«Ոչ թե Հայաստանին ու Ադրբեջանին հավասարապես մեղադրեց, այլ Ղարաբաղ այցելելու՝ իր անկարողությունը փորձեց արդարացնել նրանով, որ ԵԽ անդամ բոլոր պետություններն իր համար պայմաններ չեն ապահովել։ Բայց, բնականաբար, ես չեմ ընդունում այդ արդարացումը և շարունակելու եմ պնդել, որ ինքը պարտավոր է ամեն ինչ անել, որպեսզի այցելի ԼՂ և Լաչինի միջանցք»,-Aravot.am-ի փաստմանը՝ ի պատասխան Ձեր հարցի՝ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչն ասաց, որ անդամ պետությունների պատճառով է, որ ինքը չի կարողանում այցելել ԼՂ և Լաչինի միջանցք՝ ըստ էության, այդ մեղքը բարդելով նաև Հայաստանի վրա, մինչդեռ Ադրբեջանն է հրաժարվում թույլ տալ միջազգային կազմակերպություններին այցելել ԼՂ։ Կադրում երևաց, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի պատասխանը Ձեզ չգոհացրեց, անհամաձայնություն ունեիք և հարցին՝ կմեկնաբանե՞ք՝ ի՞նչ էր այդ պատասխանը նշանակում, ի՞նչ էր նա ակնարկում և ինչո՞ւ կրկին հավասարության նշան դրվեց ՀՀ-ի և Ադրբեջանի միջև, այսպես պատասխանեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։
Մեր դիտարկմանը՝ բայց ի՞նչ անեն ԵԽ անդամ պետությունները, եթե Ադրբեջանն է հրաժարվում թույլատրել միջազգային կազմակերպությունների այցը ԼՂ, Ռուբեն Ռուբինյանն այսպես արձագանքեց․ «Ես համաձայն եմ, և, հետևաբար, այդ պատասխանում տրամաբանություն չկար»։
Հետաքրքրվեցինք՝ Դունյա Միյատովիչի հետ այդ հարցուպատասխանից հետո խոսե՞լ է, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց՝ չի խոսել։
ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավարից հարցրինք՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, ԵԽԽՎ-ն չցանկացավ հրատապ քննարկում կազմակերպել Լաչինի միջանցքի թեմայով՝ նախընտրելով Մոլդովայի հարցը, մանավանդ, որ Լաչինի միջանցքի հարցով իրավիճակը վատթարացել է, այդ մասին փաստեցին նաև ԵԽԽՎ որոշ պատվիրակներ, ԵԽ գլխավոր քարտուղարը այդ մասին նշեց, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Գիտեք, որ մենք նախորդ նստաշրջաններում արդեն երկու անգամ քննարկում ունեցել ենք ԵԽԽՎ լիագումար նիստերում, մյուսին էլ ենք ունենալու։ Նաև մեծ շանսեր կան, համենայն դեպս, դա է պլանը, որ մյուս նստաշրջանի ընթացքում լինի քննարկում և զեկույց։ Այսինքն՝ ծրագիրն այն է, որ մյուս նստաշրջանի ընթացքում Լաչինի միջանցքի հարցով ԵԽԽՎ-ն քննարկման արդյունքում ընդունի բանաձև»։
Կարդացեք նաև
Փաստմանը՝ «Անդրադարձ Լաչինի միջանցքի շրջափակման հումանիտար հետևանքներին» նախատեսվող զեկույցի հեղինակ Փոլ Գավանը հայտարարություն էր տարածել, որում նշել էր իր՝ Լաչինի միջանցք այցի կարևորության մասին և հարցին՝ կա՞ն բանակցություններ, որ կազմակերպվի Փոլ Գավանի այցը ԼՂ և Լաչինի միջանցք, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Ես շատ գոհ եմ, որ այդ հարցով զեկուցողը պնդել է՝ շատ կարևոր է, որ ինքը այցելի Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ։ Հույս ունեմ, որ դա կիրականանա։ Բնականաբար, մենք ամեն ինչ անում ենք, որ դա իրականանա»։
Զրույցի ավարտին Ռուբեն Ռուբինյանից հետաքրքրվեցինք՝ ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում, քանի որ օրակարգային հարց չկա ՀՀ-ի և ԼՂ-ի վերաբերյալ, թեև քննարկումների ժամանակ այդ հարցերը բարձրացվում են, հնարավո՞ր է լիագումար նիստերից դուրս քննարկում կազմակերպեն, օրինակ, Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման հարցով, Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց․ «Այս նստաշրջանում՝ ոչ, մյուսին՝ կտեսնեք, բայց քանի որ քննարկում է լինելու, դա է ամենակարևորը մյուս նստաշրջանի համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ