Aravot.am-ն այսօր ԿԳՄՍՆ փոխնախարար Կարեն Գիլոյանին հարցրեց՝ ինչքան էլ մենք ուրախանանք ստացած մեդալներից ու պարգեւներից, այնուամենայնիվ, վերջին տարիներին աղմկահարույց դեպքեր եղան, երբ հայտնի մարզիկներ հայտարարեցին, որ հեռանում են Հայաստանից: Գիլոյանը, հարցը չավարտած, արձագանքեց. «Նախկինում չէի՞ն գնում, չէ՞, մենակ հիմա սկսեցին գնալ: Իսկ Արմեն Նազարյան անուն ազգանունը լսե՞լ եք, օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, աշխարհի եռակի, Եվրոպայի հնգակի, վեցակի չեմպիոնի մասին է խոսքը: Որ Արմեն Նազարյանը օլիմպիական չեմպիոն ժամանակ թողեց գնաց Բուլղարիա, այն ժամանակ այդ հարցը չէի՞ք տալիս»:
Մեր դիտարկմանը՝ նա գնալիս չի հայտարարել, որ ինձ լավ չեն ընդունել օդանավակայանում, որ ես բավարար չափով գնահատված չեմ, շատ փող են տվել, գործարք է եղել, գնացել է, դա սպորտսմենի համար նորմալ ընթացք է, բայց օրինակ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը դժգոհ է քաղաքական իշխանությունից, վերաբերմունքից ու դրա համար է գնում, հայտարարում է, որ 13 տարվա դադարից հետո հազիվ չեմպիոն եք ունեցել ու չեք գնահատել՝ Գիլոյանը պատասխանեց. «Նախ, Էրիկ Իսրայելյանը աշխարհի, Եվրոպայի չեմպիոն չէ, նա ընդամենը երիտասարդական առաջնությունների հաղթող է աշխարհի, Եվրոպայի: Ոչ մի կանոնակարգով ոչ ոք պարտավոր չէ գնալ իրեն օդանավակայանում դիմավորել: Ես անձամբ ինքս բազմիցս ու շատ դեպքերում լինում եմ օդանավակայանում, դիմավորում եմ, բայց երբ որ ֆիզիկապես մարդը չի հասցնում…Դուք պատկերացնո՞ւմ եք, 307 մեդալ ենք անցած տարի նվաճել: Հիմա պատկերացրեք, որ օդանավակայանում բոլորին դիմավորեինք, բա հետո՞, որ ամեն գիշեր մարդկանց դիմավորեինք, հետո ո՞նց աշխատենք»: Զարմացանք՝ ամբողջ նախարարությունում մենակ դո՞ւք եք դիմավորող՝ Գիլոյանը պատասխանեց. «Կանոնակարգ չկա այդպիսի, ոչ ոք պարտավոր չի: Դա ուղղակի արվում է, որ մարզիկը ոգեւորվի, երբ դրա հնարավորությունը լինում է, անպայման անում ենք»:
Ճշտեցինք՝ կա՞ խտրական վերաբերմունք, ուղղակի կախված է այն բանից, թե նախորդ օրը ինչքան հոգնա՞ծ եք եղել՝ Գիլոյանը պատասխանեց. «Խտրական վերաբերմունք չկա, ինձ մոտ այսպես է՝ մեծահասակներին բոլորին դիմավորում եմ, իսկ երիտասարդներին ինձ մոտ ընդունում եմ, որովհետեւ չկա ուրիշ տեղ աշխարհում, որ մարդիկ գնան օդանավակայանում անպայման դիմավորեն»:
Մեր հարցին՝ խնդիրը միայն օդանավակայանում դիմավորելը չէ, ինքներդ հայտարարությանը ծանոթ եք, մարդը գնահատված իրեն չի զգում, ասում է լավ փող չեք տվել՝ Գիլոյանը պատասխանեց. «Այս պահին Էրիկ Իսրայելյանը պետությունից եւ օլիմպիական կոմիտեից միասին 640 հազար դրամ փող է ստանում ամիսը: Եվ այդքանից հետո, դեռ երիտասարդ է ընդամենը, կարելի է խոսել, որ իրեն լավ չե՞նք նայում: Ինքը երեւի մտածում է, որ միանգամից բոլոր խնդիրները պիտի լուծվեն: Հասկացանք, հնարավորություն ունենանք, շատ ավելին կտանք, բայց դա լուրջ գումար է հիմա Հայաստանում: Անգամ մեծահասակների Եվրոպայի, աշխարհի չեմպիոններ կան, որ բնակարաններ չեն ստացել, այդքան գումար չեն ստանում, բայց իրենք այդպիսի բաներ չեն հայտարարել՝ անձնագիրս կնետեմ, քաղաքացիությունից կհրաժարվեմ, սա ուղղակի վիրավորանք է երկրի հասցեին: Լավ, ինձնից կարող է վիրավորվել, ֆեդերացիայի նախագահից կարող է վիրավորվել, բայց ի՞նչ է նշանակում քաղաքացիությունս թողնեմ: Ո՛չ, ինքը ուղղակի լավ առաջարկներ է ունեցել դրսում ուրիշի դրոշի տակ փող աշխատելու, պատրվակ է ուղղակի փնտրել, որ արդարացնի»:
Կարդացեք նաև
Հարցին՝ ինչու ձեռք ու ոտքը կապել էիք, թույլ չէի՞ք տվել գնալ, որ նման միջոցի է դիմել՝ նա պատասխանեց. «Այդպես հեշտ չէ գնալը»:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
“Այդպես հեշտ չէ գնալ” ասածդ նախադասությամբ Էրիկին թասիբի ես գցում, որ ՔՊ-ականների կողմից փոխնախարար օծված մարզական մեկնաբանիդ ապացուցի կարող է գնալ?: Ինչ է նշանակում դիմավորելու կանոակարգ չունեք, դժվար է? դրա ստեղծելը։ Դիմավորելը դա հարգանքի նշան է և դու քո փոխնախարարական մեծամտությունդ մի կողմ պետք է դնես ու դողաս ամեն մի արժանավոր հայ մարզիկի համար, հարգես յուրաքանչյուրին, ոգևորես, աճելու պայմաններ ստեղծես։ Հասկացար?, թե քո հիմնական անելիքները որոնք են լինելու փոխնախարարի պաշտոնի համար։