2021 թ. ձմեռային, 2022 թ. ամառային և 2022 թ. ձմեռային զորակոչերն ընդգրկող ժամանակահատվածում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ (ՀՔԱՎ) են դիմել պահեստազորում հաշվառված 69 անձ։ Ինչպես զորակոչի, այնպես էլ վարժական հավաքների և զորահավաքային զորակոչի ընթացքում ՀՔԱՎ-ն արձանագրել է խնդիրներ։
«Մենք օրերս կհրապարակենք մի ամբողջական զեկույց, որտեղ արծարծված են այն բոլոր խնդիրները, որոնք վերաբերում են ոչ միայն զորակոչային, այլեւ իրավապահ, դատական մարմիններին»,- Մեդիա կենտրոնում կայացած «Վարժական հավաքների, զորակոչի ընթացքում խախտումները շարունակվում են. ի՞նչ են արձանագրել իրավապաշտպանները» թեմայով քննարկման ժամանակ նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով, իրենց զեկույցում համակողմանի կներկայացնեն պետական մարմինների վարքագիծը՝ զորակոչիկների, զինծառայողների, այդ թվում՝ գերությունից վերադարձածների՝ հետագա զինվորական ծառայության հետ կապված խնդիրների համատեքստում: «Ինչպես թատրոնն է սկսվում հանդերձարանից, այնպես էլ զինված ուժերը՝ զորակոչի ամբողջ գործընթացից: Օրինակ, զորակոչիկների ծանուցման հետ կապված խնդիրներ ունենք՝ ծանուցվում է անձը, բայց ծանուցագիրը հաճախ անձին չի տրվում, կամ ընդունում է նրա հարազատը, կամ անգամ շատ դեպքերում հեռախոսով են ծանուցում: Մինչդեռ, ծանուցագիրը զորակոչի ենթարկելու գործընթացի սկիզբն է հանդիսանում, եւ այն պետք է անձամբ անձին տրվի, ու դրանով համարվի, որ անձը ծանուցված է»,-ասաց Արթուր Սաքունցը:
Հաջորդ խնդիրն, ըստ ՀՔԱՎ գրասենյակի ղեկավարի, զորահավաքային ծառայության եւ բժշկական զննության հետ է կապված. «Մենք միշտ ասել ենք՝ բոլորին նույն ժամին մի ծանուցեք, հատկապես ձմեռային եղանակին մոտ հարյուր հոգի գալիս եւ սպասում են ստորաբաժանման մոտ, մինչդեռ կարելի էր գնահատել բժշկական հանձնաժողովի կարողությունը, թե ինչքան ժամանակում է մեկ անձի բժշկական զննությունն անցկացվում, եւ ըստ դրա՝ զորակոչիկներին բաժանել խմբերի: Իսկ մարդիկ կարող է ամբողջ օրը սպասեն: Թվում է՝ երկրորդական նշանակության հարց է, բայց իրականում վերաբերմունքն է զորակոչիկի ու զորակոչի հանդեպ: Վերաբերմունքը պետք է լինի արժանապատվությունը չնվաստացնող …Նաեւ շարունակում ենք պնդել, որ բժշկական զննության դեպքում անձի գաղտնիությունը չի ապահովում, քանի որ բժշկի մոտ կարող է միաժամանակ մի քանի զորակոչիկ գտնվել: Ընդ որում, մարդիկ կարող են ունենալ առողջական խնդիրներ, որոնց մասին չեն ցանկանա բարձրաձայնել այլ անձանց ներկայությամբ, բացի մասնագետից»:
Կարդացեք նաև
Նա ասաց, որ զորակոչիկի պիտանիության հարցը որոշվում է ըստ հիվանդությունների, բայց եթե նույն անձի մոտ առկա է մի քանի հիվանդություն, նա կարող է ճանաչվել պիտանի սահմանափակումով. «Բայց չէ՞ որ նույն անձի առողջական վիճակը մի քանի հիվանդությունների առկայության փաստով պետք է այդ տեսակետից դիտարկել»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի