Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռուսական Հիմնադիրը զբաղված է քաղաքական մանիպուլյացիաներով եւ իրավաբանական աճպարարության իրականացմամբ»

Ապրիլ 25,2023 23:23

Չնայած նրան, որ Դարբինյանն արգելել էր, սակայն Հայ-ռուսական համալսարանում տեղի է ունեցել ինքնաբուխ հավաք՝ երկու-երեք հոգի ներխուժել են Համալսարանի, այսպես կոչված, «ռադիոտուն», միացրել բոլոր բարձրախոսները ու Համալսարանի ողջ անձնակազմին հրավիրել Մշակույթի տուն՝ ժողովի: Առնվազն 450-500 մասնակից՝ ուսանողներ, դասախոսներ, ինստիտուտների տնօրեններ, վարչակազմի ներկայացուցիչներ, հավաքվել էին Մշակույթի տանը:

Երբ դժգոհությունների ալիքն այլեւս անկառավարելի դարձավ, իսկ մասնակիցների հարցերին պատասխանողներ չեղան՝ հավաքվածները պահանջեցին Դարբինյանի ներկայությունը: Մասնակիցներից մեկը մի քանի անգամ փորձեց կապ հաստատել ռեկտորի հետ, սակայն ապարդյուն. բոլոր զանգերն անարձագանք մնացին: Անվտանգության աշխատակիցները զեկուցել էին ռեկտորին ստեղծված իրավիճակի մասին, ինչին ի պատասխան Դարբինյանը ժամանեց ուսանողների կողմից կազմակերպված ժողովին: Հատկանշական է, որ ուսանողական անկարգությունները որեւէ կերպ զսպելու, ստեղծված իրավիճակը բնականոն հուն բերելու, ինչպես նաեւ առաջադրված հարցերին պատասխանելու իրավունք ու կարողություն ունեցող որևէ համալսարանական պաշտոնյա չէր ներկայացել ժողովին. տպավորություն էր, որ Դարբինյանի բացակայության պայմաններում Համալսարանում անիշխանություն է տիրում:

Դարբինյանը շատ ջղայանացած բեմ բարձրացավ, սաստեց ուսանողներին եւ բոլոր ներկաներին: Նա արձանագրեց, որ բոլոր հավաքվածները վերջինիս «մանիպուլյացիա» անելու, ինչպես նաեւ ուսանողների ուղեղները, մտքերը խեղելու մեջ մեղադրելու հիմքեր են տալիս, ստեղծում: Դարբինյանը խոսեց այն մասին, որ 21 ու կես տարի անկախ ու ազատ համալսարան է կառուցել, սակայն այդ ազատությունը եւ անկախությունը կապ չունեն ռադիոյով հավաքի կանչելու հետ՝ բարկացավ եւ խոստացավ պատժել այն անձանց, ովքեր մտել էին Համալսարանի «ռադիոտուն» եւ միացրել համապատասխան կոչնակը: Վերջինս մի քանի անգամ շեշտեց, որ չափից դուրս բարկացած է բոլոր ներկաների վրա, քանի որ ականջալուր չեղան իր կոչին ու հավաքվեցին: Ներկաներից մի քանիսը հայտարարեցին, որ հավաքվել են քննարկելու բացառապես փոխնախարար Մոգիլեւսկու հայտարարությունը, ինչպես նաեւ նրան հրավիրում էին հավաքին, քանի որ իրենց հարցերին պատասխանողներ չկային:

Ինքնաբուխ հավաքի իրական պատճառը, զլմ-ներից մեկին տրված, ՌԴ բարձրագույն կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Մոգիլեւսկու խնդրահարույց մեկնաբանությունն էր:

Փոխնախարար Մոգիլեւսկին իր մեկնաբանությունում նշել է, որ, իբրեւ թե, տպավորություն է ստեղծվում, որ Համալսարանի պատերի ներսում մարդիկ մանիպուլյացիաների են ենթարկվում: Ինքնաբուխ հավաքի ընթացքում ուսանողները խստագույնս քննադատեցին նախարարի տեղակալին, որն անհասկանալի եւ անբացատրելի կերպով «մանիպուլացված» հռչակեց ակադեմիական ազատության միջավայրում կրթություն տվող եւ ստացող մարդկանց, ովքեր, ցանկացած կարեւոր հարցի լուծման վերաբերյալ, մշտապես ինքնուրույն որոշումներ են կայացրել:

Համալսարանը պաշտոնապես մասնակցում է աշխարհում ամենահեղինակավոր ռեյտինգավորման գործընթացին՝«QS World University Rankings»-ին, ավելին, այն միակն է, որին Համալսարանը պաշտոնապես մասնակցում է: Համալսարանը, վերեւում նշված ձեւաչափում, առաջինն է Հայաստանի Հանրապետությունում, երկրորդն է Հարավային Կովկասում, ինչպես նաեւ իր դիրքով գերազանցում է հետխորհրդային տիրույթում գործող բազում համալսարաններին, այդ թվում՝ ռուսական առաջավոր բուհերին: Սույն համատեքստում խիստ անհասկանալի էր, թե ինչպե՞ս եւ ի՞նչ նպատակով էր նախարարի տեղակալը պնդել, որ Համալսարանը՝ բոլոր ռեյտինգներով հետընթաց է ապրել, Հայաստանում երրորդ-չորրորդ հորիզոնականն է զբաղեցնում: Հատկանշական է, որ Համալսարանն իր հիմնադրումից ի վեր երբեք վարկանիշային հետընթաց չի ապրել. մշտապես բարելավել է իր տեղն ու դիրքը ռեյտինգավորման ցանկում:

Հաշվի առնելով նախարարի տեղակալ Մոգիլեւսկիի այն հայտարարությունը, որ Համալսարանի Հիմնադիր փաստաթղթերը չեն լիազորում Հիմնադիրներին՝ նշանակելու Համալսարանի ռեկտորի պաշտոնակատար՝ առնվազն ավարտական կուրսերի ուսանողները հայտարարեցին իրենց դիպլոմների հնարավոր անվավերությանը հանգեցնող ապօրինի ժամանակավոր պաշտոնակատարի հնարավոր նշանակման վերաբերյալ Հիմնադիրների մոտ բողոքի ձայն բարձրացնելու նպատակի մասին: Ինքնաբուխ հավաքին ներկա իրավաբան ուսանողներն ու դասախոսներն իրենց մասնագիտական կարծիքը հայտնեցին այն մասին, որ նախարարի տեղակալի հոդվածում արտահայտված միտքն իբրեւ թե «ՊՈԱԿ-ների մասին» ՀՀ օրենքի անալոգիայով հնարավոր է իրավիճակի հանգուցալուծում՝ ո՛չ ընդունելի է, եւ ո՛չ էլ պրոֆեսիոնալ, քանի որ Համալսարանը ոչ միայն ՊՈԱԿ ՉԷ, այլեւ գործադիր մարմնի ձեւավորման՝ ռեկտորի ընտրության, վերաբերյալ ունի հստակ գործող իրավակարգավորումներ:

Հավաքին մասնակից բնագիտական թեւի ներկայացուցիչ ուսանողներն ու հետազոտողները, հղում անելով նշված հոդվածի այն հատվածին, որը նվիրված էր Համալսարանում միջազգային պատժամիջոցների տակ ճռացող ռուսական կորպորացիաների ուղիղ ու անմիջական ներգրավումը համալսարանական համայնքում՝ Համալսարանին կկանգնեցնի պատժամիջոցների տակ հայտնվելու վտանգի առջեւ: Պատժամիջոցները կհանգեցնեն Համալսարանում գործող բոլոր միջազգային դրամաշնորհների, միջազգային գիտահետազոտական ծրագրերի, ինչպես նաեւ ուսանողական եւ դասախոսական ակադեմիական շարժունության ի սպառ վերացմանը: Ավելին, պատժամիջոցների տակ հայտնված Համալսարանի կողմից տրված դիպլոմները կկորցնեն իրենց ողջ ուժը:

Ինքնաբուխ հավաքի բոլոր մասնակիցներին հատկապես զայրացրել էր այն հանգամանքը, որ փոխնախարար Մոգիլեւսկին փաստացի հայտարարել էր, որ Համալսարանի նկատմամբ վերջին տարիներին ուղեկցվող հետապնդումները կրել ու կրում են բացառապես քաղաքական բնույթ, ինչի վկայությունն էր, փոխնախարարի կողմից արձանագրված հետեւյալ միտքը՝ «… Մոգիլեւսկին նշել է, որ Հայ-ռուսական համալսարանի ղեկավարության փոփոխության համար անհրաժեշտ է թարմացնել Ռուս-հայկական միջկառավարական համաձայնագիրը: …Բայց ամենակարևորն այն է, որ հիմնադիրները, պետությունների ներկայացուցիչները չեն կարող չցուցաբերել բավարար քաղաքական կամք՝ բուհի ապագային վերաբերող հարցի լուծման ընթացքում: …Մենք իրավունք չունենք թուլամորթ լինելու. բնականաբար, ես կարող եմ խոսել միայն ռուսական կողմի անունից, ռուսական կողմն ունի անհրաժեշտ քաղաքական կամք՝ բուհում իրավիճակը դեպի լավը փոխելու համար։»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխնախարարը Հայկական Հիմնադրին մեղադրեց քաղաքական անողնաշարության մեջ՝ ներկաները դա կապեցին գործընթացները Համալսարանի Հիմնադիր փաստաթղթերով նախանշված պայմաններով իրականացնելու վերաբերյալ Հայկական հիմնադրի կողմից հստակ արտահայտված դիրքորոշման հետ. այն է, Համալսարանի ռեկտորն ընտրվում է բացառապես Ընդհանուր ժողովի կողմից:

Փաստացի, ինքնաբուխ հավաքի մասնակիցներն արձանագրեցին, որ Հիմնադիրները Համալսարանի գործադիր մարմնի ձեւավորման հարցում ունեն հակառակ համեմատական մոտեցումներ. Հայկական Հիմնադիրը պահանջում է գումարել Ընդհանուր ժողով եւ ընտրել ռեկտոր, իսկ Ռուսական Հիմնադիրը՝ զբաղված է քաղաքական մանիպուլյացիաներով եւ իրավաբանական աճպարարության իրականացմամբ:

Ի թիվս այլնի, հավաքի մասնակիցները արձանագրեցին, որ հետամուտ են լինելու ստորագրահավաքի պահանջների կատարմանը՝ մոտ օրերս այցելելով Հայաստանի ԿԳՄՍ նախարարին:

 

Արտաշես Ահարոնյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930