Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելն ավելի է վատթարացնելու իրավիճակը և չի նպաստելու վստահության կառուցմանն ու լարվածության նվազեցմանը»․ ԵԽ գլխավոր քարտուղար

Ապրիլ 24,2023 19:30

«Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետ տեղադրելն ինքնին հարց է առաջացնում, թե ինչպես է այդ միջանցքով ազատ տեղաշարժն ապահովվելու։ Դա, վստահաբար, ավելի է վատթարացնելու իրավիճակը այդ տարածքում և չի օգնելու վստահության կառուցմանն ու լարվածության նվազեցմանը»,- Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գարնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում հայտարարեց ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու փաստին։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ԵԽԽՎ-ն որոշեց հրատապ բանավեճ կազմակերպել ոչ թե Լաչինի հարցով, այլ Մոլդովայի թեմայով, ուստի ԵԽ գլխավոր քարտուղարի հետ հարցուպատասխանի ժամանակ ԵԽԽՎ պատվիրակ Ֆրանկ Շվաբեն ԵԽ քարտուղարին հիշեցրեց՝ Վեհաժողովն այսօր որոշեց՝ ոչ թե Լաչինի միջանցքի հարցով է կազմակերպվելու հրատապ ընթացակարգով քննարկում, այլ Մոլդովայի, քանի որ հունիսի նստաշրջանի ընթացքում Լաչինի միջանցքի հարցով զեկույց է լինելու։ Այնուհետև հարցրեց՝ ուզում եմ Ձեր կարծիքն իմանալ այս հարցով՝ ինչպե՞ս կարող ենք մենք կանխարգելել հումանիտար ճգնաժամը տարածաշրջանում։

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը, հիշեցնելով նախկինում իր կողմից արված հայտարարություններն, ասաց․ «Ես դեկտեմբերին իմ կարծիքը հստակ արտահայտել եմ, երբ սկզբում շրջափակվեց Լաչինի միջանցքը։ Ես կարող եմ վերահաստատել այն։ Կոչ եմ անում վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով։ Մենք նաև ունեն դատարանի որոշում այս պահանջով։ Այնպես որ, ես կարող եմ ասել, որ պետք է Լաչինի միջանցքը բացվի, քանի որ դա արդեն հումանիտար ճգնաժամ է առաջացել։ Իսկ երբ այն այժմ ամբողջովին փակված է, դա արդեն երևակայությունից վեր է, թե ինչպիսի իրավիճակում են այն մարդիկ ապրում, որոնք այդ տարածքում եմ»։

ԵԽ գլխավոր քարտուղարը կոչով դիմեց Ադրբեջանին ու Հայաստանին։ Նա մասնավորապես հայտարարեց․ «Երկու կողմերը վերջին շրջանում հանդիպում են, ամենաբարձր մակարդակով բանակցում։ Երկու երկրներն էլ հանձնառություն են ստանձնել աշխատել տարածաշրջանում խաղաղության համար։ Երկու կողմերին ուզում եմ հիշեցնել այն խոստումը, որը տվել են՝ աշխատել խաղաղության համար»։

Մարիա Պեյչինովիչ Բուրիչը կարևորեց Լաչինի միջանցք մուտքի հարցը ու հայտարարեց․ «Հասկանալու համար, թե ինչ է այնտեղ կատարվում, պետք է ապահովվի մուտքի հնարավորություն մեր կառույցների համար, օրինակ՝ այնտեղ այցելի ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը։ Մինչև այժմ ԵԽ կառույցները հնարավորություն չեն ունեցել այցելել այդ տարածք․ հույս ունեմ , որ այս իրավիճակը կփոխվի։ Մեր կողմից այդ տարածք մուտքի հնարավորությունը միակ ճանապարհն է, որ կարողանանք այս հարցով ունենալ ազդեցություն և հստակ գնահատենք իրավիճակը»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930