«Այս մատյանի արժեքն այն է, որ ստեղծված է միջնադարյան ձեռագրաստեղծման ավանդույթներով, հատուկ ձեռքով գրված է մագաղաթի վրա: Ինչպես Մատենադարանի բոլոր ձեռագրերն են ձեռքով գրված, այնպես էլ այս մատյանը, եւ իհարկե ձեռքով են արված նկարազարդումները: Հատուկ ուզում եմ ընդգծել, որ այս տարի նկարազարդումը կատարել են Մատենադարանում գործող «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիայի երեխաները»,-լրագրողների հետ զրույցում նշեց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մաթեւոսյանը՝ խոսելով Մատենադարանում հատուկ ցուցադրության ներկայացված «Մատյան մարդասիրաց» մատյանից, որն ամփոփում է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության տարեգրությունը՝ ներկայացնելով «Ավրորայի» հերոսների եւ դափնեկիրների պատմությունն ու գործունեությունը:
Նա հավելեց, որ «Ծաղկելու արվեստ» մանրանկարչական ստուդիան գործում է Մաշտոց հիմնադրամի հովանու ներքո, եւ 2022 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիր Ջամիլա Աֆղանիին նվիրված տիտղոսաթերթի վրա աշխատել է 11 երեխա՝ բնականաբար ,ծանոթանալով հերոսի պատմությանն ու գործին:
«Կարող ենք ասել, որ մեր օրերում ստեղծվում է ձեռագիր մատյան՝ միջնադարյան ավանդույթների շարունակությամբ, ձեռագիրը պահվում է Մատենադարանի ձեռագրապահոցում, որտեղ նաեւ մեր մյուս ձեռագրերն են եւ մեկ ամիս ցուցադրվում է սրահում»,- հավելեց Մատենադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
Կարդացեք նաև
Նրա ձեւակերպմամբ, երեխաների մասնակցությամբ մարդասիրության վավերագրումը ձեռագիր մատյանում հիանալի հնարավորություն է ապագա սերնդին ներգրավելու մշակութային ժառանգության պահպանման, ավանդույթների փոխանցման գործում եւ մարդասիրական արժեքներին ծանոթացնելու առումով:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ղեկավար Արման Ջիլավյանի խոսքով, «Ավրորան» նպատակ ունի Հայաստանը, հայկական մշակույթը ճիշտ եւ լավագույնս ներկայացնել աշխարհին եւ դրա առանցքային կետն է Մատենադարանը, մյուս կողմից էլ «Ավրորայի» հերոսների պատմությունները աշխարհին պատմելու ծիսակարգ ստեղծելու կարիք կար, որը համապատասխաներ եւ «Ավրորայի» էությանը, եւ հայկական ավանդույթներին, ճիշտ ընկալվեր մեր պատմության, ներկայի ու ապագայի տեսանկյունից: Արդյունքում՝ Մատենադարանի հետ համագործակցությամբ ստեղծվեց «Մատյան մարդասիրացը», որը տարին մեկ կամ մի քանի անգամ հատուկ կերպով ներկայացվում է Մատենադարանում: Եվ այդ հատուկ օրը, նրա խոսքով, ապրիլի 24-ն է:
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության գեղարվեստական խորհրդի նախագահ Մարինե Ալեսի խոսքով, Մաշտոցյան Մատենադարանի ոգեղեն միջավայրում ստեղծվող եզակի ձեռագրի պատկերազարդումը պատանիներին վստահելը մեծ խորհուրդ ունի,որովհետեւ ցեղասպանություն վերապրած Ավրորա Մարդիգանյանը հենց այդ երեխաների տարեկիցն էր: Նա «Մատյան մարդասիրացը որակեց յուրօրինակ կամուրջ՝ հին ու նոր սերունդների եւ ժամանակների միջեւ:
Հավելենք, որ «Մատյան մարդասիրաց» ձեռագիրը Մատենադարանի Արցախի ձեռագրերի սրահում կցուցադրվի ապրիլի 24-ից մինչեւ մայիսի 20-ը: Այն մեկշաբաթյա հատուկ ցուցադրության կդրվի նաեւ աշնանը, երբ ձեռագրի վերջին էջում կներկայացվի Ավրորա Մարդիգանյանին նվիրված հուշակոթող-քանդակը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները տրամադրել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը