«Իրավիճակը ճգնաժամային է Շուշիի ենթաշրջանի գյուղերի համար, որոնք կտրվել են Արցախի հանրապետությունից եւ ՀՀ-ից։ Ադրբեջանի մտադրությունը պարզ է՝ արցախցիներին պարտադրել լքել բնօրրանը»,- կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ադրբեջանը անցակետի ապօրինի տեղադրմամբ փակել է Հայաստանը Կոռնիձոր գյուղից Արցախին կապող նոր մայրուղու Հակարի գետի կամուրջը, որը, շրջափակմամբ պայմանավորված, շահագործվում էր ռուս խաղաղապահների եւ ԿԽՄԿ առաքելության կողմից` հումանիտար նպատակներով։ Արցախի հանրապետության ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի ապօրինի պահանջները քննարկման դնելու ցանկացած առաջարկ ծառայում է Բաքվի հանցավոր ծրագրերի խրախուսմանը։
Արթուր Խաչատրյանը շեշտեց, որ թուրք-ադրբեջանական հանցախմբի թիրախում միայն Արցախը չէ․ «Ադրբեջանն այժմ թիրախավորում է նաեւ ՀՀ-ն՝ սպառնալով մեր տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը։ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն է, Արցախը՝ ՀՀ անվտանգային համակարգի հիմնասյունը։ Ցավոք, ՀՀ իշխանությունը չունի այդ գիտակցումը։ Ադրբեջանը փակեց Քաշաթաղի միջանցքն այն ժամանակ, երբ ՀՀ-ն հայտարարեց, որ Արցախն ու Ադրբեջանը պետք է ուղիղ բանակցեն, իսկ ՀՀ-ն անելիք չունի։ ՀՀ-ն իրավունք չունի արձանագրողի դեր ստանձնել, երբ ցեղասպանվում են մեր հայրենակիցները»։
Արթուր Խաչատրյանի խոսքով՝ ՀՀ-ն պարտավոր է հայտարարել, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ․ «Իսկ վերջնական կարգավորումը պետք է հիմնվի ժողովուրդների իրավահավասարության, ազատ ինքնորոշման իրավունքի վրա։ ՌԴ խաղաղապահ առաքելությանը կոչ ենք անում կատարել պարտավորությունները՝ ապահովել ՀՀ-Արցախ անխափան կապը եւ գործուն միջոցներ ձեռնարկել՝ ոտնձգությունները կանխելու ուղղությամբ»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ