Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանին պետք է զինել»․ համոզված են ֆրանսիացի պատգամավորները (ֆոտոշարք)

Ապրիլ 24,2023 18:16

Ֆրանսիայի Սենատում մեծամասնություն կազմող «Հանրապետականներ» խմբակցության նախագահ, Սենատում Լեռնային Ղարաբաղի հարցով խմբի հիմնադիր եւ նախագահ, Արեւելքի քրիստոնյաների հարցով կապի խմբի նախագահ  Բրունո Ռետայոյի գլխավորած 4 հոգանոց պատվիրակությունը նախօրեին Սյունիքում էր։

Տեղ համայնքում ֆրանսիացի սենատորներին դիմավորեց  մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն ու ներկայացրեց Արցախում, ինչպես նաեւ Տեղ համայնքում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները։ Ցեղասպանության զոհերի հիշատակման օրվա նախօրեին՝  Բրունո Ռետայոն հիշեցրեց, որ  2000թվականին, երբ Ֆրանսիայի նախագահը Ժակ Շիրակն էր, Ֆրանսիայի սենատն առաջինը ճանաչեց եւ դատապարտեց 1915 թվականին տեղի ունեցած հայերի ցեղասպանությունը։ «Մենք հայ ժողովրդի հետ հարգանքի տուրք ենք մատուցում  Ցեղասպանության զոհերի հիշատակին։ Խոսում ենք ապրիլի 24-ի մասին, որը պատմություն է, բայց կարծես այդ պատմությունը  դեռ չի ավարտվում։ Մենք այստեղ ենք, որպեսզի թույլ չտանք եւս մեկ անգամ  ցեղասպանությունը կրկնվի։ Մենք այստեղ ենք, որովհետեւ հասկանում ենք, որ այն, ինչ անում է Ադրբեջանը Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների դեմ, դա նույն ցեղասպան քաղաքականության շարունակությունն է։ Մենք պետք է անենք ամեն ինչ, որպեսզի դա չկրկնվի»,-ասաց Բրունո Ռետայոն։

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, խոսելով Ադրբեջանի ագրեսիայի մասին, մասնավորապես անդրադառնալով Արցախի շրջափակմանը, նշեց, որ 21-րդ դարում աշխարհը թույլ է տալիս դեպքեր, որ 108 տարի առաջ տեղի է ունեցել հայ ազգի հետ։ «Որովհետեւ ցեղասպանությունից  հետո այն դատապարտելը  իրականում միայն  մեկ նպատակ կարող էր ունենար՝ որ ցեղասպանությունը երբեք չպիտի կրկնվեր։ Բայց երբ այն կրկնվելու բնույթ է կրում, եւ երբ այսօր աշխարհը լուռ է, թե ինչ է կատարվում Արցախում, բնականաբար, դրան հաջորդելու են  ցեղասպանական գործողությունները ու դրանից հետո կարեւոր չի՝ մեղադրում են, չեն մեղադրում, որովհետեւ այն արդեն իրականացվել է»,-ասաց Ռոբերտ Ղուկասյանը։

Վերջինիս խոսքով՝ Տեղ համայնքի տարածքում ապրիլի 11-ին Ադրբեջանը սադրիչ գործողություններից հետո ներխուժեց Հայաստանի սուվերեն տարածք, եւ մարզպետը չի բացառում նոր սցենարներ, քանի աշխարհը լուռ է։ «Չնայած բոլոր մարտահրավերներին ու ստեղծված ծանր իրավիճակին, Սյունիքը միասնական է պայքարելու, ապրելու եւ զարգանալու համար։ Մենք բոլորս պայքարելու ենք մեր իրավունքների համար մինչեւ վերջ»,-նշեց Ղուկասյանը։

Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցն էլ ֆրանսիացիներին տեղեկացրեց, որ Հայաստանի սուվերեն տարածքի ներխուժումը չի ազդել համայնքի առօրյա կյանքի վրա, բայց եւ՝ բոլոր միջազգային կառույցներին խնդրեց ամեն ինչ անելու, որպեսզի հակառակորդը հեռանա Հայասատնի տարածքից եւ բացի Բերձորի միջանցքը։  «Տեղ համայնքի ժողովուրդը պինդ ու ամուր կանգնած է իր հողում, ապրում են իրենց տանը, ոչ մեկը չի լքել համայնքը, արարելու են այստեղ ու մեռնելու են այստեղ, իրենց գերեզմանն այստեղ է»,-ասաց համայնքի ղեկավարը։

Բրունո Ռետայոյի դիտարկմամբ՝ Ֆրանսիան պատրաստ պիտի լինի Հայաստանին տրամադրել անհրաժեշտ միջոցներ իր ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար։  Նրա խոսքով՝ Ֆրանսիա վերադառնալուն պես, կփորձենք Ֆրանսիայի նախագահի ու կառավարության մակարդակով ազդեցություն ունենալ, որպեսզի պատժամիջոցներ կիրառեն Ադրբեջանի դեմ։

«Մենք չենք հասկանում, թե ինչու կարելի է զանազանել Ռուսաստանի եւ Ուկրաինայի իրավիճակը, որտեղ պատժամիջոցներ են կիրառվում Ռուսաստանի դեմ, որը ոտնձգություններ է կատարել Ուկրաինայի ինքնիշխան տարածքի նկատմամբ, նույն պատժամիջոցները այսօր չեն կիրառվում Ադրբեջանի նկատմամբ»,-նշեց ֆրանսիացի սենատորը։

Ֆրանսիացի սենատորներն առաջարկոմ են Հայաստանում տեղակայել  խաղաղապահ միջանցիկ զորքեր, քանի որ  Ադրբեջանը հասկանում է միայն ուժի լեզուն։  «Ադրբեջանը պետք է հասկանա, որ այստեղ իր դեմ լինելու է ուժային դիմադրություն, միայն այդ պարագայում հնարավոր կլինի երկարաժամկետ խաղաղություն հաստատել Հայաստանում եւ Արցախում»,-համոզված են  Սենատի պատգամավորները։

«Այո, Եվրոպայի դիտորդական առաքելությունը լավ է, բայց բավարար չէ։ Մենք պետք է հիմա ամեն ինչ անենք, որպեսզի թույլ տանք Հայաստանին զինված պաշտպանել իր սահմանները։ Հայաստանը պետք է լինի զինված»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Ֆրանսիայի սենատի հայ-ֆրանսիական բարեկամական խմբի նախագահ  Ժիլբեր Լյուկ Դըվինազը։

Ֆրանսիացի սենատորները հանդիպումից հետո տեղեկացան, որ Ադրբեջանը փակել է Հայաստանը Կոռնիձոր գյուղից Արցախին կապող նոր մայրուղու Հակարի գետի կամուրջը։ Ֆրանսիայի սենատի անդամները հանդիպեցին նաեւ Սյունիքում դիտորդական առաքելություն իրականացնող Եվրամիության պատվիրակների հետ։

Նշենք․ որ այսօր՝ ապրիլի 24-ին ֆրանսիացի սենատորներին ընդունել են  Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ  Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930