Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ոգին փչացրին, ապականեցին․ մարդիկ, որոնք աջակցում էին Փաշինյանին, որտե՞ղ են հիմա և ինչպե՞ս են վերաբերվում 2018-ի իրադարձություններին․ «Հրապարակ»

Ապրիլ 26,2023 10:46

Ուղիղ հինգ տարի առաջ այս օրերին երկիրը փոթորկված էր։ Ընդամենը 25 օրում Գյումրիից Երեւան քայլելով՝ Նիկոլ Փաշինյանն իր փոքրաթիվ թիմի հետ հեղափոխություն իրականացրեց։ Նրա թիմի անդամներին այսօր բոլորն են ճանաչում, բայց մեծ թվով մարդիկ նրանց աջակցում էին՝ չլինելով առաջին պլանում։ Ովքե՞ր էին նրանք, որտե՞ղ են հիմա, ինչպե՞ս են վերաբերվում Փաշինյանին եւ 2018-ի իրադարձություններին։

«Շատ բաների ապականում եղել էր, բայց ոգուն ձեռք չէին տվել»․ Նարինե Թուխիկյան 

Նարինե Թուխիկյանը հեղափոխությունից հետո իշխանական պատգամավոր էր, ապա՝ 2019-ին, մանդատը վայր դնելուց հետո մշակույթի փոխնախարար նշանակվեց։ Աշխատեց 2 տարի եւ 2021 թվականի հունվարին ազատվեց պաշտոնից։ Հիմա ընտանեկան փոքրիկ հրատարակչություն է հիմնել, մանկական գրքերով է զբաղվում։ Ասում է, որ «հեղափոխականներից» հիասթափվեց պատերազմի ընթացքում ու դրանից հետո։ «Զրույցներ, խոսակցություններ, հանդիպումներ, որոնց ես չեմ կարող հիմա անդրադառնալ։ Հետո այդ սոսկալի օրը նոյեմբերյան, այն ցինիզմը, որով խոսվում էր ամեն ինչի մասին՝ կորուստների, պատերազմի հետեւանքների, այն անառողջ հոգեկան վիճակը, որով թույլ էին տալիս ժողովրդի հետ խոսել, հիշել իրենց կորցրած ժամացույցներն ու օծանելիքները»։

Այդ օրն ապրած շոկից Նարինե Թուխիկյանը մինչ օրս դուրս չի եկել, թեեւ նրա նախկին ղեկավարը՝ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ասում էր՝ ոչինչ, հետպատերազմյան շոկ է, երկու օրից կանցնի։ «Այն, ինչ տեղի ունեցավ, մեծ խաբեություն էր, խոր հիասթափություն, խոր ցավ»։ Խաբեություն ազգի՞ հանդեպ։ «Ազգի, պետության, ժողովրդի։ Ես զարմանում եմ, թե ինչպես ես չեմ զգացել դա ի սկզբանե։ Բայց իսկապես այնպիսի ոգեւորություն էր, ու այնպիսի անհագ ցանկություն կար՝ փոխելու եղածը»։ Ինչպե՞ս եղավ, որ ատելությունն օլիգարխիկ ռեժիմի հանդեպ մեզ ոտքի հանեց, իսկ այսօրվա վիճակը՝ ոչ, հենց թեկուզ այսօր, որ նվազել է Ծիծեռնակաբերդ գնացողների քանակը, մեզ չի հուզում, կարծես։ «Կարծում եմ, որ տեղի է ունեցել բարոյական արժեքների, ոգեղեն երեւույթների ահավոր բռնաբարում։ Այն, որ մենք անտարբեր ենք, ու մնացած շատ վատ հատկությունները, որ մենք, պարզվում է, ունենք, նրանից է, որ մեր ոգին փչացրին, ապականեցին։ Այդպիսի ապականում չէր եղել, լիքը բաների ապականում եղել էր, բայց ոգուն ձեռք չէին տվել։ Այդ մարդիկ իրենք էլ ապականեցին ու դավաճանեցին փոփոխությունների գաղափարը, ինչի համար որ ժողովուրդն իրենց թույլ տվեց լինել առաջնորդ»։

«Հպարտ քաղաքացուն վերաբերվում են որպես մուրացկանի»․ Պետրոս Մակեյան

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը Նիկոլ Փաշինյանին աջակցող առաջին քաղաքական գործիչներից է։ 22 թվականի փետրվարի 6-ից նա վայր է դրել «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահի լիազորությունները, որովհետեւ, ինչպես ինքն է ասում՝ Փաշինյանը «կուսակցության ներսում կեղտոտություն էր անում»։ Հիմա ամեն առավոտ լրահոսն է բացում, որ տեսնի՝ ունե՞նք զոհ, թե՞ չունենք։ «Մենք այս տուրբուլենտությունից դուրս կգանք, եթե սրանք մի քիչ մարդ լինեն։ Բայց՝ ոչ։ Եվրադիտորդներին բերեց, բայց 2 օր առաջ ԱԺ-ում արդեն ՀԱՊԿ-ի դիտորդներից էր խոսում։ Այս անհայրենիքները պետությունը ճողվածքի են տանելու»,- ասում է նա։ Վերադառնալով 5 տարի առաջվա դեպքերին՝ Մակեյանը հիշում է, թե ինչպես մարտի 10-ից մեկնարկեց «Հանուն Հայաստան պետության ճակատ» շարժման առաջին հանրահավաքը։ «Մենք հաշվարկել էինք, որ ապրիլի 9-17-ը իշխանական վակուում է լինելու, եւ այդ օրերին որոշել էինք ժողովրդին հանել ու թույլ չտալ, որ Սերժը դառնա վարչապետ։ Նիկոլը եկավ մեզ հետ հանդիպման, լսեց մեր ծրագիրը, ասեց՝ թե մենք էլ ծրագրեր ունենք։ Մյուս հանդիպմանը եկավ, թե «14+» ծրագիր ունենք՝ 14 օր Գյումրիից քայլելով գալիս եմ, 4 օրն էլ՝ Երեւանում։ Այսինքն՝ դա նույն մեր միտքն էր՝ 17-ին ավարտվում էր։ Մենք Երեւանում ամեն վարչական շրջանում միտինգներ էինք անում, ինքը գալիս էր միանում։ Դիլիջանում մենք նրա հետ հանդիպեցինք քայլելու ժամանակ, պայմանավորվեցինք դետալների մասին, բայց ապրիլի 13-14-ին, որ պետք է մտներ Երեւան, ամբողջ պլանը փոխեց։ Ասեց, որ մենակ ինքը պետք է խոսի։ Մենք այլընտրանք չունեինք։ Հետո, թե՝ հանրահավաքներն առանձին անենք։ Բայց դա նշանակում էր ժողովրդին տանել հուսախաբության, երկու ուժեր ո՞նց կարող էին ժողովրդին տարբեր հանրահավաքների տանել։ Ու եկանք կոմպրոմիսի, որ ինքը միայն ելույթ ունենա»։ Բայց ինչո՞ւ էիք դուք նրան հետագայում էլ աջակցում։ «Այո, որովհետեւ երբ ժողովուրդը ոգեւորված էր, քո հակառակ կանգնելը ոչինչ չէր տալու։ Ամսի 15-ին նա եկավ, մի քանի մարդու անուններ տվեց ճակատից՝ Ալբերտ Բաղդասարյան, Թամարա Հովհաննիսյան, Ենիգոմշյան, ու ասեց, որ նրանց հետ անելիք չունի»,- հիշում  է Մակեյանը։ Այն ժամանակ Փաշինյանը Սեֆիլյանին ու Ճակատի մյուս անդամներին ներկայացրել է որպես ուժային տարբերակի կողմնակիցներ, եւ քանի որ ինքը մերժում էր բռնությունն ու ուժը՝ այդ անձանց մեկուսացրին։ Այդ բոլոր անձինք՝ Փաշինյանի նախկին դաշնակիցները, կրկին հրապարակում էին, բայց արդեն՝ որպես շարքային քաղաքացի։

Մակեյանը բացահայտ սկսել է քննադատել Փաշինյանին, երբ նա նախկիններին պաշտոնների է նշանակել՝ հայտարարելով, որ դեմ է քաղաքական ռասիզմին։ «Նիկոլը վատ գործիք դարձավ մեզ համար՝ ազգադավ, աղետաբեր։ Այն կատուն է, որին ոնց գցես, թաթերին է ընկնում։ Հպարտ քաղաքացուն վերաբերվում են որպես մուրացկանի։ Նրանք, ովքեր սպասարկում են իշխանությունը պահելուն՝ ոստիկանություն, դատախազություն, Քննչական կոմիտե, մինչեւ 2 մլն դրամ աշխատավարձ են ստանում, իսկ թոշակառու-ուսուցիչ, մնացածը կամ 5-10 տոկոսն են ավել ստանում կամ էլ ատեստացիա պետք է անցնեն։ Բայց բացասականը՝ սղաճ, գների բարձրացում, իրենք չեն տեսնում։ Գտել են իշխանությունը պահելու ձեւը՝ նախկիններին դեմ են տալիս՝ տեսեք, եթե մենք չենք՝ իրենք են, ու երկու կողմն էլ կարծես ընդունել են խաղի կանոնները։ Ժողովրդի մեջ կա մի շերտ՝ մուկուչյանական ընտրազանգվածը, որը միշտ սպասարկել է բոլոր իշխանություններին։ Հիմա նրանք են դարձել նիկոլական։ Նրանք են ակտիվ, իսկ մտածող ժողովուրդն ասում է՝ սրանց հետ ինչ խելք դնենք»,- եզրափակում է Պետրոս Մակեյանը։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930