Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի ղեկավարները տպավորված են Երևանում՝ ապրիլի 15-23-ն անցկացված Եվրոպայի առաջնության կազմակերպվածության բարձր մակարդակով:
Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին, ամփոփելով Եվրոպայի առաջնությունը, ընդգծում է՝ բացի կազմակերպչական անթերի աշխատանքից, իրեն շատ է տպավորել նաև Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հավաքված հանդիսականը:
«Մրցումային բոլոր օրերը հիանալի էին, բայց վերջին օրը, իսկապես, ֆանտաստիկ էր: Հանդիսականները շատ տպավորեցին, տրիբունաները լեփ-լեցուն էին ու հիասքանչ աջակցություն էին ցուցաբերում: Դժվարացա գոնե մեկ ազատ տեղ գտնել տրիբունաներում: Ծանրամարտի համար սա կարևոր ուղերձ էր: Կազմակերպչական առումով ևս ամեն ինչ հիանալի էր: Հպարտ եմ, որ Հայաստանի հետ համատեղ Եվրոպայի ֆեդերացիան ցույց տվեց, որ կարող է ավելի լավ մրցաշար կազմակերպել, քան աշխարհի առաջնությունն է: Ոմանք ասում են՝ սա Օլիմպիական խաղերի մակարդակ էր, քանի որ շատ ավելի լավն էր»,- նշում է Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը:
Կոնֆլիտին պատասխանում է նաև այն հարցին՝ արդյո՞ք Հայաստանը հնարավորություն կունենա նորից նմանօրինակ մասշտաբային մրցաշար ընդունելու. «Այո՛, հնարավոր է: Աշխատում ենք ևս մեկ խոշոր միջոցառում Հայաստանում անցկացնելու ուղղությամբ»:
Կարդացեք նաև
Եվրոպայի ֆեդերացիայի նախագահը խոստովանում է՝ իր սպասելիքները միանգամայն գերազանցվել են. «Եթե անկեղծ, ապա ակնկալում էի, որ լավ առաջնություն կստացվի, բայց որ այսքան լավը կլինի, չէի սպասում: Երբ առաջնությունից առաջ ժամանեցի Հայաստան ու ինձ ցույց տվեցին մրցումային դահլիճը, պայմանները, ես այնքան էլ տպավորված չէի և որոշակի կասկածներ ունեի: Բայց այն ահռելի աշխատանքը, որ Հայաստանն այս ընթացքում կատարեց, իսկապես գովասանքի է արժանի: Ամեն ինչ հիանալի էր»:
Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի փոխնախագահ, Եվրոպայի ֆեդերացիայի մարքեթինգային բաժնի ղեկավար Դավիթ Խիպսիձեն Երևանում անցկացված Եվրոպայի առաջնությունը լավագույններից է համարում:
«Իմ կարծիքով, սա ամենաշքեղ ու անկրկնելի առաջնությունն էր՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ: Վստահաբար, կարող եմ ասել, որ մենք այստեղ ինչ-որ հրաշք իրագործեցինք: Բացի այն հրաշքից, որ մեզ պարգևում էին մարզիկները, հրաշքի էր նման նաև այն աշխատանքը, որը կատարեցին կազմակերպիչները: Յուրաքանչյուր պահը վայելել ենք: Ինձ համար մեծ պատիվ էր կազմակերպչական աշխատանքների մասնակիցը դառնալ: Շնորհակալ եմ Հայաստանին՝ այս մեծ իրադարձության համար և մեզ դրա մասը դարձնելու համար:
Կարծում եմ՝ այս պահի դրությամբ Հայաստանը՝ Երևանը, 2024 թվականի աշխարհի առաջնությունն ընդունելու լավագույն թեկնածուն է: Իմ հնարավորությունների սահմաններում կանեմ ամեն ինչ, որպեսզի դա տեղի ունենա»,- ընդգծել է վրացի մասնագետը:
Հիշեցնենք՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում Հայաստանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել: Հայ ծանրորդները երկամարտում ընդհանուր առմամբ 13 մեդալ են նվաճել՝ 4 ոսկե, 4 արծաթե և 5 բրոնզե:
Մրցումային վերջին օրը՝ ապրիլի 23-ին, Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում 4418 հանդիսական էր ներկա, ինչն ռեկորդային է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունների պատմության մեջ:
Նշենք նաև, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության փակման ժամանակ ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիայի նախագահ Անտոնիո Կոնֆլիտին պատվոգրեր է շնորհել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանին և Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանին` մրցաշարը լավագույնս կազմակերպելու համար։
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ