Ստեղծված իրավիճակի մեղավորը ժողովո՞ւրդն է, թե՞ վերնախավը՝ հարցին պատասխանելուց առաջ, «Այլընտրանքային նախագծեր» նախաձեռնության հիմնադիր, ԱԺ նախկին պատգամավոր Վահե Հովհաննիսյանն առաջարկում է խնդրին համակարգային մոտենալ: Իր կարծիքով, որը բարձրաձայնեց այսօր «Հայկական աշխարհ և անտարբերների հասարակություն» թեմայով քննարկման ժամանակ, օրինակ, մեկ հարցում մենք մեծ թերագնահատում ունենք՝ ազգային, հասարակական կազմաքանդման աստիճանի, որը տարբեր պատճառներով շատ խորն է գնացել ու տասնամյակների պատմություն ունի, ինչի վերջին ակորդը 44-օրյա պատերազմն էր, իր ելքով: Եթե դրա դեմ պայքար չսկսենք, ապա՝ «մեզ շատ հեշտ են ջարդելու»:
«Ի՞նչ են անում նրանք, ովքեր ուզում են, որ չլինենք ուժեղ, արժանապատիվ, նորմալ 21-րդ դարի պետություն: Մեզ ուզում են պառակտել: Երբ դու գտնվում ես հանրային կամ ազգային կազմաքանդման մեջ, քեզ շատ հեշտ է պառակտելը: Եվ եկեղեցու դեմ այս վերջին արշավին նայում եմ վտանգավոր տեսանկյունից: Եկեղեցուն ուզում են բարիկադավորել տասնյակ բարիկադներից մեկում՝ որպես շարքային միավոր, որը շատ վտանգավոր բան է»,- ասաց նա՝ հավելելով, որ այլ ճանապարհ, քան հանրային հաշտեցումն է, գոյություն չունի:
«Նրանք, ովքեր այլ ճանապարհ են փնտրում, այն ճամբարում են, որոնք ուզում են պետության, ժողովրդի քանդում: Մեզ շատ են բզկտել, և եթե չգնանք բզկտման դեմ պայքարի, իրենք կհասնեն հաջողության»,- համոզված է Վահե Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ անդամ Շաքե Իսայանն էլ պատասխանելով հարցին՝ հանրությունը մտահո՞գ է առկա խնդիրներով, թե՞ ունենք անտարբեր հասարակություն, ասաց, որ հասարակությունն անտարբեր չէ. կան կոմֆորմիստներ, կան մարդիկ, ովքեր գերադասում են լուռ մնալ, բայց այդպիսիք միշտ են եղել, իսկ նրանց կողքին կան հարյուր-հազարավորներն՝ ում «սիրտը պայթում է» անզորությունից:
Ապրիլքսանչորսյան երեկվա միջոցառումները, ըստ բանախոսի, կրկին ցույց տվեցին, որ հայեր կարողանում են միավորվել ընդհանուր գաղափարների շուրջ, եթե դրանք կան: Բանախոսի գնահատմամբ, երեկվա հոսքը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք նաեւ ցույց տվեց, որ հայկական աշխարհը չի ոչնչացել՝ ի հեճուկս շատերի ցանկության ու ճիշտ ու համակարգված աշխատանքի, ճիշտ գաղափարների պարագայում, հնարավոր է շատ արագ համախմբել հասարակությունն ու հայերին:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ