«Նախորդ դատական նիստին ներկայացրել էինք դատական իշխանության նկատմամբ տեղի ունեցող ոտնձգությունները՝ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների կողմից, հավելվածի առաջին հատվածն ավարտեցինք, հիմա երկրորդ հատվածին եմ անդրադառնում»,-ասաց ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի պաշտպան Արամ Օրբելյանը՝ Ռուբեն Վարդազարյանի գործով հերթական դատական նիստին:
Նրա ձեւակերպմամբ, խոսքը վերաբերվում է Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ քաղաքական եւ ոչ քրեաիրավական հետապնդումներին,ինչը փաստում է, որ քրեական գործը չի հետապնդում այն նպատակները, որոնք նախատեսված են Քրեական դատավարության եւ Քրեական օրենսգրքերով:
«Ռուբեն Վարդազարյանը քաղաքական իշխանության ուշադրության կենտրոնում հայտնվել է 2020թ նոյեմբերի 15-ի հայտարարությունից հետո: Դա այն հայտարարությունն էր, որի ժամանակ պարոն Վարդազարյանը կոչ էր արել դատավորներին առաջնորդվել օրենքով եւ Սահմանադրությամբ, գործունեություն իրականացնել օրենքի ու Սահմանադրության տառին համապատասխան եւ ցույց տալ, որ իրենք դատավորներ են, ոչ թե պատերի տակ վնգստացողներ…Այդ հայտարարությունը ցանկալի չէր հատկապես Նիկոլ Փաշինյանի համար»,-ասաց փաստաբանը: Նաեւ հիշեցրեց, թե ինչպես է դրան հետեւել Փաշինյանի՝ պատերի տակ վնգստացողների հարցերը լուծելու մասին հայտարարությունը:
Օրբելյանի խոսքով, խոսքով քաղաքական իշխանության դիրքորոշումը ցայտուն է դառնում հատկապես ընթացքող գործընթացներից նաեւ 2021թ մարտի 2-ին եւ 3-ին ԱԺ-ում տեղին ունեցող նիստերի ժամանակ, երբ Ռուբեն Վարդազարյանը փորձում էր ներկայացնել դատավորի թեկնածուներին՝ ի պաշտոնե որպես ԲԴԽ նախագահ հանդես գալով: Նա անդրադարձավ նաեւ Գագիկ Ջհանգիրյանի հետ Վարդազարյանի զրույցի աղմկոտ ձայնագրությանը:
Կարդացեք նաև
Դատավորն հետաքրքրվեց, թե ինչ իմաստ ունի մասնավոր զրույցը դատարանում ներկայացնելը, հատկապես որ այն վաղուց հանրության սեփականությունն է դարձել: Փաստաբանն ասաց, որ շատ պարզ տրամաբանություն ունի. «Գագիկ Ջհանգիրյանի ու Ռուբեն Վարդազարյանի միջեւ մասնավոր զրույց տեղի չի ունեցել, եղել են չակերտավոր ասած բանակցություններ, որտեղ Գագիկ Ջհանգիրյանը հորդորել է Ռուբեն Վարդազարյանին հրաժարական տալ եւ հնչել են դարձյալ չակերտավոր սպառնալիքներ կամ մտքեր՝ այդ թվում նաեւ այն քրեական գործի մասին, որը քննում ենք, բայց որը հարուցված չի եղել…Չի եղել քրեական գործ, չի եղել հաղորդում հանցագործության մասին, սակայն Գագիկ Ջհանգիրյանն ասել է, որ եթե հրաժարական չտաս, կլինեն քրեական գործեր»:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար։ Ըստ մեղադրանքի՝ 2019թ. հուլիսին նա, լինելով ԲԴԽ նախագահ, կատարել է Սահմանադրությամբ եւ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով իրեն տրված լիազորությունների հետ չկապված գործողություններ եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ միջամտել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանի կողմից արդարադատության իրականացմանը։ Մասնավորապես, նա «Signal» հավելվածով զանգել է իրեն ու պահանջել, որ փոխի «Ալավերդցի Վահագնի»՝ Վահագն Աբգարյանի հանդեպ կիրառված խափանման միջոց կալանավորումը։ Այս մասին հաղորդում հետագայում ներկայացրել է հենց Անդրանիկ Սիմոնյանը, որը հետո նշանակվեց եւ մինչեւ այժմ պաշտոնավարում է որպես ԱԱԾ պետի տեղակալ։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ