Վերջերս Ֆեյսբուքում այսպիսի մի «սպառնալից» գրառում կարդացի. «Անխուսափելի իշխանափոխությունից հետո Հայաստանում ոչ մի ՔՊ-ական չպիտի մնա»: Այսինքն, դարձյալ նախատեսվում է «վեթինգ», «լյուստրացիա», «վհուկների որս»:
Իշխանափոխություն, այո, վաղ թե ուշ տեղի կունենա: Ոչինչ այս աշխարհում հավերժ չէ: Բայց, եթե իշխանափոխությունն անխուսափելի է, ապա դա չի նշանակում, որ նույնքան անխուսափելի են մեր հասարակական կյանքում էական փոփոխությունները:
Այդ առիթով թույլ տվեք հիշեցնել այն իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում հինգ տարի առաջ: «Բոլոր ՀՀԿ-ականները թալանչի են»՝ այդպիսին էր հեղափոխություն իրականացրած ներկայիս իշխանությունների կարգախոսը: Երբ որպես սուբյեկտ է հանդես գալիս որեւէ խումբ (քաղաքական, ազգային, ցեղային, գենդերային, սոցիալական), եւ այդ ամբողջ խմբին վերագրվում է որոշակի բացասական հատկանիշ, այսինքն, խոսվում է «բոլոր»-ի մասին, դա անթույլատրելի կարծրատիպ է, որի հաջորդ քայլը ատելության խոսքն է: Այն ՀՀԿ-ականները, որոնք թալանում էին, բնականաբար, փողոցներով չեն քայլում եւ խանութ չեն մտնում: Իսկ նրանք, ովքեր չեն թալանել, հինգ տարի առաջ փողոցներում եւ խանութներում ենթարկվում էին հոգեբանական տեռորի: Բարեբախտաբար, ժամանակի հետ այդ հեղափոխական բնազդները թուլացել են:
Ի՞նչ է, հիմա նույնն է առաջարկվում: Եթե այդպես լինի՝ դա կնշանակի, որ եկող իշխանությունը ՔՊ-ից ոչնչով չի տարբերվի: Եվ արտաքին ու ներքին քաղաքականության մեջ նույնատիպ սխալներ է թույլ տալու՝ դարձյալ արդարանալով «նոր նախկինների» սխալներով եւ հանցագործություններով:
Կարդացեք նաև
Խնդիրը, հետեւաբար, ոչ թե ՀՀԿ-ն է կամ ՔՊ-ն, այլ հասարակության մեջ ագրեսիվության մակարդակն իջեցնելը: Ինչի՞ համար է դա պետք: Ի վերջո՝ արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար: Հայաստանի խորհրդարանում ազգային խնդիրների քննարկման, թույլ տվեք ասել, լակոտական մակարդակը, որը թելադրվում է նախեւառաջ վարչապետի կողմից, թուլացնում է մեր երկիրը: Նախկիններից վրեժ լուծելու շրջանակներում բանակի սպաներին հետապնդելը մեզ թուլացնում է: Եկեղեցու, մտավորականության հետ կոնֆլիկտի մեջ մտնելը թուլացնում է:
Մի՞թե իշխանափոխությունից հետո մտադիր ենք նույն ձեւով շարունակել:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Իհարկե ճիշտ չէ բոլորին պատժելը։ Սակայն անհրաժեշտ է ստեղծել իրավական արգելք հակահայկական և պրոթուրքական գաղափարներով մարդկանց իշխանության գալու համար։ Բառերի հետևից ընկնել պետք չի, սակայն՝ այո, իշխանափոխությունից հետո արմատախիլ պետք է արվի ՆԻԿՈԼԻԶՄԸ, իհարկե կրթելու, բացատրելու և իրավապահ համակարգի ՃԻՇՏ և ՕՐԻՆԱԿԱՆ աշխատանքի շնորհիվ
Հարգելի Սահակ Հակոբյան, շնորհակալություն՝ իմ համառոտ արտահայտությունը ճիշտ շեշտադրումներով մանրամասնելու համար:
Ճիշդ է, որ պէտք է անպայման վերջ դնել ներքին վրէժխնդրութեան cycle-ին:
Սակայն այն յատուկ բաղդատականը, որու վրայ կ’ուզէ հիմնուիլ ներազգային հաշտութեան – ինքնին իմաստուն եւ ողջունելի – պատգամը… տարօրինակ է:
Այսինքն, այս վարչակարգին եւ նախորդներին գործած աւերները՝ նո՞յնն են…
Այժմ հակափաշինյանական դարձած – կամ դառնալ փորձող – շատ մը հայերի խնդիրն էլ՝ այս paradox-ն է: Որ իսկապէս յոյս չի ներշնչեր, ապագային նկատմամբ: Քանզի կը նշանակէ որ ամէն մարդ կը ջանայ տակաւին արդարացնել իր մասնակցութիւնը – կամ չէզոքութիւնը, կրաւորականութիւնը – այն գործընթացին նկատմամբ, որու յանգումը՝ հիմնական ու անմիջական պատճառը հանդիսացաւ յաջորդող Աղէտին: Մինչ, ոչ միայն հեշտօրէն նախատեսելի էր այդ «յեղափոխութեան» այս հետեւանքը, այլ այդ ուղղութեամբ ահազանգներ հնչեցին, այդ հաւաքական եւ հրճուագին ինքնասպանութեան ընթացքին:
Ուրեմն, պիտի համարենք որ այդ նախկին «թալանը»-մալանը, հաւասար են՝ Արցախի կորուստին, կրակի մէջ՝ հազարաւոր կեանքերի անհետացման, թուրքերի ներխուժումին Հայաստանի տարածք… Համայն Հայութեան աննախադէպ – եւ անդառնալի – խորտակումին, «Մեծ Եղեռն»ից ի վեր…
Ի դէպ, ՀՀԿականները պարզապէս չեն հաշտւում այն իրողութեան հետ, որ այս դժոխածին վարչակարգը յաջողեցաւ գոյանալ, իրենց Շեֆի թուլութեան եւ տկարութեան պատճառով: Իրենց այդ վրէժխնդրութեան կոչերը, ձեւ մըն են մեզ մոռցնել տալու – կամ իրենց ենթագիտակցութեան մէջ թաղել փորձելու – իրենց նախնական, ճակատագրական այդ ահաւոր սխալը:
Մ. Հայդուկ Շամլեան