Լրահոս
Օրվա լրահոսը

Թույլ չտանք, որ «ժանգոտվի» ողնաշարը․ ռեաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանը՝ սկոլիոզի, ճողվածքների և ողնաշարի այլ խնդիրների մասին

Ապրիլ 25,2023 09:31

Կինեզիոթերապևտ, ռեաբիլիտոլոգ Արամ Նալբանդյանի հետ զրուցել ենք կեցվածքի շեղումների, ողնաշարի ճողվածքների բուժման առանձնահատկությունների և գոտկային ցավերի մասին։

Որո՞նք են ողնաշարի հետ կապված առավել տարածված խնդիրները երեխաների ու մեծահասակների շրջանում։

Ողնաշարը մեր օրգանիզմի, և նաև այո, մեր կյանքի սյունն է, որի հանդեպ դրսևորած հոգատարությունը միանշանակորեն դրական է անդրադառնում մեր կյանքի որակի վրա։

Ողնաշարի հետ կապված խնդիրներն այսօր շատ արդիական են և անհանգստացնում են թե՛ մեծահասակներին, թե՛ փոքրերին։ Տարածված են հատկապես կեցվածքի շեղումները, որոնք լինում են բնածին և ձեռքբերովի։ Բնածին շեղումների դեպքում բուժումը մի փոքր ավելի բարդ է և նայած թե ինչքան խորն է վիճակը՝ վիրահատական կամ թերապևտիկ լուծում է պահանջում։

Երեխաների մոտ կեցվածքի ձեռքբերովի շեղումները հիմնականում առաջանում են այսօրվա նստակյաց կյանքի, համացանցից օգտվելու հաճախականության, դպրոցական պայուսակները սխալ կրելու, նստելու սխալ դիրքի, ֆիզիկական վարժությունների պակասի պատճառով։

Դպրոցահասակ երեխաների մոտ շատ են հանդիպում ողնաշարի այնպիսի շեղումներ, ինչպիսիք են կիֆոզը՝ կուզը, և սկոլիոզը՝ ողնաշարի աջ կամ ձախ թեքվածությունը, որը լինում է S-աձև, պարանոցային, կրծքային, գոտկային և խառը տեսակի։

Սկոլիոզը հիմնականում առաջանում է 6-8 տարեկանից սկսած և սկզբում կարող է աննկատ լինել։ Շատ դեպքերում պոլիկլինիկաներում կամ այլ բժշկի մոտ այցելության ժամանակ է հայտնաբերվում խնդիրը։

Երբեմն էլ 14-15 տարեկան դեռահասներին բերում են հետազոտության, և ծնողն ասում է, որ նոր են նկատել կեցվածքի փոփոխությունը, սակայն դա չի նշանակում, որ խնդիրը նոր է առաջացել, ընդհակառակը՝ արդեն բավականին խորացել է։

Ողնաշարի խնդիրները անուշադրության մատնել չի կարելի, քանի որ, օրինակ, սկոլիոզի վտանգը ոչ այնքան արտաքին տեսքն է, որքան հետագա առողջական խնդիրները, որոնք կարող են զարգանալ։ Ողնաշարի թեքվածության, կիֆոզի դեպքում փոքրանում է թոքերի տարածքը, առաջանում են սիրտ-անոթային համակարգի խնդիրներ, ներքին օրգանների ձևափոխություններ, ողնաշարից դուրս են գալիս նյարդավորումներ դեպի բոլոր օրգանները՝ առաջացնելով մարսողական խնդիրներից մինչև ծննդաբերության հետ կապված բարդություններ ու հակացուցումներ։

Ողնաշարի այս շեղումների բուժումն իրականացվում է երկու տարբերակով․ խորը, 4-րդ աստիճանի թեքվածության դեպքում վիրահատական միջամտության կարիք է լինում, թեև մինչև 16 տարեկան երեխաները հիմնականում չեն վիրահատվում, իսկ առաջինից-երրորդ աստիճանի դեպքերում՝ ոչ վիրահատական բուժում է կիրառվում։

Բուժման հիմնական ի՞նչ մեթոդներ են կիրառվում և որքանո՞վ է հավանական ողնաշարի ուղղումը։

Կեցվածքի շեղումների, սկոլիոզի բուժման բարենպաստ ելքը կախված է տարիքից, սկոլիոզի աստիճանից, սեռից, առկա խրոնիկ այլ խնդիրներից։ Այս դեպքում բուժման ժամանակ գերխնդիրը ոչ թե ուղղելն է, այլ գործընթացի խորացումը կանգնեցնելը, ողերի ռոտացիան՝ այսինքն՝ ինքն իր առանցքի շուրջ պտտվելն ու հետագա դեֆորմացիաները կանխելը։ Բուժման ժամանակ դեպքեր են լինում, երբ նշանակվում է կորսետ (սեղմիրան), բայց հիմնականում կիրառվում են թերապևտիկ այնպիսի միջոցներ, ինչպիսիք են բուժական ֆիզկուլտուրան, մանուալ թերապիան, բուժական մերսումները, հազվադեպ իրականացվում է դեղորայքային թերապիա, եթե կա ցավային ախտանշան։ Այսպիսով հիմնականում բուժման գերնպատակն է, որ Կոբբի անկյունը չխորանա։

Օրինակ՝ 11 տարեկան երեխան ունի սկոլիոզ, որի անկյունը, ենթադրենք, 42 աստիճան է, եթե նա նորմալ բուժում ստանա, մեկ տարի անց նրա մոտ Կոբբի անկյունը կարող է փոխվել 43 կամ 44 աստիճանի, իսկ չբուժվելու դեպքում այն, ամենայն հավանականությամբ, կլիներ 47 կամ 48 աստիճան։

Ինչ վերաբերում է մեծահասակներին, ապա հաճախ ենք այսպիսի հարցեր լսում նրանցից, օրինակ՝ 65 տարեկան եմ և ունեմ սկոլիոզ, կարո՞ղ եմ բուժվել։ Սակայն եթե մինչև 16 տարեկանը ողնաշարը, պատկերավոր ասած, նման է փափուկ երկաթի, որն ինչ-որ չափով կարելի է շտկել, ապա դրանից հետո այն ոսկրանում է, և այլևս չենք կարող լիովին վերացնել խնդիրը՝ բերելով այնպիսի աստիճանի, որը կարող էր լինել 4-5 տարեկանում։ Այնպես որ ավելի մեծ տարիքում հիմնականում աշխատում ենք ախտանշանների վերացման, չխորացման ուղղությամբ։

Ինչպե՞ս կանխարգելել կեցվածքի շեղումները։

Կեցվածքի շեղումների կանխարգելումը պետք է սկսվի վաղ տարիքից և ծնողի ուշադրությունից, թե ինչպես է երեխան կրում պայուսակը, ինչպես է նստում և այլն։ Դպրոցական պայուսակը պետք է կրել երկու ուսին, հնարավորինս թեթևացնել դրա պարունակությունը՝ ավելորդ ծանրաբեռնվածությունից խուսափելու համար։ Դպրոցական սեղանի շուրջ, ինչպես և տանը՝ դասերը պատրաստելիս երեխան պետք է նստի ճիշտ դիրքով, 6-7 տարեկանից սկսած՝ զբաղվի որևէ մարզաձևով։ Ես կառանձնացնեի հատկապես լողը, որը կանխարգելիչ շատ լավ միջոց է։

Եթե մարդը երկար ժամանակ ստիպված է նստած դիրքով անցկացնել, ապա խորհուրդ է տրվում գոնե ժամը մեկ վեր կենալ, 5 րոպե քայլել, թեթև վարժություններ կատարել, իսկ երեկոյան մարզվել կամ ֆիզիկական ակտիվություն պահպանել, որպեսզի ունենա արյան շրջանառության հավասարաչափ բաշխում, և ողնաշարը «չժանգոտվի»։

Սննդակարգը նույնպես իր դերն ունի և կարող է ազդել մի քանի ուղղությամբ․ եթե սխալ եղավ, ապա, ամենայն հավանականությամբ, կառաջացնի ճարպակալում, ինչը մեծ ծանրաբեռնվածություն է ողնաշարի համար, եթե հարուստ եղավ, ասենք, գազավորված ըմպելիքներով, ապա դրանք թույլ չեն տա, որ կալցիումը նորմալ յուրացվի՝ կրկին ազդելով ողնաշարի վրա։ Իհարկե, մեծ դեր ունեն նաև վիտամին D-ն, կալցիումը և այլ հանքանյութերը, ինչպես նաև օրվա ռեժիմը, թե երբ է քնում ու արթնանում մարդը, պահո՞ւմ է արդյոք քնի ութժամյա ռեժիմը, թե ոչ։ Ողնաշարի վրա ազդում են նաև հորմոնալ անհավասարակշռությունը, վահանաձև գեղձի խնդիրները և այլն։

Ճողվածքներ․ այսօր որքանո՞վ է տարածված ողնաշարի այս խնդիրը

Ճողվածքները միշտ էլ եղել են, ուղղակի հիմա ավելի շատ են հետազոտությունները, որոնք թույլ են տալիս լայնորեն ախտորոշել խնդիրը։ Իսկ նախկինում շատ էին կիրառվում ավանդական միջոցները, ասենք՝ մեկը մեկին խորհուրդ էին տալիս բրդյա շալ կապել, տաք պահել և այլն։ Սակայն մեր օրերում իսկապես ճողվածքների դեպքերն ավելացել են, քանի որ փոխվել է մարդկանց կենսակերպը․ մարդիկ հիմնականում նստակյաց կյանք են վարում՝ կատարելով գրասենյակային աշխատանք, ֆիզիկական վարժություններին ու ակտիվությանն ավելի քիչ ժամանակ են տրամադրում։ Իսկ նստակյաց դիրքը համարվում է շատ ծանր դիրք, քանի որ այդ դեպքում ողնաշարը չի շարժվում, արյան շրջանառության կուտակում է տեղի ունենում, խաթարվում է նորմալ սնուցումն ու առաջանում են ճողվածքներ։

Ճողվածքն, ըստ էության, օստեոխոնդրոզի բարդացման հետևանք է, թեև նշեմ, որ օստեոխոնդրոզը Խորհրդային Միությունից եկած տերմին է, և այս դեպքում ասում են ողի կամ աճառային սկավառակի դեֆորմացիա կամ դեգեներատիվ փոփոխություն։

Ողնաշարի ճողվածքն էլ իր աստիճաններն ունի՝ պրոտրուզիա, էքստրուզիա, ճողվածք և սեկվեստորային ճողվածք, որը միջողային սկավառակի ամբողջականության խախտման ամենածանր աստիճանն է, որի դեպքում սկավառակի միջուկի նյութը դուրս է մղվում և ամբողջությամբ անջատվում սկավառակից։

Ինչ վերաբերում է ճողվածքի բուժմանը, ապա ապացուցողական բժշկությունը երկու տարբերակ է առաջարկում՝ վիրահատական և ոչ վիրահատական՝ կախված ճողվածքի աստիճանից, պացիենտի ախտանշաններից, առողջական վիճակից և այլն։

Օրինակ, եթե ունենում ենք գոտկա-սրբանային հատվածի ճողվածք՝ իշիասով, այսինքն՝ նստանյարդի բորբոքումով, որը հիմա շատ տարածված է, տեսնում ենք ոտքի ատրոֆիա, մկանների հյուծվածություն, ինչը խոսում է սնուցման խանգարման մասին, կա թուլություն և ՄՌՏ հետազոտությունը հաստատում է նյարդի վրա նստած ճողվածքի առկայությունը, այդ դեպքում գնում ենք վիրահատության։

Եթե կան ուղղակի ցավային խնդիրներ, ապա փորձում ենք բուժումն իրականացնել թերապևտիկ միջոցներով՝ ստանալով բավականին լավ արդյունք։ Թերապևտիկ միջոցները ներառում են կինեզիոթերապիան, վերականգնողական բուժումը, բուժական մերսումները, հատուկ դեղանյութերի կիրառմամբ էլեկտրոֆորեզը, որոնք թույլ են տալիս ճողվածքը հնարավորինս փոքրացնել և բացազատել նյարդը։

Գոտկային հատվածի դժվար ախտորոշում ունեցող ցավերը որքանո՞վ են կապված ողնաշարի հետ։

Գոտկային ցավերի պատճառները շատ տարբեր են, և հաճախ են մեզ դիմում պացիենտներ, որոնք, ունենալով գոտկային ցավեր, կարծում են, թե ողնաշարի հետ կապված խնդիրներ ունեն, սակայն հետազոտություններով պարզվում է, որ կան, օրինակ, երիկամային, աղիների հետ կապված խնդիրներ, որոնք ցավեր են առաջացնում այդ հատվածում։

Գոտկային հատվածի խնդիրները, որոնք կապված են ողնաշարի հետ, հիմնականում ի հայտ են գալիս առավոտյան՝ հուշելով, որ անգամ գիշերվա հանգստից հետո ողնաշարի խնդիրները չեն հարթվել։ Սա, իհարկե, դոգմատիկ պնդում չէ, բայց հիմնականում այդպես է։

Վերջում ավելացնեմ, որ ողնաշարի հետ կապված սրացումները հիմնականում լինում են գարուն-աշուն ամիսներին, և 4 օրից ավելի տևող ողնաշարի ցավն արդեն բժշկին դիմելու ցուցում է։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Լուսանկարները՝ Արամ Նալբանդյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930