«Երեկ աշխարհի մեր հայրենակիցները եւ առաջադեմ մարդկությունը, տարբեր երկրների պաշտոնյաներ ոգեկոչում էին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը։ Ապրիլի 24-ի հաջորդ օրը՝ այսօր, Երեւանի կենտրոնում՝ Ալեք Մանուկյան փողոցի վրա, ԵՊՀ-ի դիմաց բացվել է Հայոց ցեղասպանության պատասխանատուներին՝ թուրք դահիճներին պատասխանատվության ենթարկած «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը»,-կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նշեց․ «1919թ․ ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովում որոշում կայացվեց ստեղծել հատուկ մարմին հատուկ նպատակով՝ Հայոց ցեղասպանության, մուսավաթական Ադրբեջանում հայերի կոտորածների պատասխանատուներին պատժելու ուղղությամբ։ Գործի դրվեց հսկայական կառույց, որը մինչեւ 1922թ․-ը տարբեր երկրներում պատժեց թալեաթներին, ջեմալներին, ջեւանշիրներին եւ շատերին։ «Նեմեսիս» գործողությունը հայ ժողովրդի արժանապատվության, արդարադատության գործողությունն էր, որն այդ ժամանակ մեծ արձագանք ունեցավ նաեւ օտար շրջանակներում։ Հաճախ դատական կարգով այդ գործողության հերոսներն արդարացվել են»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ