Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է ապրիլի 21-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենայի վարորդի և վիրավորների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է Porsche Cayenne-ն վարել է Հրազդան քաղաքի բնակիչ, 41-ամյա Արտակ Զորոյանը: Վթարի հետևանքով Ա. Զորոյանն ու նրա ուղևորուհի, Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Հասմիկ Զորոյանը՝ ով Ա. Զորոյանի դուստրն է, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, իսկ մյուս ուղևորուհիներ՝ Հրազդան քաղաքի բնակիչներ 61-ամյա Դուխիկ Գասպարյանն ու 37-ամյա Գայանե Թամրազյանը տեղում մահացել են:
Մահացածներից մեկի դին մեծ դժվարությամբ մոտ 350 մ խորությամբ ձորակից դուրս են բերել փրկարարները, պարեկներն ու քաղաքացիները:
Գ. Շամշյանի տեղեկություններով մահացածներից մեկը Ա. Զորոյանի մայրն է, մյուսն էլ կինը: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հատնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ապրիլի 21-ին խոշոր ու ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։20-ի սահմաններում Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 26 կմ հատվածում, Չայնիի ոլորանների սկզբնամասում, դեպի Երևան ընթանալիս, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, և մոտ 350 մետր մի քանի պտույտ շրջվելով, հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել էր, ում դին հայտնաբերվել էր ավտոմեքենայից դուրս՝ ձորում՝ մոտ 100 մ հեռավորության վրա։ Իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Աբովյան» բժշկական կենտրոն։
3 վիրավորներին ավտոմեքենայից դուրս հայտնաբերել էին քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային Ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արտակ Ասատրյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի, վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Արմեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: