Ermenihaber. Թուրքիայում գործող «Կանաչ ձախ» կուսակցության Շիշլիի գրասենյակն ապրիլի 24-ին նվիրված հիշատակի միջոցառում է անցկացրել և հանդես եկել հայտարարությամբ։
«1915-ը չբավականացրեց։ Թրակիայի պոգրոմով, ունեցվածքի հարկով, 1955թ․ սեպտեմբերի 6-7-ի հարձակումներով զտման քաղաքականությունը շարունակվեց։ 2011թ․ ապրիլի 24-ին զինվորական ծառայություն կատարելիս սպանվեց Սևակ Բալըքչըն։ Մեր եղբայր Հրանտ Դինքին էլ մեր շարքերից խլեցին 2007թ․ կազմակերպված հանցագործությամբ»,- նշվել է հայտարարության մեջ։
Շեշտ է դրվում այն իրողության վրա, որ թշնամության, ատելության և կոտորածի վրա կառուցվող, ճշմարտությունից փախչող, իրենց անցյալի հետ առերեսումից վախեցող հասարակությունները չեն կարող քայլել դեպի լավ ապագա։
«Այս հողերը շատ են տուժել ռասիզմից։ Այսօր էլ շարունակում են տուժել։ Մինչ այսօր մի բուռ մնացած մի ժողովուրդ փորձում է ապացուցել, որ անցյալում միլիոններով է գոյություն ունեցել, մեկ այլ ժողովուրդ փորձում է ընդունել տալ, որ այսօր գոյություն ունի միլիոններով։ Մեր աղաղակները բախվում են նույն մոնիստական (մեկ նախահիմքով) մտածելակերպի պատին»։
Կարդացեք նաև
«Կանաչ ձախ» կուսակցությունը հայտնում է, որ հարգանքով է հիշում բոլոր նրանց, ովքեր կորցրել են իրենց կյանքը 1915-ին՝ կոչ անելով Թուրքիայի այսօրվա և վաղվա քաղաքական իշխանություններին քայլ անել դեպի իրական առերեսում։
Նշենք, որ «Կանաչ ձախ» կուսակցությունն (YSP) ունի ձախ գաղափարներ, ստեղծվել է 2012-ին։ Այս տարի խորհրդարանական ընտրություններին փակման վտանգի տակ գտնվող քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցությունը (HDP-ԺԴԿ) թեկնածուները մասնակցելու են «Կանաչ ձախ»-ի ցուցակներով։