Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է լինեն մարդիկ, որոնք կրելու են պատասխանատվություն»․ Վիլեն Գաբրիելյան

Ապրիլ 25,2023 14:10

Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ արտահերթ նիստում այսօր քննարկվեց
«Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի՝ որպես ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել հուլիսի մեկը՝ այն պատճառաբանությամբ, որ օրենքից բխող մոտ երեսուն ենթաօրենսդրական ակտեր դեռ պետք է ընդունվեն կառավարության կողմից։ Բացի այդ, ինչպես նախագծի զեկուցող ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը նշեց, այդ ժամկետում կկարգավորվեն հրաձգարանների լիցենզավորման, կահավորման պահանջները։

Հիշեցնենք, որ այս նախագիծը կարգավորում է քաղաքացիական ծառայության, ինչպես նաեւ մարտական զենքի եւ ծառայողական զենքի հետ կապված իրավահարաբերությունները․ սահմանվում են քաղաքացիական, ծառայողական զենքի ներկրման, կրման թույլտվության, լիցենզիա տալու, արտոնագրից զրկելու հարցերը, զենքի շրջանառության սահմանափակումները, խստացվում է ապօրինի զենքի համար պատասխանատվությունը:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց․ «Մինչեւ հուլիսի մեկը ժամանակ կար, եւ հերթական նիստեր էին այդ ընթացքում լինելու։ Արտահերթով բերելու տրամաբանությունը ո՞րն է մի քանի օրվա տարբերությամբ»։ Արփինե Սարգսյանը կրկնեց վերոնշյալ պատճառաբանությունը եւ հավելեց, որ նախորդիվ ընդունված փաթեթի վերջնաժամկետ էր սահմանված ապրիլի 28-ը։

ՔՊ-ի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանի հարցադրումը եւս նույնական էր։ Նա ասաց, որ իր համար սա հասկանալի գործընթաց չէ։

Ապա ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նկատեց․ «ՀՀ-ում բավարար քանակի բարձրորակ հրաձգարաններ չկան քաղաքացիների համար։ Որոշները կան, բայց չեմ կարծում, որ համապատասխան են միջազգային չափանիշներին եւ հարմարավետ»։ Արփինե Սարգսյանն արձագանքեց, որ նաեւ այս խնդրի լուծմանն է միտված նախագծի ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգելը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը նախագծի համահեղինակներից է, արդեն ելույթի ժամանակ հայտարարեց․ «Օրենքը քննարկել ենք 11 ամիս։ Նախնական տարբերակում ուժի մեջ մտնելու ժամկետ էինք առաջարկել հունվարի մեկը։ Գերատեսչության գործընկերների խնդրանքով հետաձգել ենք մինչեւ ապրիլի 28-ը։ Այսինքն, երեք ամիս ավելացրել ենք։ Ինչու եմ սա ասում, տիկին Սարգսյան։ Երբ հետաձգման պատճառ եք ասում կառուցվածքային փոփոխությունները, հարց է առաջանում՝ որքանո՞վ ենք ապահովագրված ռիսկից, որ վաղը մյուս օրը այլ կառուցվածքային փոփոխությունների դեպքում մի անգամ էլ չենք հետաձգի»։

Ապա Վիլեն Գաբրիելյանն անդրադարձավ Հակոբ Արշակյանի՝ հրաձգարանների մասին հարցադրմանը․ «Կային ենթաօրենսդրական ակտեր, որոնք պետք է ընդունված լինեին դեռ հունվար-փետրվարին։ Ինձ համար այս իրավիճակը լուրջ ինստիտուցիոնալ խնդիր է։ Այստեղից պետք է առնվազն արձանագրեմ, որ պետք է լինեն մարդիկ, որոնք կրելու են պատասխանատվություն»։

Եզրափակիչ ելույթում Արփինե Սարգսյանն ասաց, որ իրավիճակն ազնիվ են ներկայացնում, եւ ենթաօրենսդրական ակտերը նպատակ ունեն կատարելագործելու նախագիծը․ «Հուլիսի մեկի վերջնաժամկետում կառավարությունը կկարողանա իրացնել ենթաօրենսդրական ակտերի բազան։ Բոլոր նախարարությունների հետ դիտարկում ենք։ Պարոն Գաբրիելյան, կարծում էի, որ հիմնավորումներս օբյեկտիվ են եղել։ Գոնե թե ես նախարարության անունից հաջորդիվ չեմ բերելու օրենքի ժամկետի երկարաձգման առաջարկ, որովհետեւ կառավարության հետ պայմանավորվածություն ունենք՝ հուլիսի մեկը ժամկետն է, պետք է հասցնենք տեղավորվել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930