Լրահոս
Օրվա լրահոսը

«2022թ․-ին Եվրասիական զարգացման բանկը ՀՀ-ում ռեկորդային ներդրումներ է արել»․ փոխնախարար

Ապրիլ 25,2023 14:57

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվեց «ՀՀ կառավարության եւ ՌԴ կառավարության միջեւ Եվրասիական զարգացման բանկի վճարված կանոնադրական կապիտալում ՌԴ մասնաբաժնի մասի առուվաճառքի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը։ Համաձայնագրով կարգավորվում են ՌԴ-ի կողմից Եվրասիական զարգացման բանկի մասնակցության իր մասնաբաժնի՝ ՀՀ-ին փոխանցման եւ ՀՀ-ի կողմից վերջինիս ընդունման հետ կապված իրավահարաբերությունները:

Ինչպես հայտարարեց նախագծի զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Էդուարդ Հակոբյանը (լուսանկարում), դեռեւս մարտին կնքված այս համաձայնագրով ռուսական կողմը պարտավորվում է ՀՀ սեփականությանը փոխանցել 64 միլիոն դոլար արժեքով 64 000 բաժնետոմսեր, իսկ հայկական կողմը պարտավորվում է վճարել համապատասխան մասնաբաժիններն առաջիկա չորս տարում, ամեն տարի՝ 16 դոլարին համարժեք ռուբլու չափով։

Էդուարդ Հակոբյանը նշեց․ «Գործընթացի ավարտին 64 միլիոն դոլար արժեքով բաժնետոմսերը ձեռք բերելու արդյունքում Հայաստանի ներկայիս 0,007% մասնաբաժինն էապես կավելանա եւ կդառնա 4,23%։ Կան երկրներ, որոնք արդեն իսկ վավերացրել են համաձայնագիրը։ Այս քայլի արդյունքում ՌԴ 65% մասնաբաժինը կնվազի մինչեւ 44,8%-ի, իսկ մնացած 21,2%-ը հավասարաչափ կբաշխվի երկրների միջեւ։ Ամենակարեւոր արդյունքը, որը սրանով ակնկալվում է, բանկի բնականոն գործունեության շարունակականությունն է ու հասանելիությունը միջազգային ֆինանսական շուկաներին, որտեղից բանկը միջոցներ է ներգրավում՝ երկրների մասնավոր հատվածների սուբյեկտներին ֆինանսավորելու համար»։

Փոխնախարարը շեշտեց, որ սրանով ՀՀ կառավարությունը երաշխավորում է Եվրասիական զարգացման բանկի հետ հարաբերությունների խորացման իր ռազմավարությունը։

«Եվրասիական զարգացման բանկը գործունեության դրական դինամիկա ունի ՀՀ-ում։ Հետաքրքիր դրական աճի միտում կա վերջին տարիներին, որովհետեւ ներդրումները դրական են ազդել ՀՀ տնտեսության վրա։ Ավելի քան 200 նոր աշխատատեղ է ստեղծվել այդ ներդրումների արդյունքում։ 2022թ․-ին ռեկորդային աճ է եղել ներդրումային նախագծերի։ Նոր կնքված ներդրումային նախագծերի արժեքը եղել է 100 միլիոն դոլար։ Ընդ որում, իրական հատվածի մասին է խոսքը։ Վերջին տարիներին բանկի ներդրումներն իրական հատվածում մեծ կշիռ են կազմել՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ», «Երեմյան ֆարմ», «Կասկադ էներգո» եւ այլն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930