«Ստիպված եմ արձագանքել իմ գործընկերներին, որովհետեւ չգիտես ինչու՝ իմ հարցը նրանց մոտ ելույթի ցանկություն առաջացրեց։ Պարոն Ալեքսանյանը երկրորդեց միայն պարոն Խաչատրյանին եւ պարոն Պապոյանին։ Չգիտեմ ինչու՝ նա ինձ չերկրորդեց»,- կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում այսօր հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը։
Հիշեցնենք՝ նա, շեշտելով թմրամոլության դեմ պայքարի կարեւորությունը, ներքին գործերի փոխնախարարին ուղղված հարցադրում էր հնչեցրել՝ բռնություն եղե՞լ է այն ակումբում, որտեղ ոստիկանները գործողություններ են իրականացրել թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակում։
Զարուհի Բաթոյանի հարցից հետո ՔՊ-ի նրա գործընկերներից Գեւորգ Պապոյանը զորակցություն էր հայտնել ոստիկանության՝ թմրամոլության դեմ պայքարի քաղաքականությանը, նույնը շեշտել էր ՔՊ-ից Վահագն Ալեքսանյանը, իսկ ահա ՔՊ-ից Արմեն Խաչատրյանը կոնկրետ ակնարկներով ելույթ էր ունեցել՝ ասելով, որ թմրամոլությունը սպառնում է ազգային անվտանգությանը, մինչդեռ բռնության մասին մտահոգություններ են հնչում։
Զարուհի Բաթոյանն ասաց․ «Ես նույն բանն էի ասում։ Հարգելի գործընկերներ, ես գուցե ամբիոնից խրոխտ-խրոխտ ելույթներ չեմ ունենում, բայց իմ խոսքում կրկնել եմ, որ աջակցում եմ գործընթացին եւ որ դա չի հակադրվում մարդկանց հանդեպ ենթադրյալ բռնությանը։ Սիրելի ընկերներ ջան, կներեք իհարկե, որ մեջքով եմ նստած, առաջարկում եմ բաց խոսակցություններից եւ քննարկումներից չխուսափել, ելույթս չայլակերպել, ինձ խորհուրդներ չտալ բռնության մասին։ Ես շատ լավ գիտեմ բռնությունը որն է։ Մենք այստեղ ենք՝ աջակցելու կառավարությանը բարեփոխումների հարցում։ Եթե կան խնդիրներ, եկեք քննարկենք»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ