Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ի պատգամավորը նորից խորհուրդներ է տալիս Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին

Ապրիլ 25,2023 17:02

«Վարչապետի այդ հայտարարությունից որոշ եկեղեցականներ եւ քաղաքական գործիչներ, գրպանային լրատվամիջոցներ փորձեցին սկանդալ ստանալ։ Քաջ գիտակցում եմ, որ իմ այս ելույթից հետո բազմաթիվ սպառնալիքներ, վիրավորական խոսքեր են հնչելու իմ հասցեին, բայց դրանք ոչ լռեցնում են, եւ վախեցնում»,-կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից ասել էր՝ «եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»։

Շիրակի թեմի առաջնորդ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել էր․ «Անկախության հռչակումից ի վեր եկեղեցի-իշխանություններ հարաբերություններն այսպես լարված չեն եղել: Դարերի խորքում՝ Սովետական Հայաստանում, ամեն ինչ էլ եղել է՝ բռնագանձման դեպքեր, անգամ կաթողիկոսին խեղդամահ են արել, բայց դա լրիվ ուրիշ իրականություն էր. այն ժամանակ անկախ պետություն չէր, Սովետական Հայաստան էր, Մոսկվայի թելադրանքով էր լինում ամեն բան: Բայց անկախության հռչակումից հետո այսպիսի հարաբերություններ պետության եւ եկեղեցու միջեւ չեն եղել։ Եղել են դեպքեր, երբ եկեղեցին ու իշխանությունը տարբեր տեսակետներ են ունեցել մի հարցի շուրջ, բայց դրանք շուտ հարթվել են, չեն լարվել»։

Էմմա Պալյանն ասաց, որ Շիրակի թեմի առաջնորդ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը մեկ անգամ չէ, որ աչքի է ընկել ընդդիմադիր հայացքներով, քաղաքական կեցվածքով եւ առիթը բաց չի թողել՝ քաղաքական խոսույթով քննադատելու ընտրված իշխանություններին։

«Նա արդեն քանի օր է՝ նորից քաղաքական խոսույթով քննադատում է վարչապետի հայտարարությունը՝ հնչեցնելով վիրավորական արտահայտություններ ընտրված ղեկավարի հասցեին, նշելով, որ այս իշխանությունները պատիժ են եւ երկիրը գցել են անդունդը։ Նա ասում է նաեւ, որ նախկին իշխանությունները եւս աստծուց էին, եւ եկեղեցին հաշտ էր նրանց հետ։ Աջապահյանը մի բան է մոռանում, որ նախկին իշխանությունն ընտրված չի եղել, հետեւաբար՝ չէր կարող աստծուց լինել։ Պարոն Աջապահյան, ձեր տեղը եկեղեցում է»,-նշեց Պալյանը։ Ուշագրավ է, որ պատգամավորը Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին կոչ արեց հաճախ մոմ վառել եւ աստծուց ներում հայցել։

Նշենք, որ այս ելույթի ընթացքում Էմմա Պալյանը հիշեցրեց Շիրակի թեմի առաջնորդի մեկ այլ հայտարարություն, նորից այն մեջբերեց կիսատ եւ կրկնեց թերի մեջբերումից բխող իր պնդումը, թե սրբազան հայրը Լաչինի միջանցքի փակման համար հայ զինվորին է մեղադրել։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930