Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մամիջանյան. «Հայաստանն ու Արցախը կկարողանան անցնել այս ամենի միջով։ Դա մեր արյան մեջ է»

Ապրիլ 24,2023 23:40

ԵԽԽՎ լիագումար նիստի արձանագրության մեջ ներառված ելույթիս հայերեն թարգմանությունը.

«Ելույթս կսկսեմ մի պատմությամբ։ Ես դպրոցական էի, երբ առաջին անգամ կարդացի հայ ազգային հերոս, փիլիսոփա Գարեգին Նժդեհի այս խոսքերը՝ «Ուժն է ծնում իրավունք»։ Շատ տարիներ անց, երբ ես դարձա Հանրապետական կուսակցության անդամ, որի գաղափարախոսությունը ներշնչված է Նժդեհի փիլիսոփայությամբ, ինքս ինձ մտածում էի, որ վերը նշված միտքն արդեն ակտուալ չէ, քանի որ մեր օրերում գոյություն ունեն միջազգային կազմակերպություններ, միջազգային իրավունք ասվածը և այսպես շարունակ։ Ես վստահ էի, որ այդ ինստիտուտներն ավելի քան բավարար են փոքր ազգերի իրավունքները պաշտպանելու համար։ Ավաղ, ես չարաչար միամտաբար սխալվում էի: Այսօր՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես ևս մեկ անգամ գիտակցեցի, որ ոչինչ չի փոխվել։

Երեկ Ադրբեջանի իշխանությունները սկսեցին Լաչինի միջանցքի մոտ ապօրինի անցակետի տեղադրման գործընթացը։ 120.000 մարդ 4 ամիս է, ինչ շրջափակման մեջ է, կան միջազգային համաձայնագրեր, Արդարադատության միջազգային դատարանի որոշում, միջազգային մի շարք կառույցների կողմից արված հայտարարություններ, բայց չկա արդյունք։ Ադրբեջանը՝ Թուրքիայի աջակցությամբ, պարզվում է կարող են արհամարհել մարդու հիմնարար իրավունքները, միջազգային իրավունքները, անտեսել միջազգային հանրության պահանջը։ Ի՞նչ իմաստ ունեն այդ դեպքում մեր ելույթները և հայտարարությունները։ Տալի՞ս են արդյոք դրանք որևէ օգուտ։

Ոչինչ չի փոխվել 1915 թվականից ի վեր։ Արյունոտ յաթաղանին եկել են փոխարինելու Բայրաքթարները, Համիդիե խմբերը վերածվել են այսպես կոչված «էկո ակտիվիստների», բայց էությունն է մնացել նույնը. Եվրոպայում այս պահին տեղի են ունենում էթնիկ զտումներ, և բոլոր նրանք, ովքեր պատասխանատու են դրա համար, նստած են այս դահլիճում՝ քրիստոնեա-դեմոկրատական արժեքների խորանի մոտ։

Վստահ եմ, որ Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչները հանդես կգան իմ ասածը ժխտող ելույթներով։ Ես գերազանց հասկանում եմ, որ մեր փոխադարձ մեղադրանքները մեր հարգարժան գործընկերների համար աղմուկի պես մի բան են դարձել, բայց վտանգված են մարդկային կյանքեր։ Դուք ցանկանո՞ւմ եք, որ ես լուռ նստեմ, աշխարհի այլ հատվածում մահերը սգամ ՝ նայելով, թե ինչպես են սպանում իմ ժողովրդին ու ստիպում լքել իրենց հայրենիքը կամ գերեվարում ու խոշտանգում Բաքվի բանտերում։

Ես կասկած չունեմ, որ Հայաստանն ու Արցախը կկարողանան անցնել այս ամենի միջով։ Դա մեր արյան մեջ է։ Մենք պայքարով ենք ստացել ու պահպանել այն ամենը ինչ ունենք։ Բայց մենք և պատմությունն ինքնին կհիշենք ոչ միայն նրանց, ովքեր կողք-կողքի մեզ հետ պայքարում էին, այլ նաև նրանց, ովքեր այս ծանր ժամանակներում նախընտրեցին մնալ լուռ։

Ես անշնորհակալ չեմ. մենք իրապես գնահատում ենք բոլոր հայտարարությունները, սակայն ծայրահեղ դժվար է այդ թղթերով պաշտպանել անմեղ հայրենակիցներին կրակոցներից և հրետակոծություններից։ Գիտեք, հերոս լինելը կամ պատմություն կերտելը բավական դյուրին է։ Պարզապես պետք է ճիշտ վարվել՝ կանգնել ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի և թույլ տալ նրանց իրացնել իրենց ինքնորոշման իրավունքը։ Խոսելու ժամանակը սպառվել է, ժամանակն է գործելու»:

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930