Նախկինում երբևէ դեպք չի արձանագրվել, երբ մինչև նախագահի այցը խոնարհված ծաղիկները հեռացվեն կամ անվտանգության աշխատակիցների կողմից ստուգվեն, այն էլ մետաղորսիչով: Այսպիսի նույնաբովանդակ պատասխան տվեցին Aravot.am-ին նախկին նախագահների անվտանգության ծառայության մոտ կանգնած աղբյուրները՝ չցանկանալով բացահայտվել, երբ հարցրեցինք, թե Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երբևէ եղել է դեպք, երբ երկրի ղեկավարի այցից առաջ, մետաղորսիչով ստուգվեն Ծիծեռնակաբերդի խոնարհված ծաղիկները:
Որպես խոսքի ապացույց նրանք հորդորեցին թերթել ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդ կատարած նախկին նախագահիների այցերի լուսանկարները, որտեղ ակնհայտ երևում է խոնարհված ծաղիկների առատությունը: «Գիշերով խոնարհած ծաղիկները մնում էին ամբողջ օրը, և մինչև նախագահի այցը նման քչփորումներ և ստուգումներ երբևէ չէին լինում»,-ասաց մեր աղբյուրը:
Նշենք, որ այսօր մամուլում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե, ինչպես է ՊՊԾ աշխատակիցը ստուգող սարքով շոշափում անմար կրակի մոտ խոնարհված ծաղիկները:
Կարդացեք նաև
Aravot.am-ը հարցը պարզաբանելու նպատակով դիմեց ԱԱԾ մամուլի կենտրոնի ղեկավար Սարգիս Գևորգյանին, նա հորդորեց գրավոր հարցում ուղարկել ՊՊԾ, քանի որ հարցը վերջինիս տիրույթում է: Անսալով հորդորին, մենք ուղարկել ենք գրավոր հարցումը, որով խնդրել ենք պատասխանել, թե ինչու՞ է ՊՊԾ աշխատակիցը ստուգող սարքով շոշափել անմար կրակի մոտ խոնարհված ծաղիկները, ինչու՞ է անվտանգության նման աննախադեպ միջոցներ կիրառվել Խնդրել ենք նաև տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե արդյո՞ք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երբևէ եղել է նման դեպք, երբ երկրի ղեկավարի այցից առաջ, մետաղորսիչով ստուգվել են Ծիծեռնակաբերդի խոնարհված ծաղիկները:
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ