Գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի կարծիքով, Հայաստանում ճգնաժամը հոգեւոր է, ՀՀ իշխանությունն էլ ուզում է մեր հասարակությանը դարձնել անընդհատ սպառող, իսկ այդպիսի հասարակությունում սկզբունք ունեցող ինստիտուտները, ինչպիսին եկեղեցին է, սպառնալիք է ու ամեն կերպ պետք է չեզոքացնել այդ սպառնալիքը: Այդ մասին նա ասաց այսօր կայացած՝ «Հայկական աշխարհ եւ անտարբերների հասարակություն» թեմայով քննարկման ժամանակ՝ հավելելով, որ երկրի համար պատասխանատվություն կրողները ցաքուցրիվ են անում պատասխանատվության սեփական բաժինն այլոց վրա, ինչն էլ հանգեցնում է հասարակության անպատասխանատվության ու անտարբերության: 44-օրյա պատերազմի աղետալի ելքից հետո, ըստ նրա, ավելի խորացավ հասարակական դեգրադացումը ու դրա առաջին պատճառներից մեկը վախի զգացումն է:
Սրբազանը խոսեց եկեղեցու դեմ վերջին օրերին իշխանության կողմից վերսկսված արշավի մասին: Այն վերանորոգվեց այն բանից հետո, երբ Ն.Ս Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ն հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին ուղղված հրաժարականի պահանջը հայրապետական հորդոր էր, որը ժամկետային սահմանափակումներ չունի: ԱԺ ամբիոնից, ի պատասխան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»։ Իսկ այսօր խորհրդարանում կրկին հայտարարություններ են հնչել, մասնավորաբար, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանն է քննադատել Առաքելական եկեղեցուն, իսկ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին խորհուրդ է տվել՝ հաճախ մոմ վառել, ներում հայցել Աստծուց եւ հնչեցնել հոգեւոր խոսքեր։
«Ով դաս կտա եկեղեցուն, ես պատրաստ եմ սովորել, բայց մեր պատգամավորներին խորհուրդ կտամ երբեմն հայելի գործածել, օգտակար է կյանքում։ Այս ամենը գաղափարազուրկ եւ նպատակազերծ կառավարիչների ցցուն արտահայտությունն է՝ երբ պետական, հոգեւոր շահը ստորադասվում է մնացյալ արժեքներից։ Ես չգիտեմ՝ իրենք ի՞նչ են դավանում: Իրենց հարցրել եմ՝ ասել են՝ ուզում ենք լավ երկիր ունենալ: Չգիտեմ՝ դա ո՞րն է. թմրամոլի համար մեկ բան է, գիտնականի համար՝ այլ, զինվորականի համար՝ մեկ այլ եւ այդպես շարունակ։ Այսինքն, ուզում են քաոս, որովհետեւ հստակ բան չեն ասում։ Պետություն-եկեղեցի սիմֆոնիան հզորացնելու փոխարեն՝ իրենք փորձում են դիվիդենդներ շահել առաջնորդի մոտ, ասել՝ տեսաք՝ ինչ լավ խոսեցի»,- ասաց Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
Այլ մանրամասները՝ քիչ ուշ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ