Լրահոս
Օրվա լրահոսը

Ներողություն խնդրելը, վերականգնողական արդարության ուղիներ փնտրելը անխուսափելի քայլեր են ընդհանուր ապագայի համար. Թուրքիայի քրդամետ կուսակցությունը վշտակցություն է հայտնել հայ ժողովրդին

Ապրիլ 25,2023 14:39

Ermenihaber. Թուրքիայում գործող ընդդիմադիր, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (ԺԴԿ-HDP) հայտարարություն է տարածել ապրիլի 24-ի կապակցությամբ։

«Պատմական ճշմարտությունների հետ առերեսվելը, տուժող ժողովուրդներից ներողություն խնդրելը և վերականգնողական արդարության ուղիներ փնտրելը, միմյանց հասկանալը և պատմական վերքերն անկեղծորեն ապաքինելն անխուսափելի քայլեր են ընդհանուր ապագայի համար»։

Կուսակցության հայտարարության մեջ հիշեցվում է, որ 1915-ի ապրիլի 24-ին ավելի քան 200 հայ մտավորականներ ձերբակալվեցին և ուղարկվեցին մահվան։ Այնուհետև այդ գործընթացը շարունակվեց հարյուր հազարավոր հայերի աքսորով ու սպանդով։

«Ծայրաստիճան կարևոր է խաղաղության մեջ ապրել այս աշխարհամասի հնագույն ժողովուրդներից հայ ժողովրդի և մեր հայ համաքաղաքացիների հետ։ Միաժամանակ, ժողովուրդների շահերից և կարիքներից է բխում դիվանագիտական, առևտրային, տնտեսական և մշակութային հարաբերությունների զարգացումը մեր տարածաշրջանի մաս կազմող Հայաստանի Հանրապետության հետ»։

Հայտարարության տեքստում կիրառվում է «Մեծ եղեռն» բառակապակցությունը և արտահայտվում վշտակցություն հայ ժողովրդին։

«Որպես Անատոլիայի և Միջագետքի հնագույն ժողովուրդներ՝ կիսում ենք 108 տարվա ցավերը, մեր սրտի խորքերում զգում ենք Մեծ եղեռնը, այս մարդկային ողբերգությունը և ևս մեկ անգամ տխրությամբ և հարգանքով ոգեկոչում զոհերի հիշատակը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930