Մայրաքաղաքի Ալեք Մանուկյան փողոցում, Երեւանի պետական համալսարանի շենքի մոտ այսօր 20-րդ դարի սկզբին հայերի ցեղասպանության կազմակերպիչների եւ իրականացնողների նկատմամբ իրականացրած հատուցման՝ «Ազգային արժանապատվության ասպետներ հայ վրիժառուների» հուշակոթողի բացման ժամանակ երբ խոսք վերցրեց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, հանդիսավոր արարողության մասնակիցների շարքերից հնչեցին սուլոցներ, «դավաճան» վանկարկումներ, Արցախի անկախությունը եւ Հայաստանի անվտանգությունը վտանգի տակ դրած իշխանություններին հեռացնելու կոչեր:
Այդուհանդերձ, փոխքաղաքապետն անտեսելով իր եւ իրենց իշխանության հասցեին ցուցաբերված վերաբերմունքը, չընդհատեց իր խոսքը եւ ելույթը շարունակեց սուլոցների ներքո:
Երեւանի քաղաքապետարանի լրատվության վարչության հաղորդագրության համաձայն՝ Հայոց ցեղասպանությունից շուրջ մեկ դար անց Երևանի սրտում՝ Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում, հանդիսավորությամբ բացվել է «Նեմեսիս» գործողության հերոսների հիշատակը հավերժացնող աղբյուր-հուշակոթող: Սողոմոն Թեհլիրյան, Արամ Երկանյան, Արմեն Գարո, Գրիգոր Մերջանով, Արա Սարգսյան, Ավետիք Իսահակյան, Հրաչ Փափազյան, Շահան Նաթալի, Հակոբ Մելքումով, Երվանդ Ֆունդուկյան, Միսաք Թորլաքյան, Արշավիր Շիրակյան, Արշակ Եզդանյան, Ստեփան Ծաղիկյան, Արտաշես Գեվորգյան, Պետրոս Տեր Պողոսյան. 1915թ. Հայոց ցեղասպանությունը կազմակերպած և իրականացրած երիտթուրքերի պարագլուխներից, ինչպես նաև 1918թ. Բաքվի հայերի ջարդի կազմակերպիչներից վրեժ լուծած հերոս հայորդիների պատմությանն այսուհետ սերունդները կծանոթանան նաև այս հուշարձանի միջոցով, որը հարգանքի տուրք, յուրօրինակ խոնարհում ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության պատգամ է: Աղբյուր-հուշակոթողը տեղադրվել է Երևանի ավագանու որոշմամբ, քանդակի հեղինակն է ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը:
Հարկ է նշել, որ հուշակոթողի տեղադրման միջնորդությունը ներկայացրել էին Հայոց ցեղասպանության վրիժառուների ժառանգները:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ