաձայն չեմ, որ ՀՀ-ն որեւէ քայլ չի ձեռնարկում: Քայլեր ձեռնարկվում են եւ դրանք, ըստ էության, տեսանելի են: ՄԱԿ-ի միջազգային դատարանը որոշում կայացրեց, որը պարտադիր կատարման ենթակա իրավական ակտ է, բայց, այնուամենայնիվ, Ադրբեջանի կողմից դեռեւս չի իրականացվել: Բայցեւայնպես, պառլամենտական դիվանագիտությունը շատ ակտիվ աշխատում է այդ ուղղությամբ եւ բոլոր հանդիպումների ընթացքում ինտենսիվ այդ հարցը բարձրացվում է: Մեր միջազգային գործընկերները տարբեր միջազգային հարթակներում եւս այդ շեշտադրումը կատարում են: Մեր առաջարկությունն է եղել, որպեսզի սանկցիաներ կիրառվեն Ադրբեջանի նկատմամբ որպես պարտադրող միջոց ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը կատարելու համար»:
Զեյնալյանն ասաց, որ միջազգային գործընկերները հասկանում են իրավիճակը եւ քայլեր են ձեռնարկում՝ դիվանագիտական խողովակներով հարցի լուծմանը հասնելու:
Հարցին՝ որպես օրենսդիր մարմնի ներկայացուցիչ, բացառո՞ւմ եք, որ Արցախը կլինի Ադրբեջանի կազմում՝ Զեյնալյանը պատասխանեց. «Մեզ համար առաջնայինը ԼՂ-ի մեր հայրենակիցների, բնակչության անվտանգության հարցն է: Մենք բոլոր ջանքերը գործադրում ենք,որ անվտանգային հարցերը լինեն պատշաճ մակարդակի վրա եւ կապը Հայաստանի հետ լինի անխափան»:
Ինչ վերաբերում է երկրորդ անցակետի տեղադրմանը՝ նա ասաց, որ դա «ռուսների պատասխանատվության տիրույթում է»:
Կարդացեք նաև
Հարցին՝ «Ազատ Արցախը ողջունում է ձեզ» ցուցանակն այլեւս չկա, վատ չե՞ք զգում ձեզ՝ որպես իշխանության ներկայացուցիչ, ձեր քաղաքական թիմի գործունեության պատճառն է այս ամեն ինչը՝ Զեյնալյանը պատասխանեց. «Նման ձեւակերպումը շատ սխալ է ձեր կողմից, որովհետեւ ցուցանակի առկայությունը կամ բացակայությունը որեւէ վատ զգալու բան չէ…Այստեղ կարեւորն այն է, որ գործադրվում են առավելագույն ջանքեր, որ հարցը լուծվի խաղաղ պայմաններում եւ ՀՀ-ն հասնի երկարաժամկետ խաղաղությանը տարածաշրջանում՝ նաեւ խաղաղության պայմանագրի միջոցով: Ադրբեջանը պատերազմ է ուզում, խաղաղությանը այլընտրանք, այլ միջոց չկա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ