Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք Արցախի այդ ճանապարհից տեղյա՞կ եք, այնքան խոսեցիք, որ պետք է փակվեր». Անդրանիկ Քոչարյան

Ապրիլ 25,2023 14:49

ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի անկողմնակալությունը կասկածի տակ է դրել ու բացառել մասնակցությունը:

Անդրանիկ Քոչարյան

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս առնչությամբ արձագանքեց. «Կարող եմ չհամաձայնել Տոնոյանի հետ, եթե ինքը ցանկանում է գալ հանձնաժողով, դա արդեն կողմնակալության խնդիր չի, կողմնակալության խնդիրը կլուծվի, եթե մասնակիցները հնչեցնեն հարցեր ու այդ հարցերը հասանելի լինեն բոլորին: Ինքը ՊՆ նախարար է եղել եւ շատ հանգամանքների հետ կապված մենք հարցեր ունենք հնչեցնելու: Ինքը ինչի՞ պետք է ծանոթ լինի մեր աշխատանքներին: Վերջին հաշվով ովքեր եկել են, եկել են մեր հարցերին պատասխանելու, չեն եկել մեզ հարցեր տալու»:

Նա նշեց, որ հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը 2 անգամ այցելել է Տոնոյանին ու զրուցել:

Անդրադառնալով Լաչինի միջանցքի խնդրին՝ Քոչարյանն ասաց, որ 90-ականներին էլ նույն վիճակն էր: Հարցին՝ ձեր իշխանության օրոք փակվեց Արցախի հետ ունեցած մեր փոքրիկ ճանապարհն էլ՝ Քոչարյանն արձագանքեց. «Դուք այդ ճանապարհից տեղյա՞կ եք, այնքան խոսեցիք, որ պետք է փակվեր: Այդ ճանապարհը օգտագործվում էր այնուամենայնիվ, գիտեիք, չէ՞: Միշտ հարց էիք տալիս՝ ոնց գնացին հասան Արցախ, ճանապարհը փակ է: Հանգիստ եղեք, բոլոր ճանապարհները մի օր բացվում են եւ բաց ճանապարհները, երբ որ չկա հասկացվածություն, մի օր էլ փակվում են»:

Երբ լրագրողները հիշեցրին շրջափակման մեջ գտնվող 120 հազար արցախցիների մասին, նա արձագանքեց. «120 հազար արցախցիների տեղը ինձ մի ցույց տվեք, ես գիտեի այն ժամանակ էլ, գիտեմ հիմա էլ, ունեմ այնտեղ ընկերներ, որոնց հետ քննարկում եմ շատ հարցեր, որը հրապարակման ենթակա չէ»:

Թե ինչպես է լուծվելու այդ խնդիրը, արդեն 130 օր է՝ շրջափակված է Արցախը՝ նա պատասխանեց. «Այո, 4 ամիս: Բլոկադաները երկար էլ են տեւում, երբ որ դիմանում ես, դու հաղթում ես: Անցակետ տեղադրելը գտնվում է մեր ռազմավարական գործընկերոջ պատասխանատվության գոտում, հիմա տեսնենք՝ անելիքներ կա՞ն»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930