ՀՀ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին
Դիմող՝ Տիգրան Հարությունի Սարգսյանից
ԴԻՄՈւՄ
Հարգելի պարոն Վարչապետ,
Կարդացեք նաև
Դիմում եմ Ձեզ, հույս ունենալով, որ Ձեր բարձր միջամտությամբ կդադարեցվի եղբորս՝ ՀՀ քաղաքացի Վլադիմիր Հարությունի Սարգսյանի նկատմամբ երկու ամիս առաջ սկիզբ առած և ներկայումս իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը։ Ստիպված եմ դիմում Ձեզ, քանի որ քննչական մարմինը և դատախազությունը չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, խափանման միջոցն օգտագործում են որպես գործիք Վ.Սարգսյանի նկատմամբ ճնշումներ գործադրելու և տնտեսվարող սուբյեկտների վերաբերյալ արհեստական ապացույցներ կորզելու համար։ Այդ գործելաոճով վտանգվում է ոչ միայն մեր ընտանիքի անվտանգությունը, այլև Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրը։
Այսպես.
Դեռևս 2019թ. ՀՀ կառավարությունը հաստատել է Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավման 2019-2024 թվականների ռազմավարությունը, որն ուղղված է գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը` բիզնեսի համար վարչարարական բեռի կրճատման, մասնավորապես գործող օրենսդրության պարզեցման և ավելի որակյալ կարգավորումների մշակման, ընթացակարգերի առավելագույնս թվայնացման, շահագրգիռ բոլոր կողմերի հետ ավելի արդյունավետ հաղորդակցության և հետադարձ կապի կազմակերպման միջոցով:
Այս որոշման նախագծի ընդունման արդյունքում նախատեսվել է՝ գործարար միջավայրի վրա ազդեցություն ունեցող պետական կարգավորումների և վարչարարական ընթացակարգերի բարելավում այնպիսի ծավալով, որն Հայաստանը կդարձնի աշխարհի համար ճանաչելի, հասանելի, ներդրումների և գործարարության համար գրավիչ երկիր։
Այս ռազմավարության իրականացման արդյունքում ակնկալվել է, որ Հայաստանը իր գործարար և ներդրումային միջավայրի գրավչությամբ կլինի աշխարհի առաջին 15 երկրների շարքում։
Հանրաճանաչ է, որ այս ռազմավարության հիմնական ուղղություններից է տեղեկատվական տեխնոլոգիաների ծառայությունների և ծրագրային ապահովման ոլորտը, որը Հայաստանի Հանրապետությունում ամենահաջողակ և արագ զարգացող ճյուղերից է, որի մասնաբաժինը ՀՆԱ-ում համեմատելի է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Գերմանիան և Հնդկաստանը։
Թեև վերը նշված ռազմավարությամբ նախանշվել է, որ այն ուղղված է գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ միջավայրի ստեղծմանը, մասնավորապես բիզնեսի համար վարչարարական բեռի կրճատման, օրենսդրության պարզեցման և ավելի որակյալ կարգավորումների, սակայն այդ ռազմավարությամբ չի նշվել բիզնեսին վարչարարական ապօրինի միջամտության վտանգների մասին, ինչին ներկայումս բախվել է մեր ընտանիքը։
Հարգելի պարոն վարչապետ, բնավ չեմ ցանկանում տպավորություն ստեղծել, որ մենք խրախուսում ենք որևէ ապօրինի գործելաոճ, սակայն այն ինչ ներկայումս կատարվում է եղբորս նկատմամբ՝ ՏՏ ոլորտի բիզնես միջավայրի ակնհայտ սպառնալիք է պարունակում։
«Նոր Զովք» ՍՊ ընկերության կողմից հարկերը չվճարելու առերևույթ դեպքի առթիվ ՀՀ ՊԵԿ քննչական վարչությունում 07.12.2022թ. ՀՀ քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 83147422 քրեական վարույթը: Ներկայումս գործի վարույթը շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության կողմից։
Նախաքննության ընթացքում 2023թ. փետրվարի 27-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Վ․Սարգսյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 46-290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, այն հանցանքի կատարման համար, որ նա, հանդիսանալով ծրագրային ապահովման ոլորտում գործունեություն իրականացնող «Ակթրեյդ-Սոֆթ» Սպ ընկերության սեփականատեր, տեղեկատվական տեխնոլոգիաների և ծրագրային ապահովման օգտագործման միջոցով իբր շահադիտական դրդումներից ելնելով, օժանդակել է «Նոր Զովք» ՍՊ ընկերությանը առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելուն։ Վ.Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։
Նախաքննական մարմինը դատարանից թույլտվություն է ստացել «Ակթրեյդ-Սոֆթ» ՍՊ ընկերությունից (այսուհետ՝ Ընկերություն) առգրավելու միայն «Նոր Զովք» ՍՊ ընկերությանն առնչվող ծրագրային և էլեկտրոնային տվյալները։ Մինչդեռ, քննչական մարմինը առգրավել է Ընկերության բոլոր համակարգիչները, սերվերը, նույնիսկ աշխատակիցների և այդ պահին գրասենյակում գտնվող, ընկերության հետ որևէ կապ չունեցող անձանց անձնական հեռախոսները։ Այս գործողություններով քննչական մարմինը զրկել է Ընկերությանը իր աշխատանքները կազմակերպելու հնարավորությունից, աշխատակիցները մատնվել են պարապուրդի, տարիներ շարունակ ստեղծված իր տեսակով առանձնահատուկ ՏՏ ոլորտի Ընկերության հետագա գործունեությունը վտանգված է։ Սակայն քննչական մարմնի ապօրինությունները դրանով չեն սահմանափակվել։ Անտեսելով դատարանի որոշմամբ ամրագրված սահմանները, քննչական մարմինը գերազանցելով իր լիազորությունները, Ընկերության սերվերից արտահանել է ՀՀ-ում գործունեություն ծավալող տարբեր ընկերությունների տվյալները և այդ ընկերությունների գործունեության շուրջ քննություն է ձեռնարկել՝ արհամարհելով կոմերցիոն գաղտնիքի կարևորագույն գաղափարը։
Հանրաճանաչ է, որ Կոմերցիոն գաղտնիքը հնարավորություն է տալիս պահպանել ձեռնարկատիրական հաջողության գաղտնիքը, դա աշխատանքային տեղեկատվության պաշտպանության հատուկ ռեժիմ է, որը թույլ է տալիս դրա ստեղծողին համակարգել եկամուտները եւ խուսափել ավելորդ ծախսերից, կուտակել տեղեկությունները, որոնք կազմում են ապրանքի կամ ծառայությունների ստեղծման, ազատման եւ գովազդի գաղտնիքները։
Սույն դիմումով Ձեզ իրազեկում եմ, որ քննչական մարմնի նշված գործելաոճի պատճառով Հայաստանում փակվելու են մի շարք ընկերություններ, երկիրը կորցնելու է իր գործարար գրավչությունը, իսկ ՏՏ ոլորտում ներդրում կատարողները, ՀՀ քննչական կոմիտեի ապօրինությունների պատճառով այլևս չեն ցանկանա/չեն վստահի/ ՀՀ-ում որևէ ներդրում անել։
Իր այս ոչ իրավաչափ նպատակներին հասնելու համար քննչական մարմինը ապօրինաբար Վ.Սարգսյանին պահում է կալանքի տակ, քննչական մարմինն առանց թաքցնելու Վ.Սարգսյանին ապօրինի գործարք է առաջարկում՝ ազատություն՝ տնտեսվարողների դեմ ցուցմունք տալու դիմաց, ինչը բնականաբար բազմիցս մերժվել է։
Հայրս՝ Հարություն Վլադիմիրի Սարգսյանը, և եղբայրս՝ ԱՊՕՐԻՆԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԱԾ Վլադիմիր Հարությունի Սարգսյանը հանդիսանում են փորձառու ծրագրավորողներ և 1C սերտիֆիկացված մասնագետներ, ովքեր մեծ ներդրում են կատարել ՀՀ-ում ՏՏ ոլորտում՝ հայաֆիկացնելով և լոկալիզացնելով ռուսական 1C ծրագրավորման լեզուն և ստեղծելով բիզնեսի ավտոմատացման նորարական տեխնոլոգիաներ։ Դա նաև մեծապես նպաստել է հաշվապահության և առևտրային գործընթացների թվայնացմանը, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացումը: Սկսած 2009թ.-ից «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ- ն շուկա է ներմուծել 1C ծրագիրը, որը ոչ միայն գործարարների հաշվողական համակարգն է ավտոմատացրել, այլ նաև ՊԵԿ-ին տրվող ինֆորմացիան է ավելի արագ և ստույգ դարձրել։
Վ.Սարգսյանը 4 անչափահաս, այդ թվում 2 մանկահասակ երեխաների հայր է, տան միակ կերակրողն է, ունի մշտական բնակության վայր, նրա խնամքին են նաև թոշակառու և հաշմանդամ ծնողները։
Վ.Սարգսյանի նկատմամբ կալանավորումը կիրառվում է ոչ իրավաչափ նպատակներով, այն այլևս կրում է պատժի տարրեր և ցուցմունքներ կորզելու միջոց։
Համոզված եմ, որ սույն դիմումում տեղ գտած հանգամանքները մտահոգիչ են և լուրջ ռիսկեր են պարունակում երկրի գործարար միջավայրի վստահությունը քայքայելու առումով։ Ակնկալում եմ Ձեր բարձր միջամտությունը դիմումում բարձրացված հարցերի լուծման և ապօրինությունների կանխման առումով։
Տիգրան Հարությունի ՍԱՐԳՍՅԱՆ