Լրահոս
Օրվա լրահոսը

«Լաչինի միջանցքի արգելափակում. Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հրդեհ է, իսկ միջազգային հանրությունն իր հայացքն ուղղել է այլ ուղղությամբ». Ֆրանսիայի Սենատի կայքէջում կոչ-ուղերձ է հրապարակվել

Ապրիլ 26,2023 11:54

Ֆրանսիայի խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի պաշտոնական կայքէջում, Սենատի` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային իրազեկման խմբի նախագահ, «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռըտայոյի գլխավորությամբ Հայաստանում գտնվող պատվիրակության նախաձեռնությամբ, հրապարակվել է «Լաչինի միջանցքի արգելափակում. Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում հրդեհ է, իսկ միջազգային հանրությունն իր հայացքն ուղղել է այլ ուղղությամբ» խորագրով կոչ-ուղերձը։

Ներկայացնում ենք կոչ-ուղերձի ոչ պաշտոնական թարգմանությունը.

«Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով ապրիլի 22-ից 25-ը Հայաստանում գտնվող Սենատի՝ Արևելքի քրիտոնյաների հետ կապերի հարցով խմբի նախագահ Բրունո Ռըտայոյի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են խմբի փոխնախագահ Կատրին Մորին-Դեսեյին, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը և խմբի փոխնախագահ Քրիստին Լավարդը, ապրիլի 23-ին այցելել է Տեղ համայնք, որտեղ, Հայաստանի տարածքում, ապրիլի 11-ին տեղի էր ունեցել մահացու փոխհրաձգություն։

«Մենք եկել ենք այստեղ պահանջելու անհապաղ վերացնել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը՝ ազատելով Լեռնային Ղարաբաղի անկլավում սարսափելի պայմաններում հայտնված 120.000 հայերին և վերականգնելով Հայաստանի հետ կապը։ Ի՞նչ իմաստ ունի ոգեկոչել 1915թ․-ի ցեղասպանությունը, եթե աչք ենք փակում Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող էթնիկական և կրոնական զտումների վրա»,- հայտարարեց Բրունո Ռըտայոն Տեղ համայնքում համայնքապետի և Սյունիքի մարզպետի հետ համատեղ կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։

«Մենք մտավախություն ունենք, որ ադրբեջանական զորքերի կողմից անցակետի ստեղծումը Լեռնային Ղարաբաղ տանող նոր ճանապարհի սկզբնամասում՝ Հակարիի կամրջի վրա, որը դրված է ռուսական խաղապահ ուժերի պատասխանատվության ներքո, կարող է լինել ինչ-որ լայնածավալ գործողության նախերգանք, ինչը կհանգեցնի Լաչինի միջանցքի անշրջելի փակմանը»,- հավելեց նա։

Մինչ Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան ընթացիկ շաբաթվա վերջին պետք է այցելի Հարավային Կովկասի երեք երկրներ, Սենատի անդամները կոչ են անում Ֆրանսիային խստորեն դատապարտել միջազգային իրավունքի այս նոր խախտումը։ Նրանք Եվրամիությունից պահանջում են խիստ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ։

Այս կապակցությամբ Սենատի անդամները ափսոսանք են հայտնում երկակի ստանդարտների համար՝ դատապարտելով Ադրբեջանի հետ Եվրամիության գազային համաձայնագիրը: Նրանց կարծիքով այն եվրոպական արժեքների և ժողովրդավարության անվան տակ, որոնք պաշտպանվում են ռուս-ուկրաինական հակամարտություն համատեքստում, Ֆրանսիան պետք է նույն եռանդով պաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունը և հայ ժողովրդի իրավունքները։

Մարդասիրական այս արտակարգ իրավիճակին դիմակայելու համար Սենատի պատվիրակությունը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Ֆրանսիայի աջակցությամբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի ընդունման անհրաժեշտությունը, որն ուղղված կլինի Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև ազատ տեղաշարժի վերականգնմանը և 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հրադադարի համաձայնագրի հարգմանը՝ անդրադառնալով նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին։

«Տեղին է պահանջել միջազգային արդյունավետ միջդիրքային ուժի ստեղծում և իր սահմանների հարգման և ինքնապաշտպանության նպատակով Հայաստանին միջոցների տրամադրում», – եզրափակեց բարեկամության խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930