Aravot.am-ն այսօր ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Գիլոյանին հարցրեց՝ ծանրամարտի առաջնության ժամանակ վրացի մարզիկի մարզահագուստին «Կրիստալ բեթի» գովազդ է եղել, իսկ վիվարոների գովազդը Հայաստանում արգելված է, սա ո՞ւմ թերացումն է՝ Գիլոյանը պատասխանեց. «Ճիշտն ասած՝ ես մրցման ժամանակ եմ տեսել, որ ինքն այդպես է գալիս բեմահարթակ: Լաշա Տալախաձեի մասին է խոսքը: Ուղղակի երբեմն մարզիկի տիտղոսից ելնելով կլանված նայում ես, թե ինքը ինչ է անելու ու չես նայում, թե ինչ է հագած: Ամաչելու խնդիր չկա, այո, գուցեեւ ինչ-որ թերացումներ եղել են»:
Ճշտեցինք, այսինքն, այնպես չի՞, որ տակից թաքնված գովազդի համար գումարներ են տվել ու ինչ-որ մարդիկ միլիոններ են ստացել՝ նա պատասխանեց. «Բացարձակ: Եթե ինքը հագել է, ուրեմն իրեն են տվել այդ գումարը: Լաշա Տալախաձեն, եթե չեմ սխալվում, 7-8 տարի է՝ այդ համապատասխան ընկերության հետ համագործակցում է եւ ես իրեն ինչ հիշում եմ, հարթակներին ինքը այդ հագուստն է հագնում, չի կարող պատահի, որ մերոնց հետ պայմանագիր լինի: Դա անհատական պայմանագիր է՝ Լաշա Տալախաձեի հետ»:
Դիտարկմանը, որ դա մե՛ր օրենսդրությանն է հակասում, դուք պետք է կանխեիք, արգելեիք՝ նա պատասխանեց. «Համաձայն եմ, որ թերացում կա, պիտի ուշադիր լինեինք, ուղղակի այդ պահին կլանված էինք Վարազդատ Լալայան, Սիմոն Մարտիրոսյան՝ ընդդեմ Լաշա Տալախաձեի բաթլով ու պիտի սպասեինք, թե ինչ կլինի: Հայաստանում որեւէ անձ կամ ընկերություն դրանում ներգրաված չի»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ