Լրահոս
Օրվա լրահոսը

«Որտե՞ղ է մեր դեսպանը։ Իհարկե, նրան հրահանգված է այստեղ չգալ». Արա Աբրահամյան

Ապրիլ 24,2023 20:22

Ռուսաստանում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը ներկա չէր Մոսկվայի «Պրեզիդենտ» հյուրանոցում «Ռուսաստանի հայերի միության» կազմակերպած համաժողովին, որը կրում էր «Հայոց Եղեռնը՝ հիշողություն և նախազգուշացում» խորագիրը։ Ներկա չէր ոչ միայն պարոն դեսպանը, այլ նաև դեսպանատան աշխատակազմից որևէ մեկը։ Ասել է թե, «Ռուսաստանի հայերի միությունը», ներկա պահին, որպես ռուսահայ համայնքը ներկայացնող ամենամասշտաբային կառույց, երկխոսության սուբյեկտ չի հանդիսանում ՀՀ կառավարության համար։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք հրավեր ուղարկվել է ՀՀ դեսպանին, ՌՀՄ փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը պատասխանեց, որ, այո, ուղարկվել է։ Դեսպանատնից զանգել են, հետաքրքրվել, թե ովքե՞ր են ներկա լինելու միջոցառմանը, սակայն, այդպես էլ դրական պատասխան չեն տվել հրավերին։

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը, համաժողովի բացման իր խոսքում դիմելով ներկաներին՝ հարց հնչեցրեց, թե որտե՞ղ է մեր դեսպանը և պատասխանեց ինքն իր հարցին ՝ իհարկե, նրան հրահանգված է այստեղ չգալ։

Ըստ Աբրահամյանի, մենք անթույլատրելի ուղղությամբ ենք ընթանում, քանզի Եղեռնը շարունակվում է և հայերը ամբողջ աշխարհում պետք է մի պահ սեղմեն կանգառի կոճակը, մոռանան հավակնությունները, ատելությունը միմյանց նկատմամբ ու հայտարարեն՝ ահա այս հարցի շուրջ մենք միասնական ենք։

Աբրահամյանը մտահոգություն հայտնեց նաև, թե այս օրերին արժեզրկում են Հայոց եկեղեցին ու դրանից հետո այդ նույն մարդիկ դեռ հիշատակում են Աստծուն։

«Եկեղեցին մեր հավատն է։ Առանց Եկեղեցու անհնար է։ Մենք՝ հայերս, որ առաջինն ենք ընդունել Քրիստոնեությունը, այսօր այդ կերպ իմիջիայլոց ենք խոսում Եկեղեցու մասին։ Սփյուռքը։ Նույն ցաքուցրիվ վիճակն է։ Եվրոպայում, Ռուսաստանում ամեն մեկն իր ճամփով է։ «Ռուսաստանի հայերի միությունը» փորձում է ինչ-որ բաներ անել։ Մենք նախատեսել ենք երկու խոշոր միջոցառում։ Մայիսի 7-8-ին նախաատեսված է Կրասնոդարի երկրամասում, որտեղ քննարկելու ենք ճանապարհային քարտեզ։ Եթե մենք դա հիմա չանենք, ուրեմն մեզ ներում չի լինելու։

Ես ուզում եմ դիմել հայկական վերնախավին։ Եթե դուք գիտեք, թե ի՞նչ է պետք անել, հրավիրեք նաև մեզ։ Կնստենք կլոր սեղանի շուրջ բոլորով ու կխոսենք։ Կարո՞ղ ենք մենք, գոնե մեկ հարցի շուրջ՝ մի կողմ թողնելով մեր ամբիցիաները, խռովությունները, նեղ շահերը համախմբվել ու կայացնել որոշումներ։  Մենք այսօր չունենք ղեկավարություն։

Չկա մեկը, որ կկարողանա ղեկավարել Հայաստանի Հանրապետությունը և մենք, կարծես համաձայն ենք, որ մեզ ոչնչացնեն։ Ու մենք լռում ենք։ Որտե՞ղ է մեր դեսպանը։ Իհարկե, նրան հրահանգված է այստեղ չգալ։ Ես շատ ափսոսում եմ։ Մենք այդչափ զոհ ենք տվել այս երեսուն տարվա ընթացքում Արցախում։ Նրանց հոգիները հանգստություն չեն գտնում։ Իսկ մենք հանգիստ նստած շարունակում ենք ինչ-որ բաներ ասել, խոսել»։

Ա․ Աբրահամյանը փաստեց նաև, որ օրվա համաժողովի նպատակը այն չէ, որպեսզի պատմվի, թե ինչ է կատարվել հայերի հետ մեկ դար առաջ։ Ըստ նրա, այդ մասին շատ է խոսվել։ Այդ մասին շատ է գրվել ու հրատարակվել։ Համաժողովի նպատակը հարցին պատասխանելն է՝ իսկ ի՞նչ է լինելու մեզ հետ առաջիկայում, ի՞նչպիսի մեխանիզմ է պետք գտնել, որպեսզի այդ ողբերգությունը այլևս չկրկնվի։

«Սովետական ժամանակներում, մենք ունեինք հավատ ու վստահություն, որ այն չի կրկնվելու։ Սակայն, ժամանակակից պատմությունը ցույց է տալիս, և դեռ սովետական ժամանակահատվածից, որ դա այնքան էլ այդպես չէ։ Մենք չենք մոռացել, թե ինչ կատարվեց Ադրբեջանում։ Բաքվի ջարդերը։ Սումգայիթ։ Դա, նույնպես, ցեղասպանություն էր։ Այսօր ես չեմ խոսելու վհատության մասին։ Մենք՝ հայերս վհատված չենք։ Մենք ունենք բավարար քաջություն, սակայն, ցավալի է, որ այս հարթակից, ես նման հայտարարություն եմ անելու, բայց իրողությունը հետևյալն՝ մեր այսօրվա վիճակի հարցում մեզանից բացի ոչ ոք մեղավոր չէ»,- եզրահանգեց պարոն Աբրահամյանը։

Նաիրա Բաղդասարյան

Մոսկվա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել