Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւը կանգ կառնի, եթե…

Ապրիլ 26,2023 10:00

«Որքա՞ն է դա շարունակվելու, ե՞րբ է Ալիեւը կանգ առնելու…»,-երբեմն նման հարցեր են ինձ տալիս մարդիկ փողոցում: Դա տեղի չի ունենա այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանում այս իշխանությունն է: Բայց, քանի որ իշխանությունը լեգիտիմ է, ընտրված է քաղաքացիների մեծամասնության կողմից, ուրեմն այդ ամենը կավարտվի այն ժամանակ, երբ այդ մեծամասնությունը կփոխի իր կարծիքը: Երբ դա տեղի կունենա՝ դա անմիջապես կնկատվի:

Եթե իշխանության ընտրազանգվածի ներկայացուցիչը համարձակվում է Արցախի շրջափակման դեմ բողոքող երիտասարդներին ասել, որ նրանք «դավաճանական քայլ են կատարում՝ պարզելով գոյություն չունեցող երկրի դրոշը», ապա, իմացեք, բեկման պահը դեռեւս չի եկել:

Այսօր Ալիեւի դեմ հանդիման կանգնած է նրան պարտված Փաշինյանը: Ներքին կյանքում նա կարող է «մեծ խիզախությամբ», կոշտ արտահայտություններով հակադարձել ընդդիմախոսներին, նրանց մեղադրել, սպառնալ, հիշեցնել ինչ-որ մադրիդյան սկզբունքներ, եւ բազմաթիվ այլ անցած, գնացած բաներ: Արտաքին ճակատում նա բացարձակապես կամազուրկ եւ ձայնազուրկ է, «խաղաղության օրակարգին» հավատարիմ, ինչը թարգմանաբար նշանակում է՝ թույլ տալ Ալիեւին անել այն ամենն, ինչ նա ուզում է:

Պատկերացրեք, որ Ադրբեջանը «անցակետ» է դնում ոչ թե Բերձորի միջանցքում, այլ՝ Հայաստանի որեւէ մայրուղում: Ի՞նչ է դրան հետեւելու: Փաշինյանի օրոք՝ ոչ մի բան: Ռուսաստանը, ԱՄՆ-ը եւ Ֆրանսիան դա կորակեն որպես «ապակառուցողական քայլ», իսկ վարչապետը կառավարության նիստում կամ ԱԺ-ում բառային խաբսերով կբացատրի, որ ամբողջ խնդիրը Կազանի փաստաթուղթն է կամ Ալմա Աթայի հռչակագիրը, բայց «Հայաստանը եւս մեկ անգամ հաստատում է իր հանձնառությունը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում»:

Կարծում եմ, վերջին երկու տարիների իրադարձությունները հստակ ցույց են տալիս, որ ոչ ռուսները, ոչ էլ՝ առավել եւս, եվրոպացի քաղաքացիական դիտորդները, Ալիեւին չեն կանգնեցնի: Նրան կարող է կանգնեցնել միայն հայկական բանակը՝ թիկունքում ունենալով արդյունավետ դիվանագիտություն: Ներկայիս իշխանության օրոք դա հնարավոր չէ:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «Բայց, քանի որ իշխանությունը լեգիտիմ է, ընտրված է քաղաքացիների մեծամասնության կողմից, ուրեմն այդ ամենը կավարտվի այն ժամանակ, երբ այդ մեծամասնությունը կփոխի իր կարծիքը:»
    Նախ, ճիշտ չէ, որ իշխանությունն ընտրվել է քաղաքացիների մեծամասնության կողմից. նրան ընտրել է ընտրելու իրավունք ունեցողների մոտավորապես մեկ երրորդը: Երկրորդ, մեր վիճակում հայտնված երկրի համար ավելի բնական և, իմ կարծիքով, ճիշտ կլիներ այն, ինչ տեղի ունեցավ Ադրբեջանում 1993-ին:
    Մեջբերում եմ Վիքիպեդիայից: «Արցախում ադրբեջանական բանակի պարտություններից հետո Էլչիբեյի հեղինակությունը սկսել է ընկնել։ Գնդապետ Ս. Հուսեյնովը, օգտագործելով ԼՂՀ-ում ադրբեջանական բանակի պարտությունների հետևանքով երկրում սկսած համընդհանուր դժգոհությունը, զինված խռովություն է բարձրացրել, իսկ 1993 թ.-ի հունիսի 4-ին Գանձակ քաղաքում Ադրբեջանի Հանրապետության անվտանգության ուժերի և Ս. Հուսեյնովի զինված ուժերի միջև ընդհարումները դարձել են Էլչիբեյի դեմ զինվորական հեղաշրջման սկիզբ։ 1993 թ.-ի հունիսի 18-ին, երբ խռովարարները մոտեցել են Բաքվին, Էլչիբեյը մայրաքաղաքից հեռացել է Նախիջևան։ Բանակցություններից հետո նա հրաժարվել է վերադառնալ Բաքու, և Միլի մեջլիսը Հեյդար Ալիևին նշանակել է հանրապետության նախագահի պաշտոնակատար։
    1993 թ.-ի օգոստոսի 31-ին անցկացվել է հանրաքվե, որի մասնակիցների 97.5 տոկոսը անվստահություն է հայտնել Էլչիբեյին, իսկ սեպտեմբերի 1-ին Միլի մեջլիսը պաշտոնանկ է հայտարարել նրան։ Կյանքի վերջին տարիներին ապրել է ծննդավայրում։»
    Դժբախտաբար, 2020-21-ին մեզ մոտ չգտնվեց Հեյդար Ալիևի պես մեկը: Թե չէ գիտահետազոտակա՜ն, միտահետազոտակա՜ն:

  2. «Նրան կարող է կանգեցնել միայն» Բրիտանիան: Հույսը նավթի հանքերի սպառվելն է:

  3. «վերջին երկու տարիների իրադարձությունները հստակ ցույց են տալիս», որ հայկական չի լինելու բանակը:

  4. Nimar says:

    Այն ենթադրությունը, որ ուղղակի, անուղղակի կամ այլ կերպ Ալիեւի գործողությունները կարող են կախված լինել հարևան երկրի ղեկավարի անձից, ծիծաղելի է։ Քաղաքականությունը որոշվում է ուժերի իրական հարաբերակցությամբ՝ ռազմական և տնտեսական։ Հրաշագործ-առաջնորդի նկատմամբ միամիտ հավատը ներելի է, բայց դա վերաբերում է մարդկային էության սուբյեկտիվ-էմոցիոնալ հատկություններին: Ի վերջո, որոշ մարդիկ դեռ հավատում են cargo-պաշտամունքին, բայց հիմնավոր կասկածներ կան, որ դա օգնում է:

  5. Լավատես says:

    Մենք շատ ենք տարվում այսօրվա իշխանությունընդդիմությունը մեղադրելով եւ ամեն անգամ բախվում ենք ընտրություններին մասնակցած մեծամասնության անսասան կարծիքի հետ, բայց հիմա հո այս մարդիկ չեն մեղավոր, որ միշտ իշխանության ներկայացուցիչներին են ընտրում, մեղավորը ընտրողների այն մեծամասնությունն է, ով այլ կարծիք ունի, թե ում ընտրի, բայց ընտրություններին չի մասնակցում: Ընտրություններին մասնակցելը ժողովրդավարական երկրում պետք է համարվի քաղաքացիական ծառայություն, նույնքան բարձր քաղաքացիական պարտք, ինչպես բանակում ծառայելը, երբ թշնամիներով ես շրջապատված: Համոզված եմ, ընտրական ձայնի իրավունք ունեցողների մեծամասնությունը ոչ նախկին եւ ոչ էլ ներկա է ուզում, ես շատ կուզենայի, որ մեր քաղաքական այրերը մեր ջահելության մեջ փնտրեին, գտնեին ու մարզիչի նման պատրաստեին նրանց մեր ներկանախկինների հետ քաղաքական մրցամարտին, իսկ մեր ընտրողները մի մարդու նման գնան ընտրության, սա է մեր փրկությունը: Հայեր, միացե՛ք:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930