Լրահոս
Օրվա լրահոսը

Ի վերջո, Արցախը հայապատկան է, եւ Արցախի նկատմամբ իրավունքների ու պարտականությունների հասցեատերը նախ մենք ենք․ «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 26,2023 11:16

Ապրիլի 23-ին Ադրբեջանը փակեց Հակարիի կամուրջը եւ պաշտոնապես հայտարարեց այնտեղ անցակետ տեղադրելու մասին: Արցախն արդեն մոտ 5 ամիս է՝ շրջափակված է։ Ադրբեջանական կողմից Հակարիի կամրջի վրա անցակետի տեղադրումով թյուրքը խստացնելու է շրջափակումը: Թե ինչպես են ռուսական խաղաղապահներն ու Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հումանիտար բեռներ տեղափոխելու կամ տեղափոխելո՞ւ են, արդյոք, պարզ չէ։ Այն պարզ պատճառով, որ Հաագայի դատարանի որոշումն անտեսող ադրբեջանական կողմին ոչինչ չի խանգարում «սառույցին գրել» նաեւ հումանիտար օգնություն ցույց տվողների ցանկությունները։

Այս ամենը կանխատեսելի էր, եւ, ցավոք, շարունակություն է ունենալու ադրբեջանական կողմի ագրեսիան։ Բազմիցս ենք ասել՝ թշնամին լկտի է, բայցեւ՝ անկեղծ։ Ադրբեջանը քողարկված ռազմավարություն չէ, որ իրագործել է, գերմտքի արգասիք չէ, որ կյանքի է կոչել, ասել է՝ արել է։ Ադրբեջանը հայտարարում է, որ հայաթափելու է Արցախը, եւ եթե Հայաստանն իրեն «խելոք չպահի», մի օր իր գլխավերեւում տեսնելու է ադրբեջանական դրոշները։ Այստեղ չկա՛ ոչ մի քողարկում, չկա՛ ոչ մի գերռազմավարություն, կա մեր՝ հայկական կողմի, մեղմ ասած, պասիվ պահվածք, այն է՝ չկա թշնամու դեմ պատասխան գործողություն։

Անկեղծ լինենք՝ այս դեպքում ինչո՞ւ չպետք է օգտվի թշնամին։ Զավեշտալի է, բայց այդ մեկդարյա արհեստածին պետությանը, կարելի է ասել, հայկական հարցի լուծման պատմական հնարավորություն է ընձեռվել։ Եվ սա ոչ թե չափազանցություն, այլ դառը իրականություն է, որովհետեւ եթե ադրբեջանական կողմը, Աստված մի արասցե, կարողանա հայաթափել Արցախը, Հայաստանի Հանրապետության կյանքը կարճ ժամանակի հարց կլինի։ Հասկանանք վերջապես՝ մեզ միջազգային հարթակից օգնություն չի գալու, որովհետեւ հանձնվողին չեն օգնում, որովհետեւ ինքներս մեզ չենք օգնում։ Ինչ է անում այսօր Հայաստանի Հանրապետությունը, որ մի ժամանակ Արցախի անվտանգության երաշխավորն էր։ Պատասխանը գիտենք։ Ավելի մեղմ բնութագրմամբ՝ իրեն պահում է միջազգային հանրույթի պես. կոչեր է անում թշնամուն… Իսկ Ադրբեջանը նոր չէ թեւեր ստացել։ Ադրբեջանի թեւերն ուժեղացել են դեռ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ։ Երբ նոյեմբերի 25-ին Քարվաճառը հանձնվեց… անկրակոց։ Այն Քարվաճառը, որ Արցախյան առաջին ազատամարտի ժամանակ հայկական կողմի համար կարեւոր ռազմավարական կետ էր, որի ազատագրումով Արցախի եւ Հայաստանի կապը կայունացավ։ Բացի դա. ճակատային գիծն էապես կրճատվեց, Մարտակերտի թիկունքն ամրացավ, Վարդենիսի անվտանգությունն ապահովվեց։ Նոյեմբերի 9-ով հանձնվեց այն Քարվաճառը, որտեղ 44-օրյայի ժամանակ թուրքը չէր հասել։ Ադրբեջանի թեւերն ուժեղացան նաեւ այն ժամանակ, երբ նոյեմբերի 9-ից հետո էլ Արցախում տարածքներ կորցրեցինք։ 44-օրյայից հետո Արցախի 75 տոկոսն անցավ ադրբեջանական օկուպացիայի տակ։ Հիմա 75-ից շատ է. Փառուխի, Քարագլխի մի մասը չմոռանանք (ոչ միայն)։ Չմոռանանք նոյեմբերի 9-ից հետո ՌԴ ՊՆ քարտեզի փոփոխությունը, որ ցույց է տալիս հայկական կողմի կորուստները։ Այո, անհերքելի է, ռուսական կողմը վարում է իր շահից բխող քաղաքականություն։ Հարցն այն է, թե ինչ է անում հայկական կողմը։ Գրողը տանի, ի վերջո, Արցախը հայապատկան է, եւ Արցախի նկատմամբ իրավունքների ու պարտականությունների հասցեատերը նախ մենք ենք, ոչ ռուսական, ամերիկյան, եվրոպական ու չգիտեմ էլ ինչ կողմերը։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930