Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի այդ հայտարարություններից հետո նախաքննական մարմինը շատ արագ Միքայել Արզումանյանի գործի քննությունն ավարտեց՝ նույնիսկ իր հայտարարած գործողությունների ծավալը չսպառելով. «Հրապարակ»

Ապրիլ 26,2023 10:32

Մեզ հետ զրույցում Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանն ասաց, որ Արզումանյանի կալանքի երկարաձգումը հիմնավորել են նրանով, որ նա ունի մեծ հեղինակություն եւ կարող է ազդեցություն գործել վկաների վրա։

Փաստաբանին հարցրինք` ինչպե՞ս է ազդել գործի քննության ընթացքի վրա Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունը, որ Միքայել Արզումանյանը «հինգերորդ շարասյան» շարքերում էր։ Փաշինյանը մասնավորապես ասել էր. «Իմ համոզմունքը նա է, որ պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ բանակում գործել է «5-րդ շարասյուն»։ Համոզմունքս մի շարք փաստերի վերլուծության արդյունք է։ Փաստերը, կարծում եմ, առաջիկայում այնքան հրապարակային կլինեն, որ իմ հայտարարությունն այդքան տարօրինակ չի թվա։ Այսօր 50-ից ավելի զինծառայողներ, այդ թվում՝ սպաներ, բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության եւ պետական դավաճանության մեջ։ Որեւէ մեկը մտածո՞ւմ է, որ նրանց գլխին գործ են սարքել։ Այլ հոդվածներով կալանավորված բարձրաստիճան զինվորականներ ունենք։ Հողեր հանձնելու մեղադրանքով բարձրաստիճան զինվորականներ կան կալանքի տակ։ Կա զինվորական, որը մեղադրվում է Շուշիի գործով։ Երբ դատարանը որոշեց կալանավորի, իմ համար զարմանալի բան եղավ։ Մեկ էլ տարբեր մարդիկ ՀՀ-ից, ԼՂ-ից․․․ իմացա, որ դատաիրավական համակարգին միջնորդել են, որ կլինի՞ այսինչ մարդուն կամ մարդկանց կալանքից ազատեն, ներողամիտ վերաբերվեն․․․ բա դուք չէիք ասո՞ւմ, որ պետք է բացահայտվի, թե ինչ է եղել ռազմի դաշտում, թե Շուշին ով է տվել, թե ոնց է ընկել Շուշին։ Որ ասեք դավաճան վարչապետը Շուշին հանձնե՞ց։ Իսկ կարո՞ղ է պարզվի, որ դա է եղել պլանը»։

Երեմ Սարգսյանի խոսքով՝ Փաշինյանի այս հայտարարությունը գործի նախաքննության ընթացքը կանխորոշել է․ «Նախ սկսենք նրանից, որ Միքայել Արզումանյանը մեղադրվում է Շուշիի պաշտպանության ընթացքում ոչ բավարար միջոցներ ձեռնարկելու մեջ, այսինքն՝ անփութություն է վերագրվում, որ ինչ-որ գործողություններ պիտի աներ, չի արել, բայց դա ո՞վ է գնահատում` գործով քննիչը, դատախազը, որոնք նման մասնագիտական գիտելիքներ չունեն, որպեսզի որոշեն, թե պատերազմի ընթացքում ՊԲ հրամանատարը կոնկրետ ինչ ելակետային տվյալների հիման վրա կոնկրետ ինչ որոշումներ պետք է կայացներ։ Շատ հեշտ է հետին թվով ասել, որ այն ժամանակ այսպես կամ այնպես պիտի արվեր, բուն մարտական գործողությունների ժամանակ Միքայել Արզումանյանն արել է առավելագույնը, եւ եթե այսօր ամեն չնչին դրվագ համարենք, որ հանցագործություն է, ապա մենք պետք է բոլորին դատապարտենք, որովհետեւ քննչական մարմիններն իրենց աշխատասենյակներում հանգիստ նստած են, բայց խախտումներ ու ապօրինություններ են անում խաղաղ պայմաններում, իսկ մենք ուզում ենք պատերազմի ժամանակ ընդհանրապես թերություն չլինի, ու դեռեւս հարց է, թե թերություն կա՞, թե՞ չէ, որովհետեւ այդ մարմիններն իրավունք չունեն գնահատելու թերության առկայությունը։ Փաշինյանի այդ հայտարարություններից հետո նախաքննական մարմինը շատ արագ գործի քննությունն ավարտեց՝ նույնիսկ իր հայտարարած գործողությունների ծավալը չսպառելով։ Ես ուզում եմ հավատալ, որ դատարանի վրա այդ հայտարարությունները որեւէ ազդեցություն չեն թողնի, սակայն փորձը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում նման հայտարարությունները միանշանակ իրենց ազդեցությունը թողնում են»։

Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930