ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն ապրիլի 25-ի նիստում քննարկել է «Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ ««Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Ըստ հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի` համաձայնագրով նախատեսվում է իրականացնել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շուրջ 32 կմ երկարությամբ ճանապարհի շինարարություն (Ագարակ-նախատեսվող Քաջարանի թունելի մուտք), որի ընդհանուր արժեքը գնահատվում է 236.681.000 ԱՄՆ դոլար, այդ թվում` Եվրասիական զարգացման բանկի կողմի 150.000.000 ԱՄՆ դոլարի չափով վարկային միջոցները եւ ՀՀ համաֆինանսավորումը` մոտ 86,7 մլն դոլարի չափով:
Նշվել է, որ Հայաստանի Հանրապետության եւ Եվրասիական զարգացման բանկի միջեւ 2015 թվականի ապրիլի 14-ին ստորագրված ««Հյուսիս-հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարություն (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագրի թիվ 4 լրացուցիչ համաձայնագիրը ստորագրվել է 2022 թվականի նոյեմբերի 17-ին:
Ըստ փոխնախարարի` ծրագրի նպատակն է վերոնշյալ ճանապարհահատվածի թողունակության բարձրացումն ու վթարայնության նվազեցումը:
Կարդացեք նաև
Քրիստինե Ղալեչյանի հավաստմամբ լրացուցիչ համաձայնագրով նախատեսվում է վարկային միջոցների հասանելիության ժամկետի երկարաձգում եւ Ագարակ-Քաջարան 32 կմ երկարությամբ ճանապարհի շինարարությունն իրականացնելու համար ֆինանսական միջոցների ավելացում:
Փոխնախարարը փաստել է, որ այս տարի կսկսվեն շինարարական աշխատանքները: Ըստ նրա` երեք տարի է նախատեսված շինաշխատանքների համար:
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը նշել է, որ Կառավարության քաղաքականությունը եւ մեր երկրի նպատակադրումը` դառնալ Հյուսիս-հարավ միջանցքի մաս, Հնդկաստան-Իրան-Հայաստան-Վրաստան-Սեւ ծով-Բուլղարիա-Հունաստան մեծ առեւտրային ուղու մաս դառնալու համար անհրաժեշտություն է ունենալ ժամանակակից, զարգացած ենթակառուցվածքներ, ինչի իրականացմանն ուղղված են համաձայնագրով նախատեսված լրացուցիչ ծախսերը:
Քննարկման արդյունքում օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
ԱԺ