Լրահոս
Օրվա լրահոսը

«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքն ուժի մեջ կմտնի ոչ թե հուլիսի, այլ հունիսի 1-ից

Ապրիլ 25,2023 17:53

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում այսօր, ինչպես հայտնել էինք, քննարկվեց
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի՝ որպես ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել հուլիսի մեկը՝ այն պատճառաբանությամբ, որ օրենքից բխող մոտ երեսուն ենթաօրենսդրական ակտեր դեռ պետք է ընդունվեն կառավարության կողմից։

Մինչեւ երկրորդ ընթերցումը` նախագիծը քննարկվեց նաեւ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում, եւ արդեն ԱԺ նիստի ընթացքում ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը ներկայացրեց արդյունքը․ «Հաշվի առնելով հանձնաժողովի նախագահ պարոն Քոչարյանի, հանձնաժողովի անդամներ Արմեն Խաչատրյանի եւ Վիլեն Գաբրիելյանի առաջարկները՝ հուլիսի 1-ը փոխել ենք՝ դարձնելով հունիսի 1։ Այն տրամաբանությամբ, որ հանձնաժողովը պատրաստ է փորձագիտական աջակցությամբ օժանդակել ենթաօրենսդրական դաշտի ընդունմանը։ Մոտ երեք տասնյակ ակտեր ունենք, որոնք առաջիկայում կհաստատվեն կառավարության համապատասխան որոշումներով»։

ՔՊ խմբակցության պատգամավոր, հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը, որն ավելի վաղ անհամաձայնություն էր հայտնել նախագծի՝ հուլիսի մեկից ուժի մեջ մտնելու հետ կապված, իր հերթին հայտարարեց․ «Մենք անհամաձայնություն ունեիք եւ այն հիմնավորել ենք։ Աշխատանքի  մեծ մասը ոստիկանության գործընկերներն արդեն իրականացրել են, ուստի առաջարկել ենք հունիսի մեկը։ Միանշանակ, փորձագետները պատրաստ են աջակցել, որպեսզի այս անգամ նման թերացում չունենանք։ Պարոն Քոչարյանը ներքին գործերի նախարարին է դիմելու՝ հասկանալու համար, թե խնդիրը որտեղ է եղել, որպեսզի գործընթացները չտապալվեն քավության նոխազներով»։

Հիշեցնենք, որ այս նախագիծը կարգավորում է քաղաքացիական ծառայության, ինչպես նաեւ մարտական զենքի եւ ծառայողական զենքի հետ կապված իրավահարաբերությունները․ սահմանվում են քաղաքացիական, ծառայողական զենքի ներկրման, կրման թույլտվության, լիցենզիա տալու, արտոնագրից զրկելու հարցերը, զենքի շրջանառության սահմանափակումները, խստացվում է ապօրինի զենքի համար պատասխանատվությունը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930