Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Հիշում եմ՝ երբ Ջարդի ձորում  հուշարձան էին  կառուցում, հողը փորելիս՝ մարդկանց խեղված մարմիններ էին հայտնաբերել»․ 83-ամյա Միշա Զաքարյան (տեսանյութ)

Ապրիլ 24,2023 17:38

Շիրակի մարզում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հարգեցին Սուրբ Աստվածածին Յոթ վերք եկեղեցում պատարագ մատուցելով, Բագրատունյաց պուրակում  գտնվող «Վերածնունդ» հուշակոթողի մոտ ծաղիկներ խոնարհելով, այնուհետ Հերհերի կամ որ նույնն է՝ Ջարդի ձոր  գնալով։

Ամեն տարի ապրիլի 24-ին թե՛ Շիրակի և թե՛ Լոռու մարզի բնակիչները շտապում են Ջաջուռի մոտ գտնվող այս ձորը, որտեղ, ըստ պատմական տվյալների, 1915-1918թթ. դաժանորեն սպանվել են Ալեքսանդրապոլի և Ղարաքիլիսայի շրջանի բնակիչները: Կանանց ու երեխաներին ժայռերից գլորել են ձորը, տղամարդկանց էլ ցած նետել՝ սրատելով:

Ձորում տեղադրված հուշարձանին շիրակցի պաշտոնյաներից բացի ծաղեկսպակներ խոնարհեցին Ռուսաստանի Դաշնության հյուպատոսարանի, 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչներն ու ռուս հոգևորականը։ Ի դեպ, նրանք մեծ թվով ներկայացուցչական կազմով էին եկել ու, չնայած հորդառատ, կարկտախառն անձրևին, բավական երկար ժամանակ չէին հեռանում Ջարդի ձորից։

Նկատենք, որ  այս տարվա  միջոցառումն անկազմակերպ էր, Ջարդի ձորում նույնիսկ հոգևոր երաժշտություն չէր հնչում։ Նախորդ տարիներին այս նույն ձորում մեծ թվով մարդիկ էին գալիս՝ թե անհատներ, թե՛  տարբեր կառույցների կոլեկտիվներ․ մեքենաներին կանգնելու տեղ չէր մնում, իսկ այս տարի մարդաշատ չէր։

Պատարագին մասնակցողների թիվը ևս մեծ չէ, օրինակ՝ Շիրակի մարզպետարանի անձնակազմը չկար։

Սպիտակի շրջանի Լեռնավան գյուղի բնակիչ, 85-ամյա Միշա Զաքարյանը, որը 12 երեխաների հայր է, ունի 36 թոռ ու 28 ծոռ, մեզ հետ զրույցում ասաց, որ ամեն տարի գալիս է Ջարդի ձոր, այստեղ իր պապի գերեզմանն է, նրան այս ձորից են գլորել։ Նա պատմեց, որ Ջարդի ձորում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը կառուցելու ժամանակ ինքը սովորում էր Գյումրիում ու լսել է, թե ինչպես հուշարձանի հիմքը փորելիս Ախուրյանցի տրակտորիստը  մարդկային մարմիններ է հանել։ Երբ մի շերտն է փորել, կանաչ է դուրս եկել, երկրորդ անգամ փորելիս՝ խեղված մարմիններն են դուրս եկել։

«Այդ օրվանից ուխտ ու պայման եմ արել միշտ գալ պապիս գերեզմանին, ես որ իմ պապի համար եմ եկել, ուրիշներն էլ՝ իրենց պապի», -ասաց մեր զրուցակիցը։

Տարեց տղամարդը պատմեց, թե ինչպես 1918 թվականին մայիսի 23-ին  Բասեն գավառում թուրքերը ներս են խուժել իր  հայրական տուն, տատիկը հաց թխելիս է եղել,  ջարդել  են նրա ոտքերն ու ձեռքերը, ու աչքի առաջ վառած թոնրի մեջ գցել ու այրել իր 3-ամյա հորեղբորը։ Թուրքերը հաշմանդամ են դարձրել  նաև իր հորը, որն այդ ժամանակ  եղել է  5 տարեկան։ Իր հորը ևս գցել են թոնիրը, ոտքերն են այրվել, սակայն կարողացել է դուրս գալ ու ճչալով փախչել։ Մազապուրծ փրկված  հայրն ամբողջ կյանքը տառապել է ոտքի այրվածքներից։ Վեց թուրքերը հրացանով խփել ու թափել են տատիկի աչքը։ Մեր զրուցակիցը հիշում է, որ տատիկն ամբողջ կյանքը մի աչքով մնաց՝ դաժան հիշողություններով։

«Հայրս մինչև 65 տարեկան ապրեց, ոտքերը կծկված, կաշի չկար ոտքերին, իսկ տատիկիս երկու ոտքն ու երկու ձեռքը ջարդած, մի աչքով ապրեց ողջ կյանքում»,-ցավով նշում է Միշա Զաքարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930