Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ թվում է՝ Արցախի որոշ տարածքներ կբնակեցնեն Թուրքիայի երկրաշարժից տուժածներով ու Սիրիայի ահաբեկիչներով»․ Էթնոաշխարհագետ

Ապրիլ 25,2023 18:40

Էթնոաշխարհագետ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Արտաշես Բոյաջյանն Aravot.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Ադրբեջանի կողմից Արցախի զավթած տարածքները բնակեցնելուն, կարծիք հայտնեց, որ Իլհամ Ալիևի համար այդքան էլ հեշտ չի լինի այդ հարցը արագորեն լուծելը։ Ըստ նրա, հնարավոր է սակայն Ադրբեջանի իշխանությունն այնպիսի բնակիչներով այդ տարածքները լցնի, որոնք մեծ վտանգ կարող են սպառնալ հայ ժողովրդի համար։

«Արցախի այն բնակավայրերը, որոնք ավերվածության չեն ենթարկվել, հիմնականում դրանք հայկական բնակավայրերն են, մարդիկ պատերազմի ժամանակ լքել են իրենց տները, այդտեղ ավելի հեշտ է վերաբնակեցնելը, քան անվտանգության գոտին,  ասենք՝ Կովսականը, Քարվաճառը։

Այդտեղ դժվար է բնակեցնել, ահավոր ծանր աշխատանք է, ոչ ոք Բաքվից կամ այլ քաղաքներից, ովքեր տնավորված են, չեն գա, բնակվեն։ Ինձ թվում է՝ հիմա այդտեղ կարող են գան, բնակվեն Թուրքիայի երկրաշարժից տները կորցրածները, որոնք սոցիալապես ծանր վիճակում են և Սիրիայում  բնակվող ահաբեկիչ թուրքոմանները, որոնց հետագայում կարող է օգտագործել հայերի դեմ։

Այսինքն՝ Ադրբեջանի ղեկավարությունը Թուրքիայի կառավարության հետ համատեղ կարող է այդ ծրագիրն իրականացնել մոտ ապագայում, որովհետև Սիրիայում Իդլիբի կողմերում շատ են վրաններում ապրողները։ Դրանց կարող են տեղափոխել և բնակեցնել այդ տարածքներում։ Սա շատ վտանգավոր է։ Իսկ այն, որ ադրբեջանցիները լքեն Բաքուն կամ այլ բնակավայրեր, մեծամասնությունը երբեք չի գա այդտեղ», -ասում է Արտաշես Բոյաջյանը։

Ըստ նրա, ՀՀ կառավարությունը ուժերի գերլարումով պայմաններ պիտի ստեղծի հայ ժողովրդի անվտանգության համար, այլ ոչ թե հայտարարի, թե մենք Ադրբեջանից տարածքային պահանջներ չունենք։

«Եթե մենք ամեն օր ելնում,  հայտարարում ենք, որ մենք Ադրբեջանից տարածքային պահանջներ չունենք և այլ, և այլն, ոչ  հայանպաստ հայտարարություններ ենք անում իշխանության մակարդակով, բնականաբար Ադրբեջանի ղեկավարությունը ընդունում է որպես փաստ և իր հայտարարությունները ավելի է կոշտացնում։

2020 թվականի նոյեմբերի 9-ին մենք  հրադադար ենք կնքել, եթե Հայաստանի կառավարությունը կարողանա իր մեջ ուժ գտնի և Արցախի անկախությունը ճանաչի, ամբողջապես իրադրությունը կփոխվի։ Եթե պատերազմ է լինելու, կլինի, թեկուզ եթե վաղն էլ Արցախի բոլոր քաղաքացիները ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, դա հարցի լուծում չի լինի, դրանից հետո կանցնեն Զանգեզուրին։ Այս խնդիրը շատ ավելի գլոբալ է, դրա համար մեր կողմից պետք են որոշ քայլեր, որ Ադրբեջանը զգաստանա և զգոնանա։

Այդ քայլերից մեկը պիտի լինի Արցախի անկախության ճանաչումը, ոնց որ Ռուսաստանը վերցրեց Դոնբասը, Ղրիմը ու ընդունեց, որ դրանք իր պատմական հողերն են։ Իսկ դրա համար պատերազմից չպիտի վախենալ, եթե պատերազմ պիտի լինի, կլինի, պատերազմին պետք է պատրաստ լինել։

Եթե դու պատերազմին պատրաստ ես, թշնամին կզգուշանա պատերազմ սկսել, եթե դու ելնում, ամեն օր հայտարարում ես, որ ես սահմանազատում եմ անում, հրաժարվում եմ, մենք Ադրբեջանից հողային պահանջներ չունենք, ինքն ավելի է լկտիանում։

Այսինքն՝ եթե Սահմանադրությամբ դու չես կարող քո պետության անվտանգությունն ապահովել, որով պետության ղեկավարը՝ վարչապետն է  պատասխանատու ՀՀ սահմանների անձեռնմխելիության համար, լավ կլինի հրաժարական տաս, գա մի այնպիսի ղեկավար, որը կարողանա ապահովել տարածքային անձեռնմխելիությունը։

Եթե եկել է այն պահը, որ պիտի կռվենք, ուրեմն պիտի կռվենք, ոչ թե ասենք միջազգային  օրենքներով, տեսնում եք, որ ամբողջ աշխարհում միջազգային օրենքներ չեն գործում։ Հաագայի դատարանը պարտավորեցրեց Լաչինի միջանցքը  բացել, բացե՞ց․․․

Միջազգային օրենքները ի շահ քեզ օգտագործելով՝ պիտի ինքդ ապահովես քո երկրի բնակչության անվտանգությունը, թեկուզ  և կռիվների, պատերազմների, զոհերի գնով, ուրիշ ձևով հնարավոր չէ։ Մենք մի անգամ 1920 թվականին Կարսի բերդն այդ ձևով հանձնեցինք՝ ակնկալելով, որ ռուսը կօգնի, ռուսը մեզ չի գա օգնի։

Մեր միակ օգնողը մենք պիտի լինենք, եթե կողքից տեսնում են, որ դու քո հողի համար կռիվ ես տալիս, կարող են օգնության ձեռք մեկնել, մանավանդ կան այդ պետություններ, որոնք պատրաստ են մեզ օգնել, ուղղակի պիտի որակական հատկանիշներ ունեցող մարդը գա իշխանության, որը կարող է այդ քայլերին դիմել։ Ամեն մի քաղաքացու պաշտպանությունը պիտի լինի մեր երկրի ղեկավարների սուրբ գործը»,- ասում է Արտաշես Բոյաջյանը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930