Լրահոս
Օրվա լրահոսը

«Կան հուշարձան-շենքեր, որ անտերության են մատնված, պետք է քայլեր ձեռնարկենք, որ սեփականատերերը վերականգնեն դրանք». Ավինյան

Ապրիլ 25,2023 16:09

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկ ներառելու նպատակով գույքագրվել են մայրաքաղաքում վերջին տասնամյակում տեղադրված հուշարձանները. գործընթացն իրականացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ այժմ քայլեր են ձեռնարկվում հուշարձանների տեխնիկական զննման կարգ սահմանելու համար: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը հանձնարարել է գործընթացում ներառել նաև մայրաքաղաքում առկա հուշարձան-շենքերի խնդիրը:

«Քաղաքում կան հուշարձան-շենքեր, որոնք անտերության են մատնված, չեն շահագործվում, կոտրված պատուհաններով են, և այստեղ մենք անելիք ունենք ԿԳՄՍ-ի հետ համատեղ: Օրենքով կան համապատասխան դրույթներ, թե ինչ է տեղի ունենում, երբ սեփականատերը մշակութային հուշարձան հանդիսացող շենքերի հետ չի վարվում այնպես, ինչպես որ պետք է: Մենք պետք է գրանցենք բոլոր այն հուշարձան-շենքերը, որոնք գտնվում են ոչ բարվոք վիճակում, և հետևողականորեն սկսենք աշխատել, որ դրանց վերականգնման աշխատանքները տեղի ունենան»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:
***
Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչություն մուտքագրված՝ ուշացած, ժամկետանց գրությունների քանակը հասնում է 5163-ի, որից շուրջ 3800-ը վերաբերում է ինքնակամների օրինականացմանը: Զեկուցվել է, որ վերջին շաբաթվա ընթացքում պատասխանված գրությունների թիվը հասել է 593-ի, որը քառակի ավելի է նախանցյալ շաբաթվա ցուցանիշից: Փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է կազմել ժամանակացույց և հնարավորին սեղմ ժամկետում պատասխանել դիմումներին՝ գործընթացը տանելով զրոյացման:
***
Երևանյան լճի հարակից տարածքում ավարտական փուլում են հանգստի գոտու կառուցման աշխատանքները: Այստեղ կտեղադրվեն նստարաններ, աղբամաններ, կառուցվում են մարզահրապարակ, ճեմուղի, հեծանվուղի, տարածքը կլուսավորվի արևային էներգիայով աշխատող՝ էներգախնայող լուսատուներով: Հանգստի գոտին կառանձնանա նաև կանաչապատման լուծումներով. կանցկացվի ոռոգման կաթիլային համակարգ, տեղանքին համահունչ  կձևավորվեն քարապարտեզներ, որոնք կապահովվեն նաև գեղարվեստական լուսավորությամբ:
***
Հրազդանի կիրճին կտրվի բնապահպանական կարգավիճակ. տեխբնութագիրն արդեն պատրաստ է, գործընթացը՝ սկսված: Քաղաքային իշխանության այս նախաձեռնությունը կարևոր նշանակություն կունենա կիրճի բնապահպանական վիճակը բարելավելու գործում: Զեկուցվել է, որ «Քաղաքաշինություն» ՓԲԸ-ն այժմ կիրճի տարածքում չափագրման աշխատանքներ է տանում: Զուգահեռաբար բնապահպանության վարչության կողմից էլ իրականացվում են ճահճային բուսականության և եղեգների չորացման աշխատանքներ:
***
ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու դիմացի հատվածում կկառուցվի շատրվանային համալիր, կտրվեն տարածքին համահունչ լուծումներ: Ծրագիրն արդեն մեկնարկել է:
***
Տրանսպորտային համակարգի բարեփոխման ընթացքում Երևանում նախատեսվում է ունենալ ավտոբուսային առանձնացված գծեր, նախագիծը կմեկնարկի Մյասնիկյան և Գայի պողոտաներում, Գարեգին Նժդեհի փողոցում: Տարածքները կառանձնացվեն հատուկ գծանշմամբ:
***
Համատիրությունների մասին օրենքում հիմնարար փոփոխություններ են նախատեսվում: Նախագիծը կդրվի շրջանառության մեջ: Գործընթացի նպատակը համատիրությունների գործառույթների ու պարտականությունների հստակեցումն է և առկա խնդիրներին համակարգային լուծումներ տալը: Համայնքը կշարունակի աջակցել համատիրություններին, որպեսզի կարողանան հաջողել, ինչը ենթադրում է հիմնարար լծակների ու ֆինանսավորման տրամաբանության փոփոխություններ:
***
Ապրիլի 29-ը հայտարարված է համապետական շաբաթօրյակ: Մայրաքաղաքը նախաձեռնությանը կմիանա «Երևան՝ իմ տուն» կարգախոսով: Աշխատանքներ են տարվում գործընթացը պատշաճ կազմակերպելու նպատակով. կազմվել է գործողությունների ծրագիրը, հաշվի են առնվել հնարավորությունները, հստակեցվել այգիներն ու պուրակները, ինչպես նաև աղբի կուտակման մշտական հասցեները:
«Շատերս խոսում ենք, թե ինչքան ենք սիրում մեր քաղաքը: Քաղաքի նկատմամբ սերը նաև արտահայտվում է, թե ինչպես ես վերաբերվում քո քաղաքին, ինչ է քաղաքը քեզ համար, ինչ է Երևանը քեզ համար: Իմ համոզմամբ՝ եթե բոլորիս համար քաղաքը լինի տան պես, վերաբերմունքը լինի տան պես, փողոցում երբեք չենք ունենա աղբի այն կուտակումները, որ ունենք այսօր: Չէ՞ որ մենք մեր սեփական տանը աղբ չենք թափում, իսկ ինչով է մեր տան շքամուտքը, վերելակը, մեր բակն ու փողոցը ոչ մեր տունը: Եվ ամեն անգամ, երբ խոսքերով կարող ենք ասել, որ սիրում ենք քաղաքը, բայց ավտոմեքենայի պատուհանից կարող ենք ծխախոտի մնացորդ նետել, աղբ նետել, դա նշանակում է, որ մենք ընդհանրապես չենք սիրում մեր քաղաքը: Այն պահից սկսած, երբ մենք քաղաքին վերաբերվենք որպես մեր տան, վստահ եմ, քաղաքում չենք ունենա աղբի այն խնդիրը, որ ունենք այսօր, և այս շաբաթօրյակը հենց այդ խորագրի ներքո է անցնելու. «Երևան՝ իմ տուն»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930