«Միկա» մարզահամալիրում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը Հայաստանն ուներ մեկ մասնակից՝ +92 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը, որի մրցակիցը Մոլդովայի ներկայացուցիչ Գրիգորի Չերեակովն էր։ Մարտն ավարտվեց, կարելի է ասել, դեռ չսկսված, երբ Ալբերտը առաջին ռաունդում մի քանի շոշափելի հարվածներով նախապատրաստելուց հետո հասցրեց վճռորոշ հարվածը, ու մրցակիցը հայտնվեց ռինգի հատակին։
Այդ մենամարտից րոպեներ առաջ մեր երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Վազգեն Բադալյանը Aravot.am-ի հետ զրույցում ասել էր․ «Սպասելիքներ, իհարկե, ունենք, որովհետեւ լավ ենք պատրաստվել։ Հստակ որեւէ բան ասել հնարավոր չէ, որովհետեւ սա սպորտ է։ Բացի դրանից, կան տղաներ, որոնք հանրապետության առաջնությունից հետո են եկել հավաքական, սակայն ակնկալվող բազան դեռ չունեն։ Թիմը մասնակցեց միջազգային երեք մրցաշարերի, որոնց ընթացքում որոշակի բաներ փորձարկեցինք, տղաներին ճանաչեցինք, տեսանք, թե յուրաքանչյուրը դրսում հոգեբանական ինչ վիճակներում է հայտնվում։
Ընդհանուր առմամբ տղաները պատրաստ են։ Ֆիզիկական պատրաստվածության հավաք արել ենք Ծաղկաձորու, հետո «Օլիմպավանում» մշակել ենք տեխնիկա-տակտիկական հնարքներ։ Որքան հնարավոր է եղել, լրացրել ենք պակասը, մաքրել ավելորդը։ Մեդալներ կլինեն։ Բայց թե ինչ հարգի ու քանիսը, դժվար է ասել, քանի որ մյուս թիմերում էլ տղաներ կան, որ եկել են պատանեկան թիմերից ու նրանց չենք ճանաչում,-ասել էր ավագ մարզիչը։
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե առաջնությանն ամբողջական կազմով մասնակցելը նշանակո՞ւմ է,, արդյոք, որ բոլորն էլ արժանի են երկիրը ներկայացնել՝ քաջատեղյակ լինելով մարզչի պահանջկոտությանն ու սկզբունքայնությունը, պարոն Բադալյանը պատասխանել էր․ «Բնականաբար, բոլորը չեն կարող հավասարաչափ լավը լինել։ Եթե առաջնությունը այլ երկրում լիներ, մեկ-երկուսին չէի ընդգրկի։ Բայց քանի որ, Հայաստանում է, իրենց դրսևորելու, մահափորձ ձեռք բերելու շանս ենք տվել։ Կարծում եմ, սխալ որոշում չենք կայացրել։ Թող մենամարտեն իրենց երկրում, իրենց երկրի հողի ու ջրի, երկրպագուների ուժն ստանան»։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ