Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերջին օրերին ստացվել են իրավունքների պաշտպանության վերաբերյալ առանձին հարցերի առնչվող բողոքներ և ահազանգեր: Դրանցից մի քանիսը` ստորև.
2023թ. ապրիլի 17-ին կինոռեժիսոր Արման Երիցյանին և Կարեն Հակոբյանին ձերբակալելու, Ոստիկանության Կենտրոնական բաժնում նրանց նկատմամբ առերևույթ վատ վերաբերմունք դրսևորելու վերաբերյալ ստացված տեղեկությունների հաշվառմամբ՝ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են Ոստիկանության Կենտրոնական բաժին նաև Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։ Այցի շրջանակում արձանագրված խնդիրներն ու ազատությունից զրկված անձանց կողմից ներկայացված հանգամանքներն ամփոփվել են Պաշտպանի աշխատակազմում և համապատասխան գրություններ ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն և ՀՀ ՆԳՆ ոստիկանություն։
———————————————-
Ապրիլի 23-ին տեղեկություններ են հրապարակվել առ այն, որ «Պոլիգրաֆ» ակումբում իրականացված գործողությունների հետևանքով մոտ 41 անձ ձերբակալվել է։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ տվյալ ակումբում գտնվող անձանց նկատմամբ ոստիկանության ծառայողները դրսևորել են վատ վերաբերմունք, նրանց տևական ժամանակ պահել են գետնին պառկած վիճակում, որոշ անձանց նկատմամբ կիրառվել է բռնություն։ Ակումբում միջադեպի օրը գտնված անձանց մի մասի հետ ՄԻՊ աշխատակազմում կազմակերպվել է ընդունելություն, որի ընթացքում Պաշտպանին ներկայացվել են խնդրին առնչվող գրավոր բողոքներ։
——————————————
Ապրիլի 25-ին Պաշտպանի թեժ գծի հեռախոսահամարին ահազանգ է ստացվել «Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանին առերևույթ խոշտանգման ենթարկելու դեպքի վերաբերյալ։ Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ, իսկ ավելի ուշ նաև ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն՝ իրավիճակին ծանոթանալու նպատակով։ Առանձանազրույցի ընթացքում Ա. Գալստյանը Պաշտպանին ներկայացրել է խնդրին առնչվող գրավոր բողոք։
———————————————
Վերոնշյալ դեպքերի առթիվ նախաձեռնվել են բողոքների քննարկման ընթացակարգեր, Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ։
ՀՀ ՄԻՊ ԳՐԱՍԵՆՅԱԿ