Լրահոս
Օրվա լրահոսը

Պուտինն ու էրդողանն անտեսեցին Ապրիլի 24-ը… բայց չեն մոռանում «Զանգեզուրի միջանցքը»

Ապրիլ 25,2023 12:20

Երբ դաշնակիցներն ու թշնամին հավասարապես արհամարհում են հայ ժողովրդի ցավը

Հայոց ցեղասպանության 1.5 միլիոն զոհերի հիշատակի օրն այս տարի նշանավորվեց որոշ փաստերով, որոնց հետ մեր հասարակությունը, մեր քաղաքական դաշտը պետք է առերեսվեն: Հայոց Ցեղասպանության հիշատակի օրը անցյալի, ներկայի ու ապագայի մասին խորհելու ամենապատեհ պահն է եւ այդ օրը հատկապես մենք գնահատում ենք նրանց, ովքեր մեր կողքին են, ովքեր իրենց ուղերձներով, իրենց ներկայությամբ վկայում են, որ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված ոճիրը հիշում են, իրենց այդ քայլով ազդակ են տալիս, որ չեն հանդուրժի ոճրագործության կրկնություն:

«Ինչ վերաբերվում է նման ոճիրի կրկնությունը բացառելու մեթոդաբանությանը, դա մեծապես կախված է «պետություն» եւ «տարածաշրջան» հասկացությունների մեր ընկալումներից: Պետությունը, միայն զարգացած եւ ինքնիշխան պետությունն է ի վիճակի ապահովել մեր ժողովրդի լինելիությունն ու անվտանգությունը, իսկ պետության կայացման գործում յուրաքանչյուրն ունի անելիք՝ կրթությամբ, աշխատանքով, քաղաքացիական պատասխանատվությամբ ու օրինապահությամբ: Տարածաշրջանի վերաբերյալ մեր ռազմավարական ընտրությունը հետեւյալն է. արդյոք մենք մեր տարածաշրջանային հարաբերությունները կարգավորելու եւ զարգացնելու կամք ու կարողություն ունենք՝ անկախ այն բանից, կամ առավելեւս այն պարագայում, երբ մեր շուրջ առկա անվտանգային սպառնալիքներն ահագնանում են՝ տարածաշրջանային կամ արտատարածաշրջանային պատճառներով: Բոլոր դժվարություններն ու բարդությունները գիտակցելով՝ մեր կառավարությունը որոշել է գնալ այդ հարցին դրական պատասխան գտնելու ճանապարհով, որովհետեւ միայն այդ ճանապարհն է, որ կարող է երաշխավորել անվտանգություն եւ բարեկեցություն», սա Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի 108-րդ տարելիցի կապակցությամբ Նիկոլ Փաշինյանի ուղերձից մեկ հատված է:

ՀՀ ԱԳՆ-ն իր հերթին արձանագրեց, որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը միտված է աշխարհի որեւէ այլ անկյունում մարդկության դեմ նմանատիպ հանցագործության կրկնությունը կանխելուն, այդ թվում՝ նոր էթնիկ զտումներ իրականացնելու սպառնալիքների զսպմանը. անտարբերությունը, թողտվությունը եւ անպատժելիությունն են, որ հնարավոր են դարձնում այդ զանգվածային ոճրագործության իրականացումը, եւ փաստեց. «Ցավոք այսօր էլ, ինչպես եւ մեկ դար առաջ, աշխարհի տարբեր անկյուններում շոշափելի է ցեղասպան քաղաքականության վտանգը։ Այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջեւ են կանգնած Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը։ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, հայատյաց հռետորաբանությունը, սեփական հայրենիքից զրկելուն, հայկական հետքը վերացնելուն ուղղված գործողությունները ոչ այլ ինչ են, քան ցեղասպան մտադրությունների դրսեւորում: Այսօր վերստին գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջեւ եւ որպես ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջմղման առաջամարտիկ՝ վերահաստատում ենք մեր հանձնառությունն արդարության, ճշմարտության ճանաչման, նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործին, էթնիկ, կրոնական եւ ռասայական հողի վրա խտրականության եւ անհանդուրժողականության դրսեւորումների դեմ պայքարին»։

Հայաստան պետությունն ապրիլի 24-ին ստացավ բազմաթիվ ցավակցական ուղերձներ` աշխարհի տարբեր անկյուններից: Այս տարի ԱՄՆ նախագահ Բայդենի ուղերձում ասվում էր. «1915թ․ ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում  Օսմանյան իշխանությունները ձերբակալեցին հայ մտավորականներին ու համայնքի առաջնորդներին եւ դրանով սկիզբ առավ հայերի դեմ բռնությունների համակարգված արշավը։  Սրան հաջորդած տարիներին տեղահանություններին, կոտորածներին եւ մահվան երթերին զոհ գնացին մեկուկես միլիոն հայեր. ողբերգություն, որը սերնդեսերունդ իր հետքն է թողել հայկական ընտանիքների վրա։ Հիշելով պատմության այս ցավալի դեպքերը աշխարհի տարբեր երկրների հետ՝ մենք նաեւ տուրք ենք տալիս հայ ժողովրդի տոկունությանն ու կամքին։  Ցեղասպանությունը վերապրածներից շատերը ստիպված էին նոր կյանք սկսել նոր վայրերում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում։ Այստեղ եւ ամբողջ աշխարհում հայ մարդը ատելության չարիքին արձագանքել է հույսով։ Հայերը վերստին կառուցել են իրենց համայնքները։ Նրանք փայփայել են իրենց ընտանիքներին եւ պահպանել են իրենց մշակույթը։ Նրանք հզորացրել են մեր երկիրը։ Նրանք նաեւ իրենց եւ  իրենց նախնիների անցած ճանապարհի մասին են պատմել, որպեսզի հիշենք ու ապահովենք, որ 108 տարի առաջ տեղի ունեցած բնաջնջման արշավի կրկնություն երբեւէ չլինի»։

Պաշտոնական Անկարան բավական ջղաձիգ հակադարձեց Բայդենի ուղերձին: Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլյութ Չավուշօղլուն մասնավորապես նշեց. «Քաղաքական շարլատանների կողմից պատմությունը խեղաթյուրելու եւս մեկ փորձ», – Twitter-ում գրել է Թուրքիայի արտգործնախարարը՝ պնդելով թե՝ «քաղաքական դրդապատճառներով արված հայտարարությունները չեն կարող փոխել իրականությունը»։ «Այն մարդիկ, որոնք պնդում են իրենց սխալները, պատմության մեջ որպես երեսպաշտներ կմնան։ Որեւէ մեկն իրավունք չունի մեր իսկ պատմությանը վերաբերող դասախոսություններ հրամցնել մեզ», – գրել էր Չավուշօղլուն։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ հայերենով գրառում կատարեց. «Այս Ապրիլի 24-ի օրը Ֆրանսիան նշում է 1915թ. Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը։ Զոհերի հիշատակը պաշտպանելու համար խորհդածության օր է. Հայ ժողովրդի վերածննդի խորհրդանիշն է: Վկայությունն է նաեւ Հայաստանին Ֆրանսիայի վճռական եւ տեւական աջակցությանը»։

Ապրիլի 24-ին Հայաստանում էին Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր եւ նախագահ, Արեւելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ Բրունո Ռետայոյի գլխավորած պատվիրակությանը: Ռետայոն Երեւանում նշեց. «Մենք հայ ժողովրդի կողքին ենք եւ ձեզ հետ միասին հարգանքի տուրք ենք մատուցում անմեղ զոհերի հիշատակին: Նրանք նաեւ մեր զոհերն են, որովհետեւ խոսքը վերաբերում է ողջ մարդկության ողբերգությանը»: Ռետայոն եւս մեկ անգամ հայտնեց Ֆրանսիայի աջակցությունն ու զորակցությունը Հայաստանին՝ առկա խնդիրների լուծման ու մարտահրավերների հաղթահարման գործում: Նրա գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ պատվիրակության ղեկավարը նշեց, որ իրենց դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ պարզ եւ հստակ է, սակայն Թուրքիան ժխտում է կատարվածը, ինչն անընդունելի է: Նրա խոսքով ցեղասպանությունները կանխելու համար պետք է հիշել անցյալը, սակայն դա բավարար չէ: Միջազգային քրեական դատարանը պետք է դատապարտի եւ պատժի այդպիսի հանցագործություններ կատարած երկրներին: Այս համատեքստում ֆրանսիացի խորհրդարանականը շեշտեց. «Այն, ինչ այսօր կատարվում է Արցախի նկատմամբ, էթնիկ զտման փաստ է»:

Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդարանը բանաձեւ է ընդունել՝ 1915թ. ոճրագործությունը որակելով որպես ցեղասպանություն, եւ ապրիլի 24-ին Ստրասբուրգում ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ընթացքում մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին զոհերի հիշատակին:

Ի՞նչ արձագանքներ եղան Հայաստանի դաշնակից Ռուսաստանից: Ապրիլի 24-ի առաջին ուղերձը «Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանից ստացանք, որն իր թելեգրամյան ալիքում գրեց. «Հայ ժողովրդի դավաճանն անուն ու ազգանուն ունի. Այն սկսվում է «ն»-ով և ավարտվում է «ն»-ով», ապա ինքն իրեն լրացրեց մեկ այլ գրառմամբ. «Տանել չեմ կարողանում այս անզոր զայրույթը, երբ անգամ չես ուզում կրկնել՝ իսկ ես ձեզ հենց սկզբից էի ասում»։

Վաղուց արդեն զարմանալի չէ, որ հայ ժողովրդի, Հայաստան պետության նկատմամբ գործած ինչ-որ սխալ քայլից առաջ, կամ հետո Ռուսաստանում թեման լղոզվում է Հայաստանի իշխանության նկատմամբ վերաբերմունքով: Հայ ժողովրդին, Հայաստան պետությանը վաղուց Ռուսաստանում որոշել են նույնացնել Հայաստանի իշխանության հետ, այն իշխանության հետ, որի հետ ՌԴ նախագահը հանդիպելիս գրկախառնվում է, որի հետ միասին եռակողմ փաստաթղթեր են ստորագրում: Հայաստան պետությունը, Հայաստանի հասարակությունը, ողջ աշխարհի հայությունը` «հավասար են Նիկոլ Փաշինյանին» բանաձեւը շատ «դյուրին» ձեւ է դարձել «փակելու» այն բոլոր հարցերը, որոնք հայ ժողովրդի մոտ կարող են ծագել եւ արդարացիորեն ծագում են Ռուսաստանի ներկայիս իշխանությունների գործողությունների նկատմամբ:

Ապրիլի 24-ին ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանի եւ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի ուղեկցությամբ: Նրանք ծաղիկներ են դրել անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել են Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը: Այնուհետեւ շրջել են Հայոց ցեղասպանության թանգարանում, ՌԴ փոխարտգործնախարարը գրառում է կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում` խուսափելով «ցեղասպանություն» բառից:

Պաշտոնական Մոսկվայի կողմից` այսքանը:

Իսկ ՌԴ նախագահ Պուտինը երեկ գերադասեց լռություն պահպանել:

Ինչո՞ւ… Որովհետեւ Հայաստանի իշխանությունները 2020թ. նոյեմբերի 9-ի «եռակողմ պայմանավորվածությունները» չեն կատարում, որոնց հիմքով` Բաքուն, Մոսկվան եւ Անկարան Հայաստանից «միջանցք» են պահանջում, դժգոհ են, որ  խաղաղության պայմանագիր դեռեւս չի ստորագրել, եւ որ ապաշրջափված չեն տրանսպորտային հաղորդակցությունները, որոնց մասին գրեթե ամենշաբաթյա ռեժիմով Մոսկվան հիշեցնում է: Ի դեպ, երեկ` ապրիլի 24-ին, Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացի վերաբերյալ, որում նույն պահանջներն է կրկին ներկայացրել:

Մյուս կողմից` ի՞նչ էր փոխելու, եթե Պուտինը ապրիլի 24-ին ցավակցեր հայ ժողովրդին ու մի ստանդարտ տեքստով հանդես գար… Ոչինչ: 2015 թվականին, երբ Հայաստանը Հայոց Ցեղասպանության հիշատակը ըստ արժանվույն էր սգում, ՌԴ նախագահ Պուտինը եւս Ծիծեռնակաբերդում էր, անգամ 5 րոպեանոց ելույթ ունեցավ, սակայն «Հայոց Ցեղասպանություն» բառակապակցությունը չարտաբերեց:

Վերհիշենք նրա ելույթի այդ հատվածը. «1915 թվականի իրադարձությունները ցնցեցին ողջ աշխարհը, իսկ Ռուսաստանում ընկալվեցին որպես անձնական ողբերգություն… Մենք մեր զորակցությունն ենք հայտնում մարդկության պատմության մեջ տեղի ունեցած ամենածանր ողբերգություններից մեկը վերապրած հայ ժողովրդին: Մեկուկես միլիոն խաղաղ մարդիկ սպանվել էին, խոշտանգվել, իսկ վեց հարյուր հազարից ավելի մարդ՝ վտարվել սեփական տներից եւ ենթարկվել զանգվածային բռնաճնշումների: Մենք անկեղծորեն վշտակցում ենք հայ ժողովրդին, որին բաժին է ընկել մարդկության պատմության ամենասարսափելի ողբերգություններից մեկը»: Այնուհետեւ Ռուսաստանի նախագահը անցում կատարեց մարդկության նկատմամբ հանցագործությունների իրավական գնահատականի սահմանման հարցում ռուսական ջանքերի թեմային, նշելով. «Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Սազոնովի նախաձեռնությամբ Ռուսաստանը, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան, եւ Ֆրանսիայի նախագահը քիչ առաջ հիշատակեց այդ մասին, համատեղ հայտարարությամբ տեղի ունեցածը ուղղակիորեն կոչեցին մարդկության եւ քաղաքակրթության դեմ գործված հանցագործություն»: Այս ելույթը, թեեւ հայ ժողովրդի հետ սգալու մասին հստակ ձեւակերպված տեքստ էր, այնուամենայնիվ, այդ օրերին շատերի ուշադրությունից չվրիպեց, որ իր ելույթում Վլադիմիր Պուտինը 1915 թվականի դեպքերը «իրադարձություններ» որակեց, խուսափեց «Հայոց ցեղասպանություն» ձեւակերպումից եւ ուղղակիորեն չհիշատակեց օսմանյան իշխանությանը` որպես հանցագործությունների կազմակերպիչ:

Ավելորդ է նաեւ նշել, որ ապրիլի 24-ին Հայաստանը նաեւ ՀԱՊԿ-ական դաշնակիցներից չստացավ ցավակցական հեռագրեր:

«Զարմանալի» զուգադիպությամբ Պուտինի հետ միասին այս տարի ապրիլի 24-ին լռություն պահպանեց նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը, որը վերջին տարիներին ցավակցական նամակներ էր հղում Պոլսո հայոց պատրիարքին, արձանագրելով «ընդհանուր ցավի» մասին: Հիշեցնենք, որ նա նշում էր, թե` «Արեւելյան Անատոլիայում հայերը մահացել են, քանի որ նրանց մի մասը կանգնել են ներխուժած ռուսների կողքին եւ ապստամբել օսմանյան զորքերի դեմ», եւ որ «հայերի վերաբնակեցումները հանգեցրել են բազմաթիվ զոհերի, որոնց ավելացել են զանգվածային սպանությունները երկու կողմերի զինվորականների եւ աշխարհազորայինների կողմից»: Էրդողանն իր ցավակցական տեքստերում չէր մոռանում ընդգծել նաեւ, որ դեմ է «ցեղասպանություն» եզրի կիրառմանը, եւ այդ «իրադարձությունները» համարում է ողբերգություն, «որում երկու կողմերն էլ կորուստներ են ունեցել»:

Նկատենք, որ Էրդողանի լռությունը նաեւ պատասխան է Հայաստանի իշխանություններին, որոնք փետրվարին Թուրքիայում ավերիչ երկրաշարժից հետո որոշ ժեստերից հետո հույսեր են փայփայում, թե Անկարայում կգնահատեն Հայաստանի պետության կողմից քայլերը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930