Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժողովրդավար բռնապետեր» Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Իլհամ Ալիեւը, ադրբեջանցի պատմաբան Զարդուշտ Ալիզադեն ու ես

Ապրիլ 24,2023 22:15

Կարդացի Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի հոդվածը՝ «ՄԻ ԱՆԳԱՄ ՍՏԱՄԲՈՒԼՈՒՄ»: Մի դրվագ էլ ես հիշեցի 2014-ի այդ բավական հետաքրքիր քննարկումից:

Ադրբեջանցի պատմաբան, հասարակական գործիչ Զարդուշտ Ալիզադեն քննարկումների մի դրվագում բավական ակտիվ քննադատում էր Հայաստանի ղեկավարներին՝ մեղադրելով նրանց կոռուպցիայի, թալանի, ժողովրդին հարստահարելու եւ բռնապետ լինելու մեջ: Ձեռքի հետ էլ իր երկրի ղեկավար Իլհամ Ալիեւին էլ էր նույնատիպ մեղադրանքներ ներկայացնում: Ադրբեջանցի գործչի թիրախում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ու նրանց շրջապատն էին:

Պարոն Ալիզադեն բավական ոգեւորությամբ էր քննադատում Հայաստանի նախկին ու գործող նախագահներին ու այնպիսի առանձնակի հոգատարությամբ էր խոսում նրանց «ձեռքը կրակն ընկած», «նրանցից զզված ու հիասթափված խեղճ» հայ ժողովրդի մասին, որ հուզվել կարելի էր: Հուզվեցի: Որոշեցի հուզմունքս արտահայտել ու մի փոքր դիտարկում անել պարոն Ալիզադեի խոսքի վերաբերյալ: Բայց մինչ այդ մի կարեւոր դրվագ այդ քննարկումների մասին:

Եռօրյա քննարկման առաջին օրից մինչեւ վերջին օրը ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչները բոլորը միասին, ապա՝ առանձին-առանձին, նախ՝ քննարկման հայաստանյան կազմակերպիչ Ստեփան Գրիգորյանին, ապա ինձ, մի քանի անգամ խնդրեցին, որ քննարկումը չլուսաբանվի, որ իրենց արտահայտած որեւէ միտք չհրապարակվի: Իմ բազմակի հավաստիացումները, որ մինչ գալս էլ զգուշացված եմ եղել, որ քննարկումը փակ է, լուսաբանման ենթակա չէ ու չեմ պատրաստվում խախտել պայմանավորվածությունը, ակնհայտորեն հավաստի չէին թվում կամ էլ ադրբեջանցի պատվիրակներն էին շատ վախեցած, քանի որ այդ զրույցը համառորեն չէր ավարտվում: Ես նրանց առաջարկեցի՝ առանձին հարցազրույցներ անել, ինչին, բնականաբար, դրական արձագանք չստացա, ինքս էլ չպնդեցի՝ մարդկանց անհարմար վիճակի մեջ չդնելու համար:

Վերադառնանք Զարդուշտ Ալիզադեի պատասխանին: Այս փոքրիկ միջադեպ-նախաբանը պատմեցի ու ասացի, որ այդ խոսակցությունները շատ մտորելու տեղիք պետք է տան հենց ադրբեջանցիներին ու հայ ժողովրդի համար այդքան մտահոգ պարոն Ալիզադեին: Ապա ասացի՝ հենց հիմա, ես հրավիրում եմ ադրբեջանական պատվիրակության բոլոր անդամներին Երեւան, ասացի, որ պատրաստ եմ նրանց հետ շրջել իմ երկրի մայրաքաղաքում, ծանոթացնել նրանց մեր քաղաքին, բացօթյա սրճարանում և սուրճ խմել նրանց հետ, քանի որ երաշխավորում եմ նրանց անվտանգությունն իմ պետությունում ու իմ մայրաքաղաքում: Նաեւ հետաքրքրվեցի՝ իսկ ադրբեջանական պատվիրակության որեւէ անդամ ինձ կհրավիրի՞ Բաքու:

Արձագանք չեղավ: Նաեւ ասացի, որ ինքս բազմիցս ու տարբեր հարցերով քննադատում եմ իմ երկրի ղեկավարներին, նրանց վարած քաղաքականությունը, բայց այն իրողությունը, որ իմ երկրում կարող են երաշխավորել որեւէ ադրբեջանցու անվտանգություն, իսկ իրենց երկրում հայինը՝ ոչ, ավելի շատ բան է ասում իմ ու իրենց երկրի բնույթի, իմ երկրի իշխանության ու իրենց երկրի՝ հորից իշխանությունը ժառանգած ղեկավարի բնույթի մասին: Զարդուշտ Ալիզադեն ժպտաց՝ ասելով՝ ուզում եք ասել, որ ձեր բռնապետերն ավելի ժողովրդավար են, քան մե՞ր: Ես էլ ժպտացի՝ ասելով՝ ակնհայտ բաներն ապացուցման կարիք չունեն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Լավ կլիներ կարդալ պարոն Ալիզադեի քննադատությունը՝ իր երկրում հայատյացության պետական քաղաքականության մասին:

Հ.ԳԳ. Լուսանկարը՝ Նելլի Գրիգորյանի արխիվից` այդ օրերի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930