Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ 3,5 տարի առաջ դատավորի վերաբերյալ արտահայտած մտքերս նոր «հայտնաբերեցին»․ Գագիկ Համբարյան

Ապրիլ 26,2023 11:00

Տեղեկացրել ենք, Շիրակի պետական համալսարանի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով։

ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, պատճառը Գագիկ Համբարյանի՝ «Վճիռ գողացող անգրագետը՝ Վճռաբեկ դատարանի դատավո՞ր» վերտառությամբ գրառումն է, որով նա վիրավորել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիլիթ Խաչատրյանին։ Այն շրջանառության մեջ են դրել մի շարք լրատվական կայքեր։

Գագիկ Համբարյանը, սակայն, Aravot.am-ին ներկայացրել էր փաստաթղթեր, որոնցով հիմնավորել է իր քննադատությունը՝ ուղղված դատավորին։

Նա, մասնավորապես մեզ էր տրամադրել իր գործընկերոջ՝ Հովհաննես Խորիկյանի՝ աշխատանքի վերականգման մասին վճիռը, որը կայացրել էր դատավոր Լիլիթ Խաչատրյանը 2018 թվականի սեպտեմբերի 24-ին և որի 21-րդ էջում, չգիտես ինչպես, Գագիկ Համբարյանի անուն-ազգանունն էր հայտնվել։

Գագիկ Համբարյանը, ցույց տալով նաև աշխատանքի վերականգման մասին իր վճիռը, որը կայացրել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հովհաննես Ղազարյանը՝ 2018 թվականի հուլիսի 28-ին, պնդում է, որ Լիլիթ Խաչատրյանը Հովհաննես Խորիկյանի վճիռը կայացնելիս՝ այն «գողացել է» իր վճռի 24-րդ էջի, 5-րդ պարբերությունից՝ մոռանալով փոխել իր անուն-ազգանունը։

Այդ պատճառով էլ, ըստ Գագիկ Համբարյանի, նա իրեն իրավունք է վերապահել դատավորին անվանել «գրագող»։ Իսկ «անգրագետ» բնութագիրը տվել է այն պատճառով, որ Լիլիթ Խաչատրյանը Հովհաննես Խորիկյանի նույն վճռում Շիրակի պետական համալսարանի պատմության և փիլիսոփայության ամբիոնը երեք տարբեր անուններով է գրել և լրացուցիչ նոր որոշում է կայացրել, քանի որ այն ի կատար չէր ածվել Շիրակի պետական համալսարանի կողմից։

Ինչևէ, Գագիկ Համբարյանը մեզ որոշակի մանրամասներ ներկայացրեց Շիրակի դատախազների հետ հանդիպումից։

«Իմ դիմումի համաձայն՝ հանդիպել եմ Շիրակի մարզի դատախազ պարոն Չիչոյանի և նրա տեղակալ Արեգ Խաչատրյանի հետ, որն այս քրեական գործով վերահսկող դատախազն է։ Շատ վատ տպավորություն ստացա երկուսի հետ էլ հանդիպումից։ Նրանք փորձեցին իրենց մտածածով համոզել, որ բողոքը բավարար էր քրեական վարույթ նախաձեռնելու և ինձ՝ որպես մեղադրյալ, ներգրավելու համար։

Ավելին, պարոն Չիչոյանը, չգիտես ինչու, որոշեց, թե ես պիտի նույնիսկ շնորհակալ լինեմ, որ հարուցվել է քրեական գործ, որպեսզի ես իրավունք ունենամ իմ դեմ ցուցմունք չտամ։ Ես սա աբսուրդի ժանրին եմ դասում, որովհետև ես երբևիցե չեմ խուսափել ցուցմունք տալուց, առավել ևս էնքան վստահ եմ իմ անմեղությանը, որ իմ դեմ ցուցմունք չէի էլ տա։

Ի՞նչ ցուցմունքի մասին է խոսքը, այ, եթե իրենք ինձ հրավիրեին հարցաքննության մինչև քրեական գործ հարուցելը և մեղադրանք առաջադրելը, իրենք կհասկանային իրենց առաջադրած մեղադրանքի ծիծաղելիության աստիճանը։

Ինձ նաև զարմացրեց պարոն Չիչոյանի այն տեսակետը, որ դատավորը պաշտպանված է օրենքով։ Այսինքն՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացին պաշտպանված չէ՞ անգրագետ, գրագող դատավորից, չհասկացանք, սա ի՞նչ նոր մեկնաբանություն է օրենքի։

Ես օրենքը շատ լավ կարդացել եմ, թե քրեական օրենսգրքի որ հոդվածով են ինձ մեղադրանք առաջադրել և հարյուր տոկոսով ձեզ վստահեցնում եմ, որ ամբողջը կեղծ է և մանիպուլյացիա է»։

Գագիկ Համբարյանը նշում է, որ ինքը Լիլիթ Խաչատրյանի՝ «անգրագիտության և գրագողության վերաբերյալ» առաջին գրառումը կատարել է դեռ 2019 թվականի հոկտեմբերի 3-ին։ Նա հարցնում է՝ ինչու հանկարծ նոր մտաբերեցին, որ վիրավորել է դատավորին։ Ըստ մեր զրուցակցի, եթե դատավորը նոր է կարդացել իր մասին երեք ու կես տարի առաջ կատարված գրառումը ու նոր է վիրավորվել, դա իր խնդիրը չէ։

«Նախ ինձ փորձում են մեղադրել այն բանի համար, որ ես դատավորին իբրև թե վիրավորել եմ իմ դեմ կայացրած վճիռների համար, որոնցից ես դժգոհ եմ։

Տիկին Խաչատրյանն իմ պահով երեք վճիռ է կայացրել, դատական գործընթացներից մեկն առկախվել է, որովհետև հայցվորը չէր եկել դատերին և որի վերաբերյալ ես քննադատական գրառում եմ կատարել դեռ 2018 թվականի դեկտեմբերի 26-ին, հատուկ եմ նշում օրը և ամիսը, դատավորին անվանել եմ «սահակապաշտպան»։

Երբ որ Շիրակի պետական համալսարանի նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը երկու հայցերով հանդես եկավ իմ դեմ և շատ զարմանալիորեն երկու հայցերն էլ հայտնվեցին նույն Լիլիթ Խաչատրյանի մոտ, ես առաջին իսկ նիստի ժամանակ, որը տեղի է ունեցել 2019 թվականի նոյեմբերի վերջին, տիկին Խաչատրյանին առաջարկեցի ինքնաբացարկ հայտնել, քանի որ ես նրան քննադատել եմ մոտ մեկ տարի առաջ։

Ինքը շատ հանգիստ հայտարարեց, որ սոցիալական ցանցեր չունի, լրատվամիջոցների հրապարակումները չի տեսնում և կարող է լինել օբյեկտիվ։

Բայց ես ինքնաբացարկի առաջարկի մեջ բերել էի այլ ապացույցներ՝ կապված իր և հայցվորի միջև ենթադրյալ կապի մասին։ Սակայն տիկին Խաչատրյանը որոշեց, որ ինքը պետք է շարունակի դատերը։ Ես 2019 թվականի մայիս ամսից սկսած՝ սկսեցի ուսումնասիրել սույն դատավորի գործունեությունը։

Բացահայտեցի շատ զավեշտալի փաստեր, այդ մասին չմանրամասնեմ, բայց այն, որ Լիլիթ Խաչատրյանն այլ դատավորի կայացրած վճռի մի ամբողջ մաս «քոփի փեյսթ» է արել ու տարել է իր կողմից կայացրած վճռի մեջ՝ հղում չտալով, ես ձեզ փաստաթղթերը ցույց եմ տվել։

Ես 2019 թվականի հոկտեմբերի 3-ին գրառում էի արել և Լիլիթ Խաչատրյանի գործունեությունը գնահատել էի որպես գրագողություն և անգրագիտություն։ Զավեշտը գիտեք որն է, այդ երկու գործերի վճիռներից անցել է բավական ժամանակ, վճիռներն ինքը կայացրել է 2022 թվականի փետրվարին, հիմա ինձ մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ ես, իբր թե դժգոհ լինելով Լիլիթ Խաչատրյանի վճիռներից, հիմա նոր եմ նրա գործունեությունը վերլուծելով և գնահատողական վերաբերմունքի արժանացնելով՝ գրագողություն և անգրագիտություն բնութագրել և դրանով վիրավորել եմ Լիլիթ Խաչատրյանին։

Այսինքն՝ ամբողջ քրեական գործը խեղաթյուրված և կեղծված է։ Ու զավեշտը գիտեք ո՞րն է , որ պարոն Չիչոյանն ասում է՝ Լիլիթ Խաչատրյանը հիմա է դա պարզել։ Պարոն Չիչոյանին և նրա տեղակալ Արեգ Խաչատրյանին ենթադրաբար չի հետաքրքրում, որ ես, վերլուծելով փաստերը. ապացույցները կան, առաջին անգամ Լիլիթ Խաչատրյանի գրագողությունը հայտնաբերել եմ ու բարձրաձայնել 2019 թվականի հոկտեմբերի 3-ին։ Ինքը կարող էր 15 տարի էլ չհայտնաբերեր իր հասցեին հնչած գնահատողական վերաբերմունքը, դա իմ խնդի՞րն է։ Օրինակ՝ եթե Լիլիթ Խաչատրյանը ընդամենը երեք օր առաջ իմացած լիներ, որ երկրագունդը կլոր է, դա դեռ չի նշանակում որ երկրագունդը կլոր դարձավ Լիլիթ Խաչատրյանի իմացած օրվանից։ Նույնն էլ այս պարագայում է։

Ես գրել եմ 2019 թվականի հոկտեմբերին, թող էդ ժամանակ հայտնաբերեր և ասեր՝ Գագիկ Համբարյանն ինձ վիրավորում է , ինչո՞ւ չէր ասում։ Ես իրավունք ունեմ, չէ՞, ենթադրելու, որ ինքը պատվերներ ուներ իմ դեմ կատարելու, որը և կատարեց»,- ասում է Գագիկ Համբարյանը։

Նա պատմեց, որ Շիրակի դատախազ Արմեն Չիչոյանն իրեն ասել է՝ պիտի դիմեիք ԲԴԽ կամ արդարադատության նախարարություն։

«Այո, ես վերջնական վճռից հետո մեկ տարվա ընթացքում կարող եմ դիմել, իսկ ո՞վ է ասել, որ ես չեմ դիմելու այս փաստերով։ Կամ ի՞նչ է նշանակում վիրավորել եմ, ես վիրավորական արտահայտություն չեմ արել, եթե ասում եմ՝ Լիլիթ Խաչատրյանը գրագող է, այն ակադեմիական միջավայրում կիրառվող տերմին է և նշանակում է, որ ինչ-որ մեկից մի բան վերցնես և հղում չտաս դրան։ Ես երբ որ անգրագետ եմ ասել, նկատի ունեմ, որ ինքը Շիրակի պետական համալսարանի նույն ստորաբաժանումը երեք տարբեր անուններով է ներկայացնում իր կայացրած վճռում։

Լիլիթ Խաչատրյանը, լինելով դատավոր, իրավունք չունի առաջին ատյանի մեկ այլ դատավորի վճռից ինչ-որ բան վերցնել և դնել իր կայացրած վճիռների մեջ, որովհետև դա օրենքն է արգելում։ Ինքը պարտավոր է հղումներով տալ կամ ամբողջական մի մաս վերցնել միայն Վերաքննիչ, Վճռաբեկ դատարանների, ՄԻԵԴ-ի ընդունած որոշումներից՝ որպես հղում»։

Նա նշում է, որ մարզի իրավապահ համակարգը տառապում է գործող իշխանության շահերը սպասարկելու մոլուցքով։

«Դատավորը, որ միլիոնավոր աշխատավարձ է ստանում իմ և հարյուր հազարավոր քաղաքացիների վճարած հարկերից, իրավունք ունի՞ այդ մակարդակի գործունեություն ծավալել, հա՞։ Այսինքն՝ ես իմ անունը հայտնաբերում եմ այլ մարդու վճռում, և Շիրակի պետական համալսարանի նույն ստորաբաժանումը երեք տարբեր անուններով հայտնաբերում եմ այլ մարդու վճռում։ Դա՞ է դատավորը, որքան որ դատավորն է պաշտպանված օրենքով, նույնքան էլ ես եմ պաշտպանված օրենքով, որպեսզի այդ տեսակի դատավորները կամ չլինեն համակարգում կամ սթափվեն, նորմալ աշխատեն։

Լիլիթ Խաչատրյանն աշխատավարձ է ստանում ոչ թե գրագողության համար, իր գործընկեր՝ առաջին ատյանի դատավոր Հովհաննես Ղազարյանի վճռի մի ամբողջական մաս «քոփի փեյսթ» անելու, իմ անուն-ազգանուն-հայրանունն էլ մեջը դնելու ուրիշ մարդու վճռի մեջ, այլ պատշաճ աշխատելու համար»,-ասում է մեր զրուցակիցը։

Գագիկ Համբարյանը նշում է՝ եթե խոսում են դատավորներին վիրավորելուց, որտե՞ղ էր Կարեն Անդրեասյանը, երբ դատավորներ Աննա Փիլոսյանին ու Զարուհի Նախշքարյանին վերաբերվող նյութերի տակ «նիկոլական օգտատերերը» ամենավերջին հայհոյանքներն էին գրում, չէ՞ր տեսնում ԲԴԽ-ն նախագահը։

«Ազգային ժողովի ամբիոնից Նիկոլ Փաշինյանն ամենավերջին վիրավորանքներն էր տալիս դատավորների հասցեին, վնգստացող դատավոր էր ասում, բա Լիլիթ Խաչատրյանը չի՞ վիրավորվել, որ ինքը վնգստացող դատավոր է, թե՞ ինքը մտածում է՝ վնգստացող չէ։ Հարց եմ տալիս, սա ընդամենը հարց է, կամ ԲԴԽ նախագահը ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի արտահայտությունների համար չի դիմում իրավապահներին։

Նիկոլ Փաշինյանն ասում էր՝ ՀՀ-ում ինչի մեկ դատավոր կա՞, որ կարող է իմ հրահանգը չկատարել, կամ Փաշինյանը չէ՞ր, որ շրջափակել էր տալիս դատարանները, որպեսզի դատավորները չկարողանան մտնել իրենց աշխատավայրերը։ Քանի դատավորի քաշքշեցին, մարմնական վնասվածքներ ստացան, ընկան վայր, քանի դատավորի անձնական վիրավորանքներով տուն էին ուղարկում։

Սա՛ է վիրավորանքը, պարոն դատախազներ, գնացեք, սրանցով զբաղվեք, ոչ թե մանիպուլյատիվ տեղեկությունների հիման վրա քրեական գործ հարուցեք»,-ասում է Գագիկ Համբարյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930