«Ցավոք, խնդիրը շատ լուրջ է։ Կարելի է ասել, որ սա 2020թ․ նոյեմբերի 10-ի հայտարարությունից հետո ամենալուրջ զարգացումն է Արցախի խնդրի համատեքստում՝ ավելին, քան Շուշիի մոտ կեղծ «բնապահպանների» ակցիաները եւ շրջափակումը։ Առաջնահերթ, սա քաղաքական մակարդակում լրջագույն մարտահրավեր է ՌԴ-ին»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է ռազմաքաղաքական հարցերի մեկնաբան Մհեր Հակոբյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 23-ին Ադրբեջանը ապօրինի անցակետի տեղադրմամբ փակել է Հայաստանը Կոռնիձոր գյուղից Արցախին կապող նոր մայրուղու Հակարի գետի կամուրջը, որը, շրջափակմամբ պայմանավորված, շահագործվում էր ռուս խաղաղապահների եւ ԿԽՄԿ առաքելության կողմից` հումանիտար նպատակներով։ Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարել է, որ Ադրբեջանի ապօրինի պահանջները քննարկման դնելու ցանկացած առաջարկ ծառայում է Բաքվի հանցավոր ծրագրերի խրախուսմանը։
Մհեր Հակոբյանը շեշտում է՝ սրանով հերթական անգամ պաշտոնական Բաքուն Ռուսաստանի հեղինակությունը գցեց ցեխի մեջ ու սկսեց տրորել․ «Դատելով Ալիեւի լկտիությունից՝ շանս չի լինի։ Երեւի կհորինեն ինչ-որ փոխզիջումային համաձայնություն անցակետի հետ կապված։ Սա նման է նրան, որ պարանը գցես մեկի վիզն ու աստիճանաբար խեղդես։ «Բնապահպաններին» փոխարինեց անցակետը, որը հետագայում ավելի խիստ ստուգումներ կանի, մի օր էլ կասեն՝ չեք մտնում ու դուրս չեք գալու։ Երկարաժամկետ հեռանկարում սա, ցավոք, օրինաչափ զարգացումն է ՀՀ-ի քաղաքականության, որը գործնականում ձեռքերը լվացել է Արցախի հիմնահարցից եւ ամեն ինչ թողել Ռուսաստանի վրա։ Եվ սա նաեւ Ռուսաստանի թուլության հետեւանքն է, եւ եթե աշխարհաքաղաքական լուրջ փոփոխություններ չլինեն, մեր վիճակը կայուն կվատանա։ Նկատի ունեմ, օրինակ, մայիսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները, որոնք գուցե պայմանական «սիրիական սցենարի» բերեն։ Բայց կասկածելի է՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրում նման բան կարվի՞։ Սա շատ լուրջ հարց է։ Կարծում եմ՝ առաջիկա ամիսներին Բաքուն կապահովի, որ անցակետով ՌԴ խաղաղապահ առաքելությունը ստանա իր համալրումները, բայց ընդհանուր առմամբ՝ մեր վիճակն անշեղորեն վատանում է»։
ՌԴ ԱԳՆ-ն, ի դեպ, այսօր հայտարարել է․ «Ապրիլի 23-ի զարգացումների համատեքստում հատուկ նշում ենք Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության հիմնարար դրույթների խախտմամբ ցանկացած միակողմանի քայլերի անընդունելիությունը։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերադառնալ առկա պայմանավորվածություններին։ Ելնում ենք նրանից, որ ամեն դեպքում տեղի բնակչությունը չպետք է տուժի։ Առկա շատ խնդիրներ հետեւանք են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիմնական ուղիների շուրջ բանակցային գործընթացում ամիսներ տեւած պարապուրդի եւ առաջընթացի բացակայության, ներառյալ՝ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկ եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ խաղաղության պայմանագրի դրույթների ներդաշնակեցում»։
Կարդացեք նաև
Մհեր Հակոբյանն այս հայտարարությունն անատամ է գնահատում եւ կարծում, որ այն հավասարության որոշակի նշան է դնում կողմերի միջեւ․ «Չկա գնահատական, որ Ադրբեջանը նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունները կոպտորեն խախտում է։ Դա փորձում են վերագրել բանակցային գործընթացում առաջընթաց չունենալուն, բայց չէ՞ որ բանակցային գործընթացը եւ նոյեմբերի 10-ի հայտարարությունները տարբեր իրողություններ են։ Իրենց մեղքը «սվաղում» են։ Ենթադրելի է սրանից, որ անցակետը կմնա իմ նշած փոխզիջումային տարբերակով։ Դա էլ է խնդիր, որովհետեւ հնարավոր է այդ անցակետում անձանց ձերբակալեն, չթողնեն բեռների մուտքը, արգելեն մարդկանց տեղաշարժը։ Կրկնում եմ, որ սա շատ լուրջ խնդիր է։ Թուրք-ադրբեջանական այս քաղաքականությունը մեզ միանգամից չի խեղդում, բայց երբ խեղդեն վերջնական, ոչ էլ կզգանք դա։ 2021թ․ ամռանը դեռեւս մարդիկ հանգիստ գնում-գալիս էին Լաչինի միջանցքով, բայց կատարվածը նախատեսված չէր նոյեմբերի 10-ի հայտարարությամբ։ Ռուսաստանը երաշխավորն է, բայց նրան բանի տեղ դնող չկա։ Եվ երբ երաշխավորին բանի տեղ չեն դնում, կողմերից ուժեղի համար գայթակղությունը մեծ է խնդիրն իր օգտին լուծելու։ Պաշտոնական Երեւանն էլ ծանր ատլետիկայի առաջնություն է կազմակերպում, հպարտանում կեղծ արժեքներով, Երեւանի կենտրոնի կեղծ փայլով, համարում, թե նման արժեքներով արդյունք է ստեղծում։ Ի՞նչ ասես․․․»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ