Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզո՞ւմ ենք, արդյոք, փրկվել, ուզո՞ւմ ենք պետականություն ունենալ․ «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 26,2023 11:33

Մինչ մենք հայտարարում ենք, թե այլեւս երբեք թույլ չենք տա 1915 թվականի կրկնությունը, միջազգային համայնքը հիշում եւ դատապարտում է Հայոց ցեղասպանությունը, Բաքվի բռնապետը նշում է, որ «մի օր հայերը կարող են արթնանալ եւ տեսնել Ադրբեջանի դրոշը իրենց գլխավերեւում»: Իրականությունը ձեւավորվում է խոսքի եւ գործի համապատասխանության արդյունքում։ Ներկայումս խաղաղություն է հաստատվում հայի արյան եւ հայրենիքի հաշվին, դա է Ադրբեջանի «խաղաղության» ընկալումը։

Հայի խաղաղությունը կառուցվել է արարման, խաղաղ համագոյակցության տարբերակով, որն ապահովել է Հայոց բանակը։ Ներկայումս իրավիճակն օր օրի վատթարանում է. Արցախին սպառնացող վերջնական հայաթափումն ու հերթական ցեղասպանական գործողությունների հավանականությունն առավել առարկայական են դարձել։ Ապրիլի 24-ին, իսկ նրանք հակված են գործողություններն իրականացնել խորհրդանշական օրերին, Ադրբեջանը հայտարարեց Արցախը Հայաստանի Հանրապետությանը կապող մայրուղու վրա անցակետ տեղադրելու մասին։

Դրանով պաշտոնական Բաքուն ցույց տվեց, որ իր համար նշանակություն չունի նաեւ միջազգային դատարանի կայացրած որեւէ որոշում։ Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել` նշելով, որ անցակետ տեղադրելու արդյունքում Շուշիի շրջանի Եղցահող, Հին Շեն, Մեծ Շեն եւ Լիսագոր համայնքների բնակիչները մնացել են լիակատար շրջափակման մեջ, նրանք կտրված են ինչպես Արցախի մնացած հատվածից, այնպես էլ մայր հայրենիքից՝ Հայաստանի Հանրապետությունից:

Հեշտ չէ փրկության ճանապարհը, սակայն այն իրատեսական է։ Այլ հարց է՝ իսկ ուզո՞ւմ ենք, արդյոք, փրկվել, մենք ուզո՞ւմ ենք պետականություն ունենալ, արդյոք մեզ համար կարեւո՞ր է մարդկության պատմության, ազգերի բազմազանության մեջ մեր տեսակը պահպանել, թե՞ բավարարվելու ենք ընդհանուրի մեջ տարրալուծվելու տարբերակով։ Վերջին մեկ հարյուրամյակում պետականություն ստացել ենք արտաքին նպաստավոր պայմանների եւ զարգացումների արդյունքում՝ այն ստանալով որպես նվեր, իսկ նվեր ստացածի իրական արժեքը հաճախ չի գնահատվում, չգնահատված նվերն էլ սովորաբար մսխվում է, օգտագործվում՝ սպառելու մտայնությամբ։ Վերոնշյալ հարցերին դրական պատասխան տալուց հետո միայն ամենագլխավոր խնդիրը կդառնա «ի՞նչ եւ ինչպե՞ս անել» հարցերի պատասխանը գտնելը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930