Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոսկվայից հավասարության նշանով կողմերին եռակողմ հայտարարությունների դրույթներին վերադառնալու կոչերն առնվազն տարակուսանք են առաջացնում. «Հայաստանի Հանրապետություն»

Ապրիլ 26,2023 10:55

Մինչեւ միջանցքի ամբողջական արգելափակումն Ալիեւն իր հայտարարությամբ բաց տեքստով ասաց, որ արցախցիները «կամ պետք է ինտեգրվեն Ադրբեջանին, կամ կարող են գնալ՝ ուր ուզում են»: Քանի որ Ալիեւն ամեն օր լսում է Արցախից բոլոր մակարդակներով հնչող հայտարարություններ այն մասին, որ արցախցիները երբեք չեն լինի Ադրբեջանի կազմում, քանի որ դա կնշանակի ցեղասպանություն, հետեւաբար, Ալիեւն ընդամենը հայտարարում է, որ արցախցիները պետք է լքեն իրենց հազարամյա բնօրրանը՝ անցնելով Արցախի լիակատար շրջափակման:

Ստացվում է, որ 44-օրյա պատերազմով չկարողանալով լուծել Արցախի հիմնահարցը եւ դրանից հետո բազմաթիվ ագրեսիաների ակտերով ու գործողություններով ավելորդ անգամներ ապացուցելով, որ արցախցիների եւ ադրբեջանցիների համակեցությունն անհնար է, Ադրբեջանը փորձում է իմիտացնել, թե ամեն ինչ լավ է, եւ մնում է միայն արցախցիների ինտեգրումն այդ երկրում: Արցախցին հայտարարում է, որ մինչեւ վերջ կպայքարի իր իրավունքների համար, դրան ի պատասխան Ադրբեջանը վերացնում է արցախցիների անվտանգության հիմնական երաշխիքը՝ կապը Հայաստանի հետ, որը սահմանված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ:

Դրանով Բաքուն 120 հազար արցախցիներին զրկում է այլընտրանքից՝ նրանց դրդելով ինքնապաշտպանական ծայրահեղ քայլերի: Այսօր Արցախի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը լիովին խաթարված է, իսկ եռակողմ հայտարարությամբ դրա հիմնական երաշխավորը ՌԴ-ն է՝ խաղաղապահ զորակազմով: Այս իրավիճակում ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածում, որով ծայրահեղ մտահոգություն է հայտնում եւ անընդունելի համարում եռակողմ հայտարարության դրույթների խախտումները, մասնավորապես՝ Լաչինի միջանցքի փակումը: Այս հայտարարությունը հայկական հասարակությունում զգացմունքային չէր ընդունվի, եթե հնչեր որեւէ չեզոք պետությունից: Բայց այն անում է Արցախի շուրջ հետպատերազմյան ստատուս քվոյի երաշխավորություն ստանձնած պետությունը, այն դեպքում, երբ Ադրբեջանի ուժային կառույցները մտել են եռակողմ հայտարարությամբ արձանագրված ՌԴ պատասխանատվության տակ գտնվող Լաչինի միջանցքի տարածք եւ փակել Արցախի անվտանգության ու կյանքի ուղին:

Վերեւում ներկայացված արցախահայության նկատմամբ ցեղասպան գործողություններից զատ, Ադրբեջանը բացահայտ հարվածում է նաեւ ՌԴ-ին, իսկ այդ դեպքում Մոսկվայից հավասարության նշանով կողմերին եռակողմ հայտարարությունների դրույթներին վերադառնալու կոչերն առնվազն տարակուսանք են առաջացնում: Եռակողմ հայտարարության, ինչպես նաեւ դրան հաջորդած մյուս փաստաթղթերը հրապարակային են ու հասանելի, սովորական մարդիկ լավ են տեսնում, թե դրանք որ կողմն է խախտում, հետեւաբար, անվտանգության երաշխավոր պետությունը պետք է դիմի հասցեական քննադատության եւ գործողությունների: Մի կողմ թողնելով ադրբեջանական կեղծ հայտարարությունները՝ ակնհայտ է մի կարեւոր հանգամանք՝ Հայաստանը կատարում է եռակողմ հայտարարությամբ սահմանված իր բոլոր պարտավորությունները:

Սա լավ է տեսնում երրորդ կողմը՝ ՌԴ-ն, հետեւաբար, պետք է քայլեր ձեռնարկի արցախցիների անվտանգությունը երաշխավորելու ուղղությամբ, առավել եւս, որ նման մանդատով եւ գործիքակազմով դե յուրե միայն ինքն է օժտված:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930